Май 17, 2024 | 11:36
Партнеры
Образование
Мероприятия
«Дело и Занятость: Экспо-2024 ЕГУ». Часть 2
В рамках мероприятия «Дело и Занятость: ЕГУ Экспо-2024» были организованы ярмарки, конференции, интерактивные игры-конкурсы, выставки, викторины, цель которых – ознакомить с возможностями образования и карьеры.
Կրթության տոնավաճառ
Ցուցահանդեսին ԵՊՀ ֆակուլտետները, ինստիտուտներն ու կենտրոնները, ինչպես նաև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը ներկայացրին իրենց կրթական, փորձնակության և կամավորական աշխատանքի ծրագրերը, կազմակերպեցին վիկտորինաներ, մրցույթներ։ Միջոցառմանը մասնակցեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ ներկայացնելով իր կրթական ծառայությունները և ցուցադրելով կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքները:
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը կազմակերպեց «ԵՊՀ-105» խորագրով գեղանկարչության և երգի մրցույթներ։
Առանձին տաղավարներով ներկայացան ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, Հայաստանի պատմության թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
Մասնակից թանգարանները ներկայացրին կրթական, ճանաչողական, ցուցադրական և հետաքրքրաշարժ այլ ծրագրեր ու վարպետաց դասեր: Այցելուները հնարավորություն ունեցան «ճամփորդելու ժամանակի միջով»՝ համալսարանի հիմնադրման օրվանից մինչև մեր օրերը, ծանոթանալու հայոց պատմության ուշագրավ դրվագներին, մասնակցելու մանրանկարչության, գեղանկարչության, կարպետագործության և տիկնիկագործության արվեստի ստեղծմանը` բացահայտելով նաև հայ անվանի մտավորականների կենսագրությունները, թերթելով նրանց մանկության լուսանկարները։
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024» ցուցահանդեսին ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնն աշակերտների համար անցկացրեց ինտերակտիվ վիկտորինա, որը հնարավորություն տվեց դպրոցականներին ստուգելու իրենց գիտելիքները բնագիտական, հումանիտար, տեխնիկական և այլ ոլորտներից: Հաղթողները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով:
Ուսանողների համար անցկացվեց «Գանձերի որոնում» քվեսթ, որը հնարավորություն տվեց խաղերի միջոցով ծանոթանալու համալսարանական միջավայրին: Այն համախմբեց գլուխկոտրուկների, շարժման մեջ ծանոթ տարածքը նորովի բացահայտելու, ինչպես նաև ինտելեկտուալ խաղերի սիրահարներին:
Կարիերայի տոնավաճառ
Կարիերայի տոնավաճառի շրջանակում հայաստանյան ավելի քան 45 լավագույն կազմակերպություններ բանկային, կապի, սպասարկման, արտադրական, կրիպտոարժույթների, արդյունաբերական, միջազգային զարգացման, պետական, մշակութային, գիտահետազոտական ոլորտներից այցելուներին ներկայացրին առկա աշխատանքային հնարավորությունները, խոսեցին իրենց ձեռքբերումներից, անցկացրին հարցազրույցներ, մրցույթներ՝ նպատակ ունենալով համալրելու իրենց աշխատակազմերը:
Էքսպոյի գլխավոր գործընկեր «Ֆասթեքս» ընկերությունն իր տաղավարում ներկայացրեց «Fastex» էկոհամակարգը՝ անդրադառնալով «Fastex Exchange» և «Fastex Wallet» հավելվածներին։ Միջոցառմանը ներկաները հնարավորություն ունեցան տեղում մասնակցելու բլոկչեյնի վրա գործող խաղարկությանը:
«Ֆասթեքս» ընկերության խորհրդական Արամ Ջիվանյանը նշեց, որ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի գործընկեր դառնալու նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության, մասնավորապես՝ բլոկչեյնի և վիրտուալ ակտիվների ոլորտի զարգացումը։
«Ընկերությունը պատրաստակամ է ներդնելու անհրաժեշտ ջանքեր երիտասարդության շրջանում մասնագիտական բարձրորակ կրթություն ապահովելու աջակցման գործում»,- նշեց նա:
ԲԱՆախոսություններ ԳՈՐԾի մասին
Էքսպոյի շրջանակում տեղի ունեցավ նաև «ԲԱՆախոսություններ ԳՈՐԾի մասին» խորագրով կոնֆերանս։ Այն հնարավորություն ընձեռեց շահակիցների ամենալայն շրջանակի ներգրավմամբ անդրադառնալու կրթության և աշխատաշուկայի միջև կապին, մասնագիտական կողմնորոշմանը և գործատուի՝ որպես կրթական միջավայրն ապահովողի դերին։
Ելույթներով հանդես եկան ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Զեկուցման թեմաները տարբեր էին՝ «Պետական մարմինների հետ աշխատանք», «Ֆինանսներ և ներդրումներ ստարտափ էկոհամակարգում», «Արհեստական բանականություն», «Ոչ տեխնիկական մասնագիտությունները տեխնիկական ոլորտում», «ՄՌԿ մասնագիտությունը վերջին 10 տարիներին» և այլն:
Բանախոսության ընթացքում տարբեր ոլորտների անվանի և հաջողության հասած անհատներ պատմեցին իրենց փորձի, կրթական և աշխատանքային անցած ճանապարհի մասին։
«Ֆասթեքս» ընկերության խորհրդական Արամ Ջիվանյանը «ԲԱՆախոսություններ ԳՈՐԾի մասին» խորագրով կոնֆերանսին ներկայացրեց «Web3-ի զարգացումը․ հեռանկարներ Fastex-ի հետ» թեման։
Նշենք, որ ընկերությունը նախատեսում է ԵՊՀ-ի հետ իրականացնել գործակցային տարբեր ծրագրեր, օրինակ՝ «Բլոկչեյն և վիրտուալ ակտիվներ» թեմայով կարճաժամկետ դասընթացներ, մասնագիտական փոխուսուցումներ:
Կրթությունը, արվեստը և ապագան ավելի լավը դարձնելու հեռանկարը՝ մեկ հարթակում
«Ուսանողներին մոտիվացնող և դեմոտիվացնող գործոնները» խորագրով «Fishbowl» քննարկման ժամանակ մասնակիցները դիտարկեցին ուսումնառությունը թեթև և հետաքրքիր կամ բարդ ու երբեմն հոգնեցուցիչ դարձնող գործոնները: Ուսանողները պատմեցին սեփական փորձի և պատկերացումների մասին, որից հետո առանձնացվեցին խնդիրները հասցեագրելու համար անհրաժեշտ գործնական քայլեր:
Այնուհետև տեղի ունեցավ «ԲանուԳիրք․ գրողից մինչև ընթերցող» խորագրով պանելային քննարկումը, որի շրջանակում կազմակերպվեց հանդիպում գրականության և գրահրատարակչության ոլորտների ներկայացուցիչների հետ, քննարկվեցին գրքի ստեղծման ու հրատարակչության ոլորտի աշխատանքային հնարավորությունները, ինչպես նաև գրահրատարակչական ոլորտի առանձնահատկությունները:
Միջոցառման պաշտոնական փակման արարողությանը հաջորդեց «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցույթի արդյունքների հրապարակումը և տոնական համերգ՝ «YSU Band», «By The Way» երաժշտական խմբերի ու Սրբուկի մասնակցությամբ։
«ԵՊՀ լավագույն ուսանող» մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեցին տարբեր ֆակուլտետների ուսանողներ, որոնք առանձնացել են ուսման բարձր առաջադիմությամբ և հասարակական ակտիվ գործունեությամբ։
Այսպիսով՝ մեծ շուքով նշվեց ԵՊՀ 105-ամյակը, որին մասնակցեցին բազմաթիվ ուսանողներ, դիմորդներ, շրջանավարտներ, դասախոսներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի մասին՝ նաև այստեղ։