Июня 13, 2024 | 14:51
Образование
Права человека
Студенческий
«Международные суды и арбитраж»։ в ЕГУ были представлены возможности магистерской программы
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց հանդիպում-քննարկում «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի ղեկավար, ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասիստենտ, ի.գ.թ., Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ: Նա հանգամանորեն ներկայացրեց մագիստրոսական կրթական ծրագիրը՝ խոսելով ծրագրի շրջանակում ուսումնասիրվող դասընթացների, դասավանդող մասնագետների, ինչպես նաև կրթական ծրագրի առանձնահատկությունների մասին:
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին մասնագիտանալու միջազգային իրավունքին և միջպետական վեճերին առնչվող հարցերում: Կրթական ծրագրի ուսանողները ստանում են համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ, ինչպես նաև սովորում կարևորել միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունն ու առանձնահատկությունները, ծանոթանում միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերին՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչում և կատարում, գնահատում ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, զարգացնում գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները:
Ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու մագիստրոսական այս ծրագիրը, և ի՞նչ է այն տալու ուսանողներին. մեզ հետ զրույցում այս ամենի մասին պատմեց ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը։
«Ծրագրի ստեղծումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ-ն վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված է միջազգային դատական տարբեր գործընթացներում, և ակնհայտ է, որ մենք ունենք միջազգային իրավունքում, միջպետական վեճերի կարգավորման բնագավառում մասնագիտացած անձանց պակաս: Հենց այս պատճառով որոշում կայացվեց՝ ստեղծելու այս ծրագիրը»,- ասաց Ե․ Կիրակոսյանը:
Շարունակելով խոսել ծրագրի ստեղծման մասին՝ Ե. Կիրակոսյանը նշեց, որ միջազգային իրավունքի ոլորտում էթիկական սկզբունքների հիմքով գիտական հետազոտությունների պակասը և այդ հետազոտությունների կատարումը խթանելու միտումը ևս կրթական այս ծրագրի ստեղծման անհրաժեշտություն են առաջացրել:
«Մագիստրոսական ծրագրում ներգրավված են ոլորտի առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ եվրոպական և ամերիկյան ամենատարբեր համալսարաններից ու իրավաբանական գրասենյակներից: Դասընթացները կազմակերպվում են թե՛ անցանց, թե՛ առցանց եղանակով»,- ներկայացրեց Եղիշե Կիրակոսյանը:
Նշենք, որ մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են մասնագիտական գործունեություն ծավալել պետական կառավարման մարմիններում (ՀՀ Կառավարություն, արտաքին գործերի նախարարություն, արդարադատության նախարարություն, ՄԻՊ գրասենյակ և այլն), օտարերկրյա ներդրումներով զբաղվող կազմակերպություններում, փաստաբանական և իրավախորհրդատվական գրասենյակներում, մասնավոր ընկերություններում, հասարակական կազմակերպություններում, միջազգային կառույցներում և այլուր:
Կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու հետբուհական ուսումը ԵՊՀ ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում:
Հավելենք, որ մագիստրոսական ծրագիրը ստեղծվել է 2023 թվականին: Ուսուցման տևողությունը 3 կիսամյակ է: Կրթական ծրագրին դիմելու հնարավորություն ունեն բոլոր նրանք, ովքեր ունեն իրավագիտության բակալավրի աստիճան, բարձր առաջադիմություն, անգլերենի գերազանց իմացություն, վերլուծական կարողություններ, միջազգային հանրային իրավունքի իմացություն, միջազգային դատարանների և արբիտրաժի վերաբերյալ խոր գիտելիքներ, ուսումնասիրելու կարողություն և ցանկություն, գիտական մեթոդների կիրառմամբ իրավագիտության ոլորտում գիտական հետազոտություն կատարելու հակում և կարողություն:
Ծրագրի վերաբերյալ այլ մանրամասների հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հղումով: