Марта 28, 2024 | 12:40
Наука
Образование
Исследовательская работа
Республиканская научная конференция в ЕГУ. «Грабар как источник пополнения словарного запаса и создания терминологии современного армянского языка»
На факультете армянской филологии ЕГУ прошла республиканская конференция на тему «Грабар как источник пополнения словарного запаса и создания терминологии современного армянского языка». Целью конференции было раскрыть и оценить роль и значение грабара, представить изменения, произошедшие в лексике современного армянского языка.
Հանրապետական գիտաժողովն անցկացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորմամբ «Գրաբարը՝ որպես արդի հայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր» թեմայով կատարվող եռամյա գիտական հետազոտությունների շրջանակում: Հետազոտական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին և կավարտվեն 2024 թվականի հոկտեմբերին: Աշխատանքային խմբի ղեկավարն է բ.գ.դ., պրոֆեսոր Աննա Աբաջյանը, անդամներն են բ.գ.թ., դոցենտներ Նարինե Դիլբարյանը, Անահիտ Յուզբաշյանը, Սիրարփի Կարապետյանը:
Նրանք հանրապետության տարբեր գիտական հանդեսներում արդեն ունեն տպագրված ավելի քան 20 գիտական հոդված: Թեմայի շրջանակում աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրել են գրաբարի դերը 21-րդ դարում՝ արդի արևելահայերենի բառապաշարի, մասնավորապես տերմինաշինության հարստացման գործընթացում: Oտար բառերի և եզրույթների հայերեն տարբերակների մշակման դարավոր ավանդույթն արդյունավետ հիմք է նոր հասկացությունների հայերեն համարժեքների որոնման համար: Աշխատանքային խումբն ուսումնասիրում է գրաբարով ավանդված դասական և հետդասական շրջանի մատենագիտական ինքնուրույն և թարգմանական երկերի (մասնավորապես հունաբան և լատինաբան գործերի) բառապաշարը, գրաբարի բառարանները, որտեղ առկա է արդիական դառնալու մեծ ներուժ ունեցող բառային վիթխարի հարստություն:
Հանրապետական գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Արժևորելով Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովը՝ ԵՊՀ ռեկտորն ընդգծեց․ «Լեզուն «կենդանի օրգանիզմ» է։ Այն անընդհատ զարգանում է․ ստեղծվում են նոր բառեր, որոնք աստիճանաբար դառնում են առօրյա-գործածական։ Մենք պատասխանատու ենք մեր լեզվի անաղարտության համար, քանի որ անաղարտ լեզու ունենալն անչափ կարևոր է մեր ինքնության պահպանման գործում: Այս տեսանկյունից մեծ է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դերը մեր մայրենիի անաղարտության պահպանման, ինչպես նաև նոր սերնդի կրթության հարցում»:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը, շեշտելով լեզվի մաքրության կարևորությունը, ընդգծեց հայոց լեզվի կարևոր դերը մեր օրերում՝ մեջբերելով անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի խոսքերը. «Ես սովորել եմ հայերի լեզուն, որպեսզի հասկանամ՝ ինչ լեզվով են խոսում աստվածները, քանզի հայոց լեզուն աստվածների լեզուն է, և Հայաստանն աստվածների հայրենիքն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են»:
Դեկանը նշեց, որ գրաբարը մեր լեզվի արմատն է և ակունքը։ Գրաբարը մեզ՝ հայերիս, կապում է մեր հիշողության, պատմության հետ, հետևաբար՝ մենք պետք է սովորենք, իմանանք այն լեզուն, որն այդքան կարևորում և գնահատում են նույնիսկ օտարները:
«Բոլորիս համար առաջնահերթություն է լեզվի մաքրության հարցը։ Եվ այսօր Հայ բանասիրության ֆակուլտետում հավաքված է մտավորականության այն սերուցքը, որը ջանք չի խնայում մայրենի լեզվի պահպանման և կատարելագործման համար։ Գրեթե մեկ ամիս առաջ մենք այս նույն դահլիճում ունեցանք նախադեպը չունեցող իրադարձություն, երբ հանրապետության 7 մարզերից և Երևանից մոտ 170 աշակերտներ մասնակցեցին դպրոցներում գրաբարի մրցույթ-օլիմպիադային, որի արդյունքում մեկ տասնյակի հասնող անվանակարգերում մրցանակների արժանացան հաղթող դպրոցները և ուսուցիչները: Անչափ կարևոր է այն հանգամանքը, որ հանրապետության մասշտաբով մեծաթիվ ուսումնական հաստատություններում արդեն իսկ ուսումնասիրում են հին հայերենը»,- ասաց Ա. Գալստյանը:
ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Աննա Աբաջյանն ընդգծեց, որ արդի արևելահայերենի բառապաշարն անընդմեջ զարգանում է, և այդ զարգացման արագությունն ու ուղղությունները ամենից առաջ պայմանավորված են պետական լեզվի կարգավիճակով, գիտության առաջընթացով և լեզվակիր հանրույթի միջազգային շփումներով:
«Բառապաշարի հարստացումը տեղի է ունենում տարբեր մակարդակներով, տարբեր աղբյուրներից: Պետության և մասնագետների խնդիրն է կարգավորել բառապաշարի համալրման անհրաժեշտ գործընթացը, հնարավորինս կանոնակարգել այն՝ նվազեցնելով տարերայնությունը և անմիօրինակությունը, որոնք լեզվական համակարգի զարգացման խոչընդոտ են: «Գրաբարը` որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր» թեմայի արդիականությունը պայմանավորված է հենց այս հանգամանքներով: Դասական գիտություններին համընթաց՝ նորագույն գիտակարգերի, միջգիտակարգային ուղղությունների հախուռն ձևավորումը և զարգացումը լեզուն հեղեղում են մեծաքանակ օտար բառերով, որոնք հաճախ հակասում են հայերենի հնչյունական, արտասանական կանոններին, ուստի անհրաժեշտ է նոր հասկացությունների համար ընտրել կամ ստեղծել առավել հաջողված անվանումներ, դրանք դարձնել գիտական և հանրային հաղորդակցության հենք»,- նշեց Ա. Աբաջյանը։
Հանրապետական գիտաժողովի շրջանակում մասնագետները հանդես եկան բառապաշարի զարգացմանը, գրաբարի դերին և նշանակությանը նվիրված զեկուցումներով: Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն էլ ներկայացան գրաբարն արժևորող իրենց ելույթներով:
Հետազոտության վերջնարդյունքում կստեղծվի կոլեկտիվ մենագրություն։ Վերջինիս կից բառարան-շտեմարանում կհամակարգվեն գրաբարյան այն միավորները, որոնք արդի հայերենում դարձել են կենսունակ և առավելագույնս ամբողջական են արտահայտում նոր հասկացությունների բովանդակությունը։ Համակարգված բառերի շտեմարանը կլինի պահանջարկված նորույթ մասնագետների, ինչպես նաև պարզ հաղորդակցվողների համար՝ հնարավորություն ընձեռելով գտնելու որոնվող հասկացությունների հայերեն խրախուսելի համարժեքները։
Հավելենք, որ գիտաժողովին ներկա էին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Մատենադարանի, Հայաստանի տարբեր բուհերի և լեզվական կենտրոնների ներկայացուցիչներ, գիտաշխատողներ, հյուրեր։