Июня 27, 2024 | 09:42
Образование
Общество
Исследовательские центры и институты
В Фармацевтическом институте пройдет новый учебный курс
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում կանցկացվի «Որակի վերահսկման անալիտիկ մեթոդների (ԲԱՀՔ, ԳՔ, ՄՍ) տեսական և գործնական հիմունքները» թեմայով վերապատրաստման դասընթաց ոլորտի մասնագետների համար։
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղապատրաստուկների հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի փորձարարական լաբորատորիայի վարիչ, ք․գ․թ․, դոցենտ Ավետիս Ծատուրյանն ընդգծեց, որ գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիայում կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ ոլորտի մասնագետների համար (դեղագետներ, դեղագործներ, նյութագետներ)։
«Կազմակերպել ենք «Որակի վերահսկման անալիտիկ մեթոդների (ԲԱՀՔ, ԳՔ, ՄՍ) տեսական և գործնական հիմունքները» թեմայով դասընթաց, որի մեկնարկը կտրվի հուլիսին։ Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան մասս-սպեկտրաչափական, կիրառական բարձր արդյունավետության քրոմատոգրաֆիայի և գազային քրոմատոգրաֆիայի տեսական հիմունքներին, այդ մեթոդների կիրառմանը որակի վերահսկման տարբեր փուլերում, ինչպես նաև անալիտիկ մեթոդների վալիդացման առանձնահատկություններին»,- ասաց Ավետիս Ծատուրյանը։
Նա ընդգծեց նաև, որ դասընթացը կանցկացնեն ՀՀ առաջատար և փորձառու մասնագետները, իսկ մասնակիցները, տեսական բաղադրիչից բացի, հնարավորություն կունենան գործնականում կիրառելու իրենց հմտությունները։
Նշենք, որ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսուﬓական կենտրոնի վերլուծական փորձարկման լաբորատորիան հավատարմագրվել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտով։ Հավատարմագրումը հնարավորություն է ընձեռում կատարելու մի շարք հետազոտություններ, այդ թվում՝ միաբաղադրիչ կամ բազմաբաղադրիչ դեղերի տարաբնույթ փորձարկումներ, քիմիական տարրերի զանգվածային մասերի որոշում արտադրական ձեռնարկությունների ջրային ռեսուրսներում և հոսքաջրերում։