Апреля 15, 2024 | 12:39
Исследовательская работа
Публикации и научные журналы
Международное сотрудничество
«Ритуальный объект «Монстранция алтаря» типичен только для Армянской Церкви»: преподаватель ЕГУ Мариам Варданян
Преподаватель кафедры истории и теории армянского искусства исторического факультета ЕГУ Мариам Варданян изучала армянские и неармянские ритуальные предметы из коллекций Армянской епархии Румынии. В её статье, опубликованной в авторитетном международном журнале, представлены доказательства того, что ритуальный предмет «Монстранция алтаря» типичен только для Армянской церкви.
ԵՊՀ դասախոսի հեղինակած «Խորանի ճաճանչները հայոց եկեղեցու ծիսական առարկաներում (Ռումինիայի հայոց թեմի հավաքածուների օրինակով)» («Altar Radiances among Ritual Objects of Armenian Church (On the Example of the Collections of Armenian Diocese of Romania)») վերտառությամբ հոդվածը տպագրվել է 2023 թ․ «Արվեստի տեսության և պատմության արդի խնդիրները» միջազգային բարձր վարկանիշ ունեցող հանդեսում։ Նրա ուսումնասիրության տիրույթում են եղել ծիսական այնպիսի առարկաներ, ինչպիսիք են սկիհները, խորանախաչերը, ձեռաց խաչերը, մասանց պահարանները, աջերը, խորանի ճաճանչները, գրքերի արծաթյա կազմերը և այլ նմուշներ:
Ռումինիայի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության համար ձևավորվում է գիտական խումբ՝ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոսների ներգրավվածությամբ
Մարիամ Վարդանյանը պատմեց, որ սկզբնապես մասնագիտացել է հայկական արծաթագործության պատմության ուղղությամբ և ծիսական առարկաների ուսումնասիրությամբ չի հետաքրքրվել։
«Ավելի շատ հետաքրքրված էի աշխարհիկ առարկաներով, այդ թվում՝ զարդերով։ Ամեն ինչ փոխվեց 2012 թվականից, երբ մեր ամբիոնի վարիչ, իմ գիտական ղեկավար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի համատեղ ջանքերով սկսվեց Ռումինիայի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությունը»,- նշեց նա։
Ռումինիայի հայկական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով ձևավորվել է գիտական խումբ, որի կազմում Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոսներ են․ Մարիամ Վարդանյանը՝ որպես գեղարվեստական մետաղի նմուշների ուսումնասիրող, ընդգրկվել է այդ խմբում։
«Այս աշխատանքն էլ դարձավ վճռորոշ․ այդուհետ դադարեցրի աշխարհիկ առարկաների ուսումնասիրությունը՝ ընտրելով ծիսական առարկաները։ Տպագրված հոդվածներս դեռևս վերաբերում են Ռումինիայի հայոց թեմի հավաքածուների ծիսական առարկաներին։ Սա ունի մի քանի պատճառ․ հավաքածուն շատ բազմազան է և հարուստ եզակի օրինակներով։ Այստեղ ներկայացված են ոչ միայն հայկական, այլև ռումինական, ավստրո-հունգարական, լեհական, ռուսական և այլ օրինակներ»,- ընդգծեց Մարիամ Վարդանյանը։
Աշխարհի ցանկացած թանգարանում կամ մասնավոր հավաքածուում առկա խորանի ճաճանչներ առարկան հայկական ծագում ունի
Տարբեր երկրների ծիսական առարկաների ներկայացվածությունը հնարավորություն է ստեղծել Մարիամ Վարդանյանի համար առավել լայն ընդգրկումով կատարելու հետազոտությունը, ուսումնասիրելու նաև ոչ հայկական ծիսական առարկաները։ Խոսելով իր հետազոտությունից՝ նա փաստեց, որ այդ նմուշները նախկինում երբեք չեն ուսումնասիրվել, չեն հրապարակվել և չեն դրվել գիտական շրջանառության մեջ։ Հետևաբար՝ Մարիամ Վարդանյանի հոդվածները դրանց վերաբերյալ առաջինն են։
Ռումինիայի հայոց թեմի գեղարվեստական մետաղի հավաքածուն ուսումնասիրելիս Մարիամ Վարդանյանը եկել է այն եզրահանգման, որ առավել նպատակահարմար է առանձին-առանձին ներկայացնել ծիսական առարկաների բոլոր տեսակները՝ անդրադառնալով դրանց բնույթին, բնորոշ գեղարվեստական առանձնահատկություններին, ընդգծել հայկական ծիսական առարկաների տարբերությունները արևելյան և արևմտյան քրիստոնեական եկեղեցիների ծիսական առարկաներից։
«Խորանի ճաճանչները բացառիկ առարկաներ են։ Իմ հոդվածում համեմատությունների միջոցով ներկայացրել եմ դրանց յուրահատկությունը և ապացուցել, որ այս առարկաները բնորոշ են միայն Հայոց եկեղեցուն։ Եվ եթե աշխարհի որևէ թանգարանում կամ մասնավոր հավաքածուում կան անհայտ ծագմամբ նման առարկաներ, կամ առկա են այդօրինակ առարկաներ պատկերող՝ կրկին անհայտ լուսանկարներ, ապա այդ առարկաների «արմատները» պետք է փնտրել հայկական եկեղեցու ծիսական առարկաներում»,- մատնանշեց հետազոտողը։
Խորանի ճաճանչը Հայոց եկեղեցու Սուրբ սեղանը զարդարող ծիսական առարկաներից է, որը վկայում է Քրիստոսի աներևույթ գոյության մասին
Մարիամ Վարդանյանը, ներկայացնելով խորանի ճաճանչի նշանակությունը, ասաց, որ այն Հայոց եկեղեցու Սուրբ սեղանը զարդարող ծիսական առարկաներից է։
«Քրիստոնեական եկեղեցիների Սուրբ սեղանի կառուցվածքի և դրանց վրա դրվող առարկաների համեմատությունը ցույց է տվել, որ խորանի ճաճանչները ձևավորվել և հայկական եկեղեցում սկսել են օգտագործվել արևմտյան եկեղեցու ազդեցությամբ, ամենայն հավանականությամբ 17-րդ դարից հետո։ Առարկայի ստեղծման և դրա գեղարվեստական ձևավորման համար օրինակ է ծառայել արևմտյան մոնստրանսը»,- ընդգծեց նա։
Այս համատեքստում ԵՊՀ դասախոսը նշեց, որ ճաճանչը Սուրբ խորանում վկայում է Քրիստոսի աներևույթ գոյության մասին, իսկ Նոր Կտակարանում Քրիստոսը հաճախ է համեմատվում արեգակի հետ։
«Քրիստոնեական պատկերագրության մեջ արևը խորհրդանշում է հարությունը և անմահությունը, իսկ ճառագայթը կամ ճաճանչը՝ աստվածային զորության գիտակցումն ու կենտրոնացումը»,- հավելեց Մ․ Վարդանյանը։
Խորանի ճաճանչների ուսումնասիրության ժամանակ բացահայտվել են նաև ռումինահայ արծաթագործների և ոսկերիչների անուններ
Ռումինիայի հայոց թեմի հավաքածուներում առկա խորանի ճաճանչների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թեև նմուշները պատրաստվել են գրեթե նույն ժամանակաշրջանում, այնուամենայնիվ, դրանք ունեն տարբեր ձեռագրեր, կատարման տարբեր ոճեր՝ վկայելով այն մասին, որ դրանք պատրաստել են տարբեր վարպետներ։
«Թեև պարզ չէ՝ առարկան ստեղծել է հա՞յ, թե՞ ռումինացի վարպետ, սակայն անհերքելի է, որ բոլոր օրինակները պատրաստվել են հայ պատվիրատուների պատվերով, քանի որ ռումինական եկեղեցին նման առարկա չի օգտագործում»,- ասաց ԵՊՀ դասախոսը։
Ըստ Մարիամ Վարդանյանի՝ խորանի ճաճանչների ուսումնասիրության ժամանակ նաև բացահայտվել են ռումինահայ արծաթագործների ու ոսկերիչների անուններ։
«Նմուշներից մեկի վրա գրված էր տեղացի հայ արծաթագործ վարպետի անուն։ Առարկան պատրաստվել է Ռումինիայի Բոթոշան քաղաքում, իսկ արձանագրության մեջ նշված է՝ «ՇԻՆՎԵՑԱՎ ՁԵՌԱՄԲ ՊԸՀԽԼԸԵԱՆՑ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐԻՆ»։ Սա շատ կարևոր փաստ է, քանի որ ռումինահայ արծաթագործների կամ ոսկերիչների անուններ հայտնի չեն եղել, այլ միայն եղել են տեղեկություններ, որ համայնքում աշխատել են նաև ոսկերիչներ և արծաթագործներ։ Ռումինիայի հայոց թեմի հավաքածուների ուսումնասիրության շրջանակում կարողացանք բացահայտել երկու հայ վարպետների անուններ»,- շեշտեց Մ․ Վարդանյանը։
Ուսումնասիրությունների շրջանակում ԵՊՀ դասախոսն օգտվել է ինչպես հայկական, այնպես էլ օտար աղբյուրներից
Մարիամ Վարդանյանը, ներկայացնելով իր հետազոտությունների ընթացքը, նշեց, որ բավական երկար է աշխատում հոդվածների վրա՝ հնարավորինս ամբողջական ծանոթանալով տվյալ թեմային առնչվող գրականությանը։
«Ներկայում տարբեր հարթակների գոյությունը (օրինակ՝ academia.edu, Jstor և այլն) ինչպես հեշտացրել, այնպես էլ բարդացրել է ուսումնասիրության ընթացքը՝ դարձնելով այն առավել հետաքրքիր։ Տարբեր ուսումնասիրությունները, տարբեր կարծիքները, հարցադրումները հնարավորություն են տալիս թեմային նայելու տարբեր դիտանկյուններից՝ երբեմն ուշադրություն դարձնելով այնպիսի հարցերի, որոնց մասին երբեք չես մտածել»,- ասաց հետազոտողը։
Իր ուսումնասիրությունների շրջանակում նա օգտվել է ինչպես հայկական, այնպես էլ օտար աղբյուրներից։ Այս համատեքստում նա ընդգծեց, որ հայկական ծիսական առարկաներ չափազանց քիչ են ուսումնասիրված, և օգտագործված գրականության ցանկում հիմնականում գերիշխում են քրիստոնեական այլ եկեղեցիների ծիսական առարկաներին վերաբերող հետազոտությունները։
Ծիսական այլ առարկաների ուսումնասիրությունը շարունակվում է
ԵՊՀ դասախոսը ներկայում ընդգրկված է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի թեմատիկ դրամաշնորհով Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանի հավաքածուն ուսումնասիրող գիտական խմբում՝ կրկին ծիսական առարկաների հետազոտման համար։ Նրա ուսումնասիրության տիրույթում են նաև տապանակները:
Մարիամ Վարդանյանն ունի գիտական ամսագրերում և ժողովածուներում տպագրված 12 հոդված (ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս)․ ևս 4 հոդվածներ հանձնված են տպագրության։ Նա նաև հեղինակ է հանրագիտարանային 21 հոդվածների, որոնք զետեղված են գերմանական «Զաուերի արվեստագետների ընդհանուր բառարան. բոլոր ժամանակների և ժողովուրդների արվեստագետներ» («Saur Allgemeines Künstlerlexikon․ Die Bildenden Künstler aller Zeiten und Völker») հանրագիտարանում։ Այս հանրագիտարանն ունի բազմաթիվ հատորներ, որոնցում, կարելի է ասել, ընդգրկված են աշխարհի բոլոր արվեստագետները։ Հանրագիտարանը վերանվանվել է և ներկայում ունի «Դե Գրույթերի արվեստագետների ընդհանուր բառարան. բոլոր ժամանակների և ժողովուրդների արվեստագետներ» («De Gruyter Allgemeines Künstlerlexikon․ Die Bildenden Künstler aller Zeiten und Völker») անվանումը։