Июля 08, 2024 | 10:40
Наука
Конференции
Образование
В центре обсуждения - математические тенденции. В ЕГУ прошла международная научная конференция
Теория функций, гармонический анализ, линейные и нелинейные дифференциальные уравнения, спектральный анализ – обсуждение этих и ряда других математических направлений прошло в рамках международной конференции «Математический анализ, дифференциальные уравнения и приложения», объединившей многих известных математиков.

«Մաթեմատիկական անալիզ, դիֆերենցիալ հավասարումներ և կիրառություններ» («Analysis, PDEs and Applications») խորագրով միջազգային գիտաժողովը նպատակ ուներ խթանելու Հայաստանի մաթեմատիկական կենտրոններում մաթեմատիկական ուղղությունների, հատկապես՝ ֆունկցիաների տեսության, հարմոնիկ անալիզի, կոմպլեքս անալիզի, գծային և ոչ գծային դիֆերենցիալ հավասարումների, սպեկտրալ վերլուծությունների, ֆիզիկամաթեմատիկական հավասարումների, ինչպես նաև ֆիզիկայի որոշ ուղղությունների հետագա առաջընթացը։
Պլենար դասախոսությունների և զեկույցների շրջանակում տարբեր երկրներից հավաքված հայտնի մասնագետները քննարկեցին մաթեմատիկային առնչվող մի շարք կարևոր խնդիրներ, առաջադրեցին նոր գաղափարներ և մեթոդներ՝ մատնանշելով դրանց կիրառման բնագավառները։
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Կարևորելով այսօրինակ գիտական միջոցառումների անցկացումը՝ ԵՊՀ ռեկտորն անդրադարձավ գիտության ոլորտում երիտասարդ մասնագետների ներգրավվածության անհրաժեշտությանը։

«ՀՀ մի շարք գիտական հաստատություններ, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանը, տարիների ընթացքում ձեռք են բերել գիտական բազմաթիվ սարքավորումներ։ Սա վկայում է այն մասին, որ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտության զարգացմանը, ուստի անհրաժեշտ է, որ մենք էլ աշխատենք երիտասարդներին համալսարանում պահելու, ինչպես նաև գիտության ոլորտում երիտասարդ մասնագետներ ներգրավելու ուղղությամբ։ Հարկ է նշել, որ Երևանի պետական համալսարանը Q1, Q2 վարկանիշավորում ունեցող միջազգային ամսագրերում հրապարակված հոդվածների թվով առաջատարն է Հայաստանում․ սա ապացուցում է, որ համալսարանն այն գիտակրթական կառույցն է, որը մեծապես նպաստում է գիտության զարգացմանը»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Գիտաժողովի շրջանակում տարբեր երկրների փորձագետների մասնակցությամբ կազմակերպվեցին ակտիվ քննարկումներ՝ նվիրված մաթեմատիկական ուղղությունների ներկա վիճակին և հետագա զարգացման անհրաժեշտությանը։

«Գիտաժողովը յուրօրինակ դպրոց է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի երիտասարդ գիտնականների համար։ Նշեմ, որ գիտաժողովին նախորդել է երիտասարդ գիտնականների «Մաթեմատիկական անալիզ, դիֆերենցիալ հավասարումներ և կիրառություններ» խորագրով ամառային դպրոցը, որին մասնակցել են ուսանողներ և երիտասարդ հետազոտողներ Հայաստանից և Եվրոպայից»,- ասաց ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, գիտաժողովի համաղեկավար Մարտին Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ Գենտի համալսարանի, մասնավորապես Մայքլ Ռուժանսկու հետ գործակցային կապեր են հաստատվել դեռևս 2016 թ․: Շարունակական աշխատանքների արդյունքում գործընկերները միջազգային հեղինակավոր հանդեսում հրապարակել են գիտական հոդված: Այս գիտաժողովն էլ կողմերի գիտական համագործակցության յուրօրինակ դրսևորումներից մեկն է:
Գենտի համալսարանի մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների կենտրոնի գիտական ղեկավար, ԵՊՀ մաթեմատիկական հետազոտությունների կենտրոնում գործող հեռավար լաբորատորիայի գիտական ղեկավար, գիտաժողովի համաղեկավար Մայքլ Ռուժանսկին, խոսելով գիտաժողովի կազմակերպման, ինչպես նաև ԵՊՀ-ի հետ համագործակցության մասին, հույս հայտնեց, որ երկու համալսարանների համատեղ գիտական աշխատանքները կլինեն շարունակական:

«Մեր նպատակը գիտնականներին համախմբելն է, տարբեր երկրներում կատարվող հետազոտությունների վերաբերյալ համընդգրկուն պատկերացում կազմելը։ Սա նաև լավ առիթ է՝ կազմակերպելու նույն խորագրով դպրոց, որի շրջանակում առաջատար մաթեմատիկոսները դասախոսություններ կանցկացնեն ուսանողների համար: Նշեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում մենք կատարել ենք մի շարք փոխայցելություններ: Մտադիր ենք շարունակել այս համագործակցությունը և հաջորդ տարի ևս կազմակերպել գիտական դպրոց»,- մատնանշեց Մայքլ Ռուժանսկին:
Հավելենք, որ գիտաժողովը կազմակերպվեց Երևանի պետական համալսարանի և Գենտի համալսարանի (Բելգիա) համագործակցության շրջանակում: Գիտաժողովին մասնակցեցին մի շարք հեղինակավոր մաթեմատիկոսներ տարբեր երկրներից՝ Ավստրիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից: