Апреля 05, 2024 | 10:32
Партнеры
Мероприятия
В ЕГУ отметили Международный день геолога
В ЕГУ торжественно отметили Международный день геолога. В рамках мероприятия университет подписал меморандумы с Министерством территориального управления и инфраструктур РА и ведущими структурами в сфере геологии с целью развития научно-образовательной сферы и содействия укреплению связи университета с рынком труда.
Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Կարևորելով երկրաբանության ոլորտի զարգացումը՝ նա նշեց, որ համալսարանը տարբեր քայլեր է ձեռնարկում երկրաբանի մասնագիտության նկատմամբ հետաքրքրվածությունը մեծացնելու ուղղությամբ։
«Գաղտնիք չէ, որ մեր երկրի արդյունաբերության մեջ մեծ տեղ է զբաղեցնում հատկապես հանքարդյունաբերությունը։ Վերջին մի քանի տարիներին մենք սերտ կապեր ենք հաստատել ոլորտի տարբեր ընկերությունների հետ, և արդեն իսկ ունենք համագործակցության առաջին արդյունքները»,- ասաց ռեկտորը՝ հույս հայտնելով, որ այսօրինակ գործակցությունները կլինեն շարունակական։
Անդրադառնալով տարբեր կառույցների հետ ունեցած գործակցային կապերին՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց․ «Կան մի շարք ընկերություններ, որոնց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համալսարանին ժամանակակից սարք/սարքավորումներ տրամադրելու վերաբերյալ։ Բավական մեծ է նաև պետության ուշադրությունը գիտության նկատմամբ, ինչը նկատելի է գիտության ոլորտի ֆինանսավորման ակնհայտ աճից։ Օրինակ՝ միայն ԵՊՀ-ն մեծ թվով բավական թանկարժեք գիտական սարք/սարքավորումներ է ստացել, համալսարանում բարձրացել են աշխատակիցների աշխատավարձերը»։
ԵՊՀ ռեկտորը, անդրադառնալով Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի համագործակցությանը, կարևորեց երկու կառույցների համատեղ աշխատանքը ոլորտի որակյալ մասնագետներ պատրաստելու գործում։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն ընդգծեց, որ երկրաբանի փորձառությունն առանձնահատուկ դեր ունի ոչ միայն հանքարդյունաբերության զարգացման, այլև բնական ռեսուրսների կառավարման գործում։
«Երկրաբանները՝ որպես Երկրի ռեսուրսների կառավարիչներ, մեծ պատասխանատվություն ունեն էթիկայի նորմերին համապատասխանող հանքարդյունաբերական գործունեություն ապահովելու գործում՝ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը և խթանելով սոցիալական պատասխանատվությունը»,- ընդգծեց դեկանը։
Ս․ Քելյանը նշեց, որ միջազգային արդի չափանիշներով կահավորված լսարաններ ու լաբորատորիաներ ունեցող ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն ուսանողներին տալիս է ոչ միայն տեսական ու գործնական գիտելիքներ, այլև սեր ու նվիրվածություն երկրաբանի մասնագիտության հանդեպ։
Արժևորելով համագործակցությունը ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ՝ նա համոզմունք հայտնեց, որ միասին կշարունակեն ընդլայնել երկրաբանական հետազոտությունների սահմանները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, խոսելով երկրաբանի մասնագիտության պահանջարկից, ասաց, որ նոր չափանիշներով ճանապարհներ կառուցելու հարցը քննարկելիս բախվում են ռելիեֆի պատճառով նոր կամուրջներ և թունելներ կառուցելու խնդրին, երբ ձորակներն ու լեռները պետք է կա՛մ կամուրջ դառնան, կա՛մ թունել, որպեսզի համապատասխան թեքություններով ճանապարհներ ունենանք։
«Օրինակ՝ Քաջարանից Մեղրի տանող ճանապարհին թունելի կառուցման աշխատանքներում լրջագույն երկրաբանական աշխատանքներ կան կատարելու, իսկ Քաջարան-Սիսիան հատվածում առկա է 12 թունել․ այս հարցերը կարգավորելու համար ոլորտի մասնագետների ներգրավվածության մեծ պահանջարկ կա։ Մենք բախվում ենք մասնագիտական այնպիսի խնդիրների, ինչպիսիք են թունելները փորելու մեթոդների, կիրառվող սարքավորումների ընտրությունը, քանի որ երկրաբանական տարբեր շերտերի առկայության պարագայում կա նաև սարքավորումների ընտրության խնդիր»,- նշեց նա։
ՏԿԵ նախարարը վստահեցրեց, որ այսօր երկրաբանների պահանջարկը մեծ է՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ երկրի տնտեսության ակտիվացմանը զուգընթաց՝ տարբեր տնտեսվարողներից դիմումներ են ստացվում՝ երկրաբանական հետազոտություններ կատարելու, որոնց ժամանակ հնարավոր է նոր հանքավայրերի ի հայտ գալը։
Նախարարը, խոսելով հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից, հույս հայտնեց, որ ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում կիրագործվեն ռազմավարության կետերը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը երկրաբաններին ուղղված շնորհավորական խոսքում ընդգծեց, որ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի տվյալներով՝ երկրաբանի մասնագիտության նկատմամբ մի կողմից հետաքրքրության նվազում կա, բայց մյուս կողմից էլ երկրաբանի մասնագետի պահանջարկը գնալով աճում է։
«Վերջերս Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի հետ ենք հանդիպել և մի քանի ուղղություններով նրանից ստացել համագործակցության առաջարկներ, որոնց մի մասը վերաբերում է նախարարության ծրագրերում ֆակուլտետի մասնագետների ներգրավմանը»,- ասաց Հակոբ Սիմիդյանը։
Երկրաբանի օրվան նվիրված միջոցառման շրջանակում հուշագրեր կնքվեցին Երևանի պետական համալսարանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի միջև, Հայաստանի երկրաբանների միության և ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի միջև, ինչպես նաև Հայաստանի երկրաբանների միության և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միջև:
ԵՊՀ-ն և ՏԿԵՆ-ը կհամագործակցեն աշխարհագրության, երկրաբանության, բնապահպանության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Կկազմակերպվեն ՏԿԵՆ աշխատակիցների վերապատրաստման և որակավորման ծրագրեր, կանցկացվի ԵՊՀ ուսանողների մասնագիտական պրակտիկա ՏԿԵՆ-ում, իսկ ԵՊՀ-ում՝ մասնագիտական առարկաների համատեղ դասավանդում ՏԿԵՆ աշխատիկցների ներգրավմամբ, ինչպես նաև աջակցություն կտրամադրվի բուհի ուսանողներին և շրջանավարտներին ՏԿԵՆ-ում և ենթակա կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու նպատակով։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և Հայաստանի երկրաբանների միության միջև կնքված հուշագրի շրջանակում համատեղ կանցկացվեն գիտական քննարկումներ, դասընթացներ, սեմինարներ, աշխատաժողովներ, դաշտային պրակտիկաներ, ինչպես նաև գիտահետազոտական նախագծային աշխատանքներ լեռնամետալուրգիայի, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման, թափոնների կառավարման և հանքարդյունահանման ոլորտներում:
Հուշագրերի կնքման հիմնական նպատակն է Հայաստանի տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու, կարողությունների ձևավորման, համագործակցության ամրապնդման և ընդլայնման, երկրաբանության ոլորտում մասնագետների պատրաստման, ինչպես նաև հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին աջակցելու հարցում վերոհիշյալ կառույցների միասնաբար գործելու անհրաժեշտությունը։
Երկրաբանի օրվա կապակցությամբ ՏԿԵ նախարարը շնորհակալագրեր հանձեց ԵՊՀ և ԳԱԱ վաստակաշատ երկրաբաններին։
Միջոցառման շրջանակում հյուրերը նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի թանկարժեք քարերին, միներալներին, ապարներին, բնական շինանյութերի նմուշներին, որոնց մի մասը պատկանում էր ֆակուլտետին, իսկ մյուս մասը համալսարան էր բերվել ՀՀ ԳԱԱ-ից։
Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ և ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի երկրաբանների միության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարությունների և ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։