Июня 20, 2024 | 15:15
Мероприятия
Выпускники
Студенческий
В ЕГУ прошла торжественная церемония вручения дипломов иностранным студентам
2023-2024 учебный год подготовительного отделения Центра приёма и работы с абитуриентами ЕГУ завершился торжественным мероприятием. Свидетельства об окончании получили 23 выпускника.
Յուրաքանչյուր տարի աշխարհի տարբեր երկրներից ԵՊՀ են դիմում տասնյակ սովորողներ՝ ուսումնասիրելու հայոց լեզուն, ծանոթանալու և ճանաչելու հայկական մշակույթն ու Հայաստանը: ԵՊՀ նախապատրաստական դասընթացների բաժինը հայերենին չտիրապետող քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում կրթական ընդհանուր ծրագրերի (մաթեմատիկա, պատմություն, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, օտար լեզու և այլն) շրջանակում գիտելիքներ ձեռք բերելուն զուգահեռ՝ սովորել հայերեն կամ կատարելագործել հայոց լեզվի իմացությունը:
2023-2024 ուսումնական տարին հաջողությամբ ավարտել է 23 ուսանող Չինաստանից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Բանգլադեշից, Հոլանդիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից և Իրանից:
ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախապատրաստական դասընթացների բաժնի վարիչ Լիլիթ Գասպարյանը, խոսելով ուսումնական տարվա ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների մասին, նշեց. «Մեր ուսանողները այս մեկ տարվա ընթացքում ոչ միայն սովորել են հայերեն խոսել, գրել, կարդալ, այլև ուսումնասիրել են հայոց պատմությունն ու մշակույթը, ճամփորդել ու եղել պատմամշակութային բազմաթիվ վայրերում, խոսել են հայոց լեզվով ու սիրել հայ մարդուն և Հայաստանը: Հպարտությամբ նշեմ, որ մեր ուսանողների մեծ մասը նպատակ ունի իր կրթությունը շարունակելու Երևանի պետական համալսարանում, ինչը համարում եմ կարևոր և նշանակալի ձեռքբերում»:
Այցելությունները պատմամշակութային տարբեր վայրեր կազմակերպվել են հայոց լեզվի դասախոս Սիմոն Պետրոսյանի ղեկավարությամբ, որը ոչ միայն լսարաններում է ապահովել հայոց լեզվի համակողմանի ուսումնասիրությունը, այլև եղել է օտարերկրյա ուսանողների համար Հայաստանն առավել ճանաչելի դարձնող հիմնական դերակատարը:
ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, անդրադառնալով ավարտական միջոցառմանը, ընդգծեց. «Սիրելի՛ ուսանողներ, երջանիկ եմ, որ այսօր կարող եմ ձեզ հետ խոսել հայերեն: Սա, իհարկե, հնարավոր է դարձել ԵՊՀ նախապատրաստական դասընթացների բաժնի նվիրյալ անձնակազմի ու դասախոսների ներդրած ջանքերի շնորհիվ: Դուք ոչ միայն սովորել եք աշխարհի ամենաբարդ ու գեղեցիկ լեզուներից մեկը, այլև դարձել եք Հայաստանը ձեր սրտերում պահող մարդիկ: Վստահ եմ, որ այսուհետ դուք ձեր սրտի և հոգու մի անկյունում կպահեք ոչ միայն մի մասնիկ ԵՊՀ-ից, այլև կդառնաք կարևոր «դեսպաններ» ձեր երկրներում՝ տարածելով Հայաստանի հարուստ մշակույթն ու երկարամյա պատմությունը, լեզուն ու ազգային յուրահատկությունները»:
Շեշտելով շարունակական կրթության կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ Է. Ասրիյանը հավելեց. «Ուրախ կլինենք ձեզ տեսնելու ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում: Վստա՛հ եղեք, որ յուրաքանաչյուր ֆակուլտետում կհարստացնեք ձեր գիտելիքները՝ զուգահեռաբար զարգացնելով նոր կարողություններ ու հմտություններ: Հավատում եմ, որ մենք ձեզ հետ դեռ երկար ճանապարհ ենք անցնելու՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ»:
Բանախոսների ելույթներին հաջորդեց տոնական միջոցառումը, որի ժամանակ օտարերկրյա ուսանողները հայերեն գեղեցիկ խոսքով ու ելույթներով շնորհավորեցին միմյանց: Հայերենին լիարժեք տիրապետող Վան Ձիհուան վստահեցրեց, որ հայոց լեզվին տիրապետելը հնարավորություն է ընձեռում նոր հորիզոններ բացահայտելու և մասնագիտական նվաճումներ գրանցելու: Ավելին՝ Վան Ձիհուան այնքան է սիրել Հայաստանն ու հայոց լեզուն, որ Հայաստանում իր հայ ընկերներին ներկայանում է Իշխան անվամբ։ Ըստ նրա՝ իր չինական անունը հայերեն թարգմանվում է «թագավորի որդի», այդ պատճառով էլ ընտրել է հենց այդ անունը:
Հավելենք, որ օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն: Ըստ նշված կարգի՝ դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: