June 13, 2024 | 14:51
Education
Human rights
Student
International Courts and Arbitration: opportunities offered by the master's program presented at YSU
A discussion meeting was held in the YSU Academic Council Session Hall with Yeghishe Kirakosyan, Candidate of Legal Sciences, Head of the "International Courts and Arbitration" master's program and Armenia's Representative on international legal issues. He thoroughly presented the master's program, covering the courses offered, the teaching staff, and the program's unique features.
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին մասնագիտանալու միջազգային իրավունքին և միջպետական վեճերին առնչվող հարցերում: Կրթական ծրագրի ուսանողները ստանում են համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ, ինչպես նաև սովորում կարևորել միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունն ու առանձնահատկությունները, ծանոթանում միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերին՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչում և կատարում, գնահատում ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, զարգացնում գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները:
Ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու մագիստրոսական այս ծրագիրը, և ի՞նչ է այն տալու ուսանողներին. մեզ հետ զրույցում այս ամենի մասին պատմեց ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը։
«Ծրագրի ստեղծումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ-ն վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված է միջազգային դատական տարբեր գործընթացներում, և ակնհայտ է, որ մենք ունենք միջազգային իրավունքում, միջպետական վեճերի կարգավորման բնագավառում մասնագիտացած անձանց պակաս: Հենց այս պատճառով որոշում կայացվեց՝ ստեղծելու այս ծրագիրը»,- ասաց Ե․ Կիրակոսյանը:
Շարունակելով խոսել ծրագրի ստեղծման մասին՝ Ե. Կիրակոսյանը նշեց, որ միջազգային իրավունքի ոլորտում էթիկական սկզբունքների հիմքով գիտական հետազոտությունների պակասը և այդ հետազոտությունների կատարումը խթանելու միտումը ևս կրթական այս ծրագրի ստեղծման անհրաժեշտություն են առաջացրել:
«Մագիստրոսական ծրագրում ներգրավված են ոլորտի առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ եվրոպական և ամերիկյան ամենատարբեր համալսարաններից ու իրավաբանական գրասենյակներից: Դասընթացները կազմակերպվում են թե՛ անցանց, թե՛ առցանց եղանակով»,- ներկայացրեց Եղիշե Կիրակոսյանը:
Նշենք, որ մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են մասնագիտական գործունեություն ծավալել պետական կառավարման մարմիններում (ՀՀ Կառավարություն, արտաքին գործերի նախարարություն, արդարադատության նախարարություն, ՄԻՊ գրասենյակ և այլն), օտարերկրյա ներդրումներով զբաղվող կազմակերպություններում, փաստաբանական և իրավախորհրդատվական գրասենյակներում, մասնավոր ընկերություններում, հասարակական կազմակերպություններում, միջազգային կառույցներում և այլուր:
Կրթական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն շարունակելու հետբուհական ուսումը ԵՊՀ ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում:
Հավելենք, որ մագիստրոսական ծրագիրը ստեղծվել է 2023 թվականին: Ուսուցման տևողությունը 3 կիսամյակ է: Կրթական ծրագրին դիմելու հնարավորություն ունեն բոլոր նրանք, ովքեր ունեն իրավագիտության բակալավրի աստիճան, բարձր առաջադիմություն, անգլերենի գերազանց իմացություն, վերլուծական կարողություններ, միջազգային հանրային իրավունքի իմացություն, միջազգային դատարանների և արբիտրաժի վերաբերյալ խոր գիտելիքներ, ուսումնասիրելու կարողություն և ցանկություն, գիտական մեթոդների կիրառմամբ իրավագիտության ոլորտում գիտական հետազոտություն կատարելու հակում և կարողություն:
Ծրագրի վերաբերյալ այլ մանրամասների հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հղումով: