Апреля 30, 2024 | 13:03
Музей
Исследовательская работа
Мероприятия
Жизнь и творчество Мелине Манушян. Лекция в ЕГУ
В Музее истории ЕГУ состоялась встреча, посвященная жизни и деятельности французского деятеля армянского происхождения Мелине Манушян. Во время встречи говорили о яркой индивидуальности Мелине Манушян, обсуждались эпизоды ее биографии, связанные с ЕГУ. Журналистка и исследователь Арпине Ароян выступила с докладом.
Լուիզա Ասլանյան, Շուշանիկ Կուրղինյան, Մարի Բեյլերյան, Մարիամ և Երանուհի Ասլամազյաններ, Մելինե Մանուշյան. նրանց ու մի շարք այլ նշանավոր հայ կանանց ճակատագրերի ու անցած ուղու ուսումնասիրությամբ է զբաղվում լրագրող, հետազոտող Արփինե Հարոյանը: Նա գտնում, հետազոտում, վերհանում ու բացահայտում է պատմության մեջ իրենց անհատականությամբ ու կերպարով աչքի ընկած հայ կանանց ճակատագրերը:
Այս անգամ հետազոտողի ուշադրության առանցքում Ֆրանսիայի դիմադրության շարժման ներկայացուցիչ Մելինե Մանուշյանն էր՝ ֆրանսահայ գրող, Ֆրանսիայի դիմադրության շարժման ներկայացուցիչ Միսաք Մանուշյանի կինը:
Հանդիպում-զրույցի ժամանակ քննարկվեց Մելինե Մանուշյանի կյանքը՝ բացահայտելով որոշ մանրամասներ, վերհանելով բացառիկ հուշեր՝ կյանքի, Ֆրանսիայի դիմադրության շարժման, Միսաք Մանուշյանի մասին:
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ընդգծելով ընտրված թեմայի և ԵՊՀ թանգարանի գործունեության ակտիվացման կարևորությունը, նշեց. «Ես շատ ուրախ եմ, որ ԵՊՀ պատմության թանգարանը դառնում է միջոցառումների անցկացման վայր, ուրախ եմ նաև ընտրված թեմայի համար. Մելինե Մանուշյանի կյանքի ուսումնասիրությունը նույնքան կարևոր է, որքան Միսաք Մանուշյանինը, քանի որ նման ուժեղ անհատականություն ունեցող կերպարների կյանքի և ստեղծագործության հետազոտությունը կարող է դառնալ միջոց տվյալ ժամանակահատվածը ճիշտ և համակողմանի ընկալելու համար»:
Խոսելով ԵՊՀ-ում բանախոսություն կարդալու հնարավորության մասին՝ Արփինե Հարոյանը նշեց, որ ազատ և իրավահավասար պայմաններ ունեցող ժամանակաշրջանում ևս կանանց կերպարների մասին պատմելը միշտ չէ, որ հարթ է ընթանում:
«Շատ ուրախ եմ, որ ԵՊՀ-ն՝ ի դեմս պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի և թանգարանը՝ ի դեմս տնօրեն Տաթևիկ Սարոյանի, կարևորում են Մելինե Մանուշյանի նման կանանց մասին խոսելը: Հայ նշանավոր կանանց կերպարների և նրանց ճակատագրերի բացահայտումը միշտ հետաքրքիր և կարևոր է: Արդեն հասցրել եմ հետազոտել շուրջ 11 կանանց արխիվներ, նրանց անցած ուղին, ուսումնասիրություններիս մի մասը ամփոփված է «Պատմության մոռացված էջերից» շարքում»,- ընդգծեց Արփինե Հարոյանը՝ հավելելով, որ նմանօրինակ միջոցառումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ միշտ պահանջարկ կա հինը նորովի ներկայացնելու, քանի որ հարուստ է հնուց փոխանցվող պատմությունների պաշարը, ինչի ուսումնասիրությունը նպաստում է ինքնաճանաչողությանը՝ նախանշելով նաև որոշ խնդիրների լուծման և մարտահրավերների հաղթահարման ճանապարհներ:
«Մեր թանգարանում առաքելություն և նպատակ է դարձել խոսել ամբողջ աշխարհում սփռված համալսարանականների մասին, որոնք իրենց մեծ գործոնն են ունեցել հայագիտության, հայապահպանության և, առհասարակ, ԵՊՀ պատմության մեջ: Մելինե Մանուշյանի մասին բանախոսությունը, ասես, Զապել և Տիգրան Եսայանների մասին անցկացված հանդիպման շարունակությունը լիներ»,- մանրամասնեց ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում ևս կլինեն հետաքրքիր թեմաների շուրջ քննարկումներ:
Խոսելով ապագա ծրագրերից՝ նա նշեց, որ մայիսի կեսերին հանդիպում-զրույց է նախատեսվում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի հետ, որը բանախոսություն կներկայացնի տուն-թանգարանների՝ որպես կրթական հաստատություններ ծառայելու դերի մասին:
Հավելենք, որ Մելինե Մանուշյանը ծնվել է 1913 թ. Կ. Պոլսում։ Հայոց ցեղասպանության ժամանակ հորը սպանել են թուրքերը: Մայրը աղջիկներին փրկելու համար ստիպված է եղել Մելինեին ու քրոջը՝ Արմենուհուն, տանելու Ադաբազարի ամերիկյան որբանոց: Քույրերն իրենց ամբողջ մանկությունն անցկացրել են որբանոցներում։ Մինչև 1926 թ․ Մելինեն ապրել է Մարսելում։ 1934 թ. ծանոթացել է ապագա ամուսնու՝ Միսաք Մանուշյանի հետ։ Մելինեն եղել է Ֆրանսիայի ՀՕԿ-ի (Հայ օգնության կոմիտե) անդամ, ֆրանսահայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Փարիզի գրավման առաջին իսկ օրերից, Մելինեն եղել է Ֆրանսիայի դիմադրության շարժման ակտիվ ներկայացուցիչ: Միսաք Մանուշյանի և իր խմբի գնդակահարությունից հետո գերմանական գեստապոն Մելինեի հանդեպ հետախուզում է հայտարարել, մահապատիժ նշանակել։ Մեծ դժվարություններով Մելինեն կարողացել է թաքնվել և պատերազմի ավարտից հետո՝ 1945 թ․, հայրենադարձել Հայաստան (ՀԽՍՀ)։
Երևանում ապրելու տարիներին նա դասավանդել է Երևանի պետական համալսարանում՝ «Ֆրանսիական գրականություն» և «Սփյուռքի հայ մամուլի պատմություն» առարկաները։
1974 թ. Մելինե Մանուշյանը հրատարակել է ամուսնուն նվիրված «Մանուշյան» գիրքը, որի հիման վրա 1985 թ. նկարահանվել է ֆիլմ։
Այս տարի՝ փետրվարի 21-ին, Փարիզի Պանթեոնում տեղի ունեցավ Ֆրանսիայի դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների վերահուղարկավորությունը: