Апреля 22, 2024 | 11:03
Образование
Мероприятия
Культура
Франкофония, искусство Азнавура и ЕГУ. Состоялось мероприятие «Шарль Азнавур -100»
Его песни покорили сердца миллионов людей, сила его искусства стала для многих вехой в формировании системы ценностей, помогла познать и полюбить Армению и Францию, став уникальным мостом армяно-французской дружбы. В этом году будет отмечаться юбилей Шарля Азнавура. Мероприятия, посвященные 100-летию всемирно известного шансонье, стартовали с ЕГУ.
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը կազմակերպեց «Շառլ Ազնավուր-100» խորագրով թատերականացված համերգը։
Հայաստանն արդեն 15-րդ տարին է, ինչ դիտորդի կարգավիճակից անցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացիայի անդամի կարգավիճակի, որն արդյունք է հայ-ֆրանսիական քաղաքական, դիվանագիտական, մշակութային և գիտակրթական կապերի։
Երևանի պետական համալսարանում ֆրանսերենի դասավանդման ու ֆրանսիական մշակույթի տարածման ավանդույթներ կան ձևավորված։ Այդ ավանդույթների շարունակականության ու զարգացման գործում իր ուրույն տեղն ունի նաև աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Հայաստանի Ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, արվեստագետ, երաժիշտ, բանաստեղծ, դերասան, հասարակական գործիչ, բարերար Շառլ Ազնավուրի արվեստը։
Շառլ Ազնավուրը՝ բացառիկ հանճար
Շառլ Ազնավուրի արվեստը բուհի՝ որպես կրթական հաստատության համար առանձնահատուկ կարևորեց ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը։ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսերեն ուսումնասիրող ուսանողները Ազնավուրի արվեստի միջոցով հավելյալ հնարավորություն են ունենում խորքային ուսումնասիրելու լեզուն, ծանոթանալու և հաղորդակցվելու ֆրանսիական մշակույթին։ Միքայել Հովհաննիսյանն ընդգծեց, որ Շառլ Ազնավուրը բացառիկ կերպար է, որի հանճարը դրսևորվեց և՛ որպես հայրենասեր մարդ, և՛ որպես մեծ արվեստագետ։
«Այս երկու հանճարեղ դրսևորումներն էլ նրա հայրենակիցներին և նրա տաղանդի երկրպագուներին պարգևել են ինքնազարգացման բազմաթիվ հնարավորություններ։ Նմանօրինակ միջոցառումը ևս մեկ առիթ է՝ գնահատելու Ազնավուրի տաղանդը, արժևորելու նրա արվեստը և այդ արժևորմամբ ոգեշնչված առաջ գնալու»,- նշեց նա։
Հոբելյանական միջոցառումը ԵՊՀ-ում համախմբեց Ազնավուրի արվեստի երկրպագուներին, որոնց շարքերում էին ինչպես ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, այնպես էլ հրավիրվածներ «Ազնավուր» հիմնադրամից, դեսպանություններից և այլ կազմակերպություններից։
Պետք է միշտ գնալ երազանքի հետևից
«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրն ընդգծեց, որ հասարակությունը Շառլ Ազնավուրին ճանաչում է նրա արվեստով և մարդասիրությամբ։
Նա անչափ մեծ տեղ էր տալիս երիտասարդությանը և լեզուներ սովորելուն։ Ազնավուրը միշտ ձգտել է գնալ դեպի իր հանդիսատեսը և սովորել լեզուներ։ Նա կարծում էր, որ արտիստն իր հանդիսատեսի հետ պետք է խոսի նրա լեզվով, և պատահական չէ, որ նա երգում էր 8 լեզվով։ Նրա երգերը նաև շատերին մղեցին սիրելու և սովորելու ֆրանսերենը։ Քրիստինա Ազնավուրը մեծ արվեստագետի պատգամով հորդորեց երիտասարդներին լեզուներ սովորել և միշտ գնալ դեպի իրենց երազանքը։ Նա գոհունակություն հայտնեց նաև, որ ԵՊՀ-ում գործում է Շառլ Ազնավուրի անունը կրող մշակույթի կենտրոն։ Շառլ Ազնավուրն առանձնահատուկ սեր ու նվիրում էր տածում Հայաստանի ու իր արմատների հանդեպ։
Խոսելով Հայաստանի ու իր արմատների մասին՝ մի առիթով Ազնավուրն ասել է․ «Ես կարծում եմ, որ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Յուրաքանչյուրի կյանքն իր ձեռքերում է, իմ ճակատագիրն այդ ամենի ապացույցն է։ Բայց հարկավոր է առաջին հերթին ճիշտ դռների մոտենալ և կարողանալ բացել դրանք․․․ Ես ընդհանրապես կարծում եմ, որ մարդ կարող է ուժեղ լինել միայն, եթե իր արմատները ճանաչում և մեծարում է»։
Ամենակարևոր խոսքերը՝ երգերում
Ազնավուրի 100-ամյակին նվիրված թատերականացված համերգին «Համալսարանական» թատրոն-ստուդիայի (գեղարվեստական ղեկավար` Կարինե Դավթյան) սաները ներկայացրին Ազնավուրի կյանքի ու գործունեության առանցքային դրվագների բեմականացումը։ Այն ուղեկցվեց Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների ասմունքով, «YSU Band»-ի (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Հակոբյան), ԵՊՀ երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան) երաժշտական ու աղջիկների պարային համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Անի Հարոյան) կատարումներով։
Մանկություն, ծննդյան և անվանակոչվելու պահից մինչև պատանեկություն, ընտանեկան կյանք, ապա մեծ բեմ դուրս գալու դժվարություններ, Պիեռ Ռոշից մինչ Էդիթ Պիաֆ և մեծ փառքի գագաթի նվաճում․ բոլոր այս դրվագները դարձան ներկայացման սցենարի առանցք և ուսանողների կատարմամբ ներկայացվեցին հանդիսատեսին։
1974 թ. Ազնավուրը մեծ հաջողություն ունեցավ Մեծ Բրիտանիայում, երբ նրա «Նա» երգը չորս շաբաթվա ընթացքում գլխավորում էր հիթ-շքերթը։
«Ամենակարևոր խոսքերը ես արդեն ասել եմ իմ երգերում»,- խոստովանել է նա։ Հազարից ավելի երգի հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Այդ երգերից կատարել են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը և այլ աշխարհահռչակ երգիչներ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։
«Ի վերջո, դժվար կյանքս և խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս»,- մի անգամ ասել է նա։
«Քեզ համար, Հայաստա՛ն»
Միջոցառումն ամփոփվեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստա՛ն» երգով, որը կատարեց ԵՊՀ երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան)։ Երգը Շառլ Ազնավուրը գրել է 1988 թ․ Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո, ստեղծել նաև «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Երգը ստեղծվել է ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով (երաժշտության հեղինակ՝ Ժորժ Կառվարենց)։ Առաջին անգամ այն հնչել է ֆրանսիական հեռուստատեսությամբ 1988 թ․՝ Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչների կատարմամբ։
Երգի տեսահոլովակը նկարել է Անրի Վեռնոյը։ Հայտնի համաշխարհային երգիչների կողմից կատարվող Ազնավուրի «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը դարձել էր երկրաշարժից հետո Հայաստանին օգնելու միջազգային ջանքերի խորհրդանիշը։ Ազնավուրի մարդասիրական և հայանպաստ գործունեությունն այսօր շարունակում է նրա և նրա որդու՝ Նիկոլա Ազնավուրի հիմնադրած «Ազնավուր» հիմնադրամը, որի նպատակն է շարունակել լեգենդար արտիստի նախաձեռնած զարգացման ծրագրերը։
«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է․․․Ես երիտասարդներին միշտ ասում եմ՝ մի եղեք շատ հպարտ, ընդամենը գործ արեք»,- պատգամել է մեծ մարդասերն ու արվեստագետը։
Շառլ Ազնավուրը կապրի իր երգերով
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ընդգծելով Ազնավուրի արվեստի ու նրա՝ որպես մնայուն արժեք լինելու հանգամանքը, կարևորեց Ֆրանկոֆոնիայի շրջանակում անցկացվող միջոցառման նշանակությունը։
Նա շեշտադրեց համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դերը, որի հետ 25 տարի շարունակ անցկացվում է ֆրանսիական երգի փառատոն։
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը հատկանշական համարեց, որ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվում է ԵՊՀ-ից։
«Շառլ Ազնավուրը մեզ հետ է, նա կա ու կլինի իր երգերով, ֆիլմերով, բարեգործությամբ և հայի իր իսկական տեսակով։ Շառլ Ազնավուր․ սրանով ասված է ամեն ինչ։ Նրա անունը ոսկե տառերով գրված է համաշխարհային պատմության մեջ»,- ամփոփեց Գևորգ Բարսեղյանը՝ ընդգծելով հայազգի շանսոնյեի դերը նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում։