Июля 08, 2024 | 16:00
Наука
Конференции
Образование
В ЕГУ стартовала международная конференция «Модель ООН Ереван-2024»
Ս․թ․ հուլիսի 8-12-ը Երևանի պետական համալսարանում կանցկացվի «Միավորված ազգերի կազմակերպության Երևան մոդել-2024» («YereMUN 2024») միջազգային համաժողովը։ Միջազգային այս համաժողովի շրջանակում մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում դինամիկ բանավեճերի ընթացքում ներկայացնելու որևէ երկիր ՄԱԿ-ի կոմիտեում, ինչպես նաև քննարկելու համընդհանուր հարցեր։
«YereMUN 2024» համաժողովն ամեն տարի անցկացվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Համաժողովն արդեն երկրորդ անգամ ԵՊՀ-ում համախմբում է բազմաթիվ երիտասարդների աշխարհի տարբեր անկյուններից: Այս ճանաչված ձևաչափով անցկացվող համաժողովին ուսանողներն ու աշակերտները մասնակցում են որպես պատվիրակներ՝ ներկայացնելով տարբեր երկրներ և դիվանագիտորեն քննարկելով համաշխարհային խնդիրները: Միջազգային համաժողովը հնարավորություն է ընձեռում զարգացնելու բանակցային հմտությունները, խորացնելու միջազգային հարաբերությունների ընկալումը և հաստատելու գործակցային կայուն կապեր: Համաժողովը ոչ միայն բանավեճերի հարթակ է, այլև դիվանագետների և դեսպանների հետ հաղորդակցվելու, աշխարհի տարբեր ծայրերից նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով համաժողովի անցկացումը, ասաց․ «Մենք ուրախ ենք ևս մեկ անգամ ձեզ Երևանի պետական համալսարանում հյուրընկալելու համար: Նախորդ համաժողովը, որի շրջանակում բազմաթիվ նոր գաղափարներ ծնվեցին, նույնպես մեծ փորձառություն էր: Հիշե՛ք՝ որևէ ուսումնական հաստատությունում սովորելով կամ պրակտիկա անցնելով, ինչպես նաև գիտաժողովի կամ սեմինարի մասնակցելով՝ բացի մեծ փորձառություն ձեռք բերելուց՝ ձեռք եք բերում ամենակարևորը՝ նոր ընկերներ, նոր ծանոթություններ և նոր կապեր․ հենց սա է այսօրինակ գիտական միջոցառումների ամենաարժեքավոր ձեռքբերումը։ Հավատացա՛ծ եղեք՝ համաժողովի շրջանակում ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու նոր կապերը կօգնեն ձեզ հետագա գործունեության ընթացքում»։
«Միավորված ազգերի կազմակերպության Երևան մոդել-2024» համաժողովի հիմնադիր նախագահ Վրույր Հլղաթյանը, մեզ հետ զրույցում խոսելով կազմակերպության ստեղծման և «առաքելության» մասին, նշեց, որ կազմակերպությունը ստեղծվել է հայ և ֆրանսիացի ուսանողների համատեղ ջանքերով:
«Մեր նպատակն է երիտասարդների համար զարգացնել դիվանագիտությունը, միջազգային հարաբերությունները, կրթությունը: Համաժողովի ամբողջ ընթացքում մասնակիցները «դառնալու են» դիվանագետներ և փորձելու են բանավեճերի միջոցով լուծել մի շարք հարցեր: Օրակարգում ընդգրկված են ինչպես բանավեճեր, հանդիպումներ դիվանագիտական ներկայացուցիչների, դեսպանների հետ, այնպես էլ սոցիալական իրադարձություններ, որոնց շրջանակում պատվիրակները հավաքվելու են համապատասխան «Դրես կոդ»-ով՝ շփվելու, պատկերացնելու դիվանագիտությունն իր բոլոր դրսևորումներով»,- ընդգծեց Վրույր Հլղաթյանը:
«YereMUN 2024» համաժողովի մասնակիցները ուսանողներ են, աշակերտներ ոչ միայն Երևանից, այլև ՀՀ մարզերից: Համաժողովին մասնակցելու են եկել նաև միջազգային պատվիրակներ Ֆրանսիայից, Հունաստանից, Իսպանիայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից, Բելառուսից:
Իսկ թե ինչու է համագործակցության համար ընտրվել Երևանի պետական համալսարանը, համաժողովի հիմադիրը մատնանշեց. «ԵՊՀ-ն շատ բարձր վարկանիշ ունեցող համալսարան է Հայաստանում, և մենք ձգտում ենք բարձրացնելու այդ վարկանիշը՝ ԵՊՀ-ն տանելով միջազգայնացման ճանապարհով, որ մարդիկ ավելի շատ բան իմանան կրթական այս հաստատության մասին: Մենք նպատակ ունենք շարունակելու նմանօրինակ համագործակցությունը ԵՊՀ-ի հետ»:
«YereMUN 2024»-ի գլխավոր քարտուղար Լիլիթ Մանուկյանը, անդրադառնալով ընտրված ձևաչափին, հիշեցրեց, որ համաժողովը երկխոսության, դիվանագիտության և մարդկային ընդհանուր ուժի մասին է: Համաժողովը «կենդանի մեխանիզմ» է, որտեղ հավաքվում են «երիտասարդ մտքերը»՝ լուծելու աշխարհի կարևոր խնդիրները:
««MUN»-ը ՄԱԿ-ի մոդել է, որն իրականացվում է բազմաթիվ երկրներում: Մոդելը ՄԱԿ-ի նիստի սիմուլյացիա է. այն ավելին է, քան ակադեմիական իրադարձությունը: Այստեղ հավաքվել են ապագա դիվանագետներ, առաջնորդներ, որոնք կձևավորեն միջազգային տարբեր կառույցների հենարան: Այսօր առկա է հնարավորություն՝ խորասուզվելու բանակցությունների արվեստում, գտնելու նորարարական լուծումներ, հայտնելու դիրքորոշումներ, տեսակետներ: Մենք ստանում ենք առաջարկներ և նպատակ ունենք հայ պատվիրակներին ուղարկել մյուս երկրներում տեղի ունեցող համաժողովներին մասնակցելու»,- ասաց Լ. Մանուկյանը:
Այս տարի համաժողովին մասնակցում են շուրջ 85 աշակերտներ և ուսանողներ, որոնք բաժանվելու են պատվիրակությունների՝ ստանալով առաջադրանքներ և խնդիրներ․ նրանք բանավիճելու են, ներկայացնելու որևէ երկրի շահերը:
Համաժողովի ավարտին բոլոր ներկաները կստանան մասնակցության վկայականներ, իսկ լավագույն պատվիրակները՝ մրցանակներ:
Նշենք, որ «YereMUN»-ը հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2023 թվականի մայիսին: Կազմակերպությունը համախմբում է երիտասարդներին՝ ձգտելով խթանել դիվանագիտական նախաձեռնությունները, կրթության առաջընթացը և ընդգծել ՄԱԿ-ի կողմից պահպանվող հիմնարար սկզբունքները: