Ноября 01, 2024 | 14:05
Партнеры
Мероприятия
Состоялось торжественное заседание, посвященное 90-летию факультета экономики и менеджмента ЕГУ
Факультет экономики и менеджмента ЕГУ отметил 90-летие со дня своего основания, а также 40-летие возобновления деятельности. Мероприятие стало отличным поводом рассказать о почти вековых достижениях факультета, по-новому оценить образовательные и научные достижения, а также чествовать высококвалифицированных специалистов и выпускников, которые внесли большой вклад в развитие факультета.
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը կատարեց Երևանի պետական համալսարանի օրհներգը՝ ազդարարելով միջոցառման մեկնարկը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսավոր նիստը նշանավորեց ֆակուլտետի երկարատև և հաջողակ պատմությունը: Այս իրադարձությունը միավորեց ուսանողներին, դասախոսներին և շրջանավարտներին, ոլորտի հաջողակներին, որոնք խոսեցին ֆակուլտետի ձեռքբերումների, մրցունակ մասնագետների և ապագա հեռանկարների մասին:
Հոբելյանական նիստի պաշտոնական բացման արարողության ժամանակ ելույթ ունեցավ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Կարևորելով տնտեսագիտական կրթության դերը՝ նա ասաց․ «ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, որը հիմնադրվել է 1934 թվականին, այսօր համալսարանի անբաժանելի ու կարևորագույն բաղադրիչներից է՝ որպես մասնագիտական ու գիտական հզոր կենտրոն։ 90 տարի շարունակ ֆակուլտետը կրթել է հազարավոր ուսանողների՝ նրանց փոխանցելով մասնագիտական արժեքներ և պատրաստելով այնպիսի մասնագետներ, որոնք իրենց արհեստավարժությամբ կարևոր ներդրում են ունենում ինչպես մեր երկրի, այնպես էլ համաշխարհային տնտեսության զարգացման գործում։ Հոբելյանական այս տարին հրաշալի առիթ է վերարժևորելու մեր անցած ուղին, հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրական աշխատանքով նպաստել են ֆակուլտետի զարգացմանը»։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, արձանագրելով ֆակուլտետի գրանցած հաջողությունները, նշեց, որ օրը պատմական է։
«Վստահաբար կարելի է ասել, որ անցած 90 տարիները եղել են բազում մարտահրավերների, միևնույն ժամանակ՝ ձեռքբերումների և հաղթանակների տարիներ։ Հայաստանում տնտեսագիտական բարձրագույն կրթությունը ձևավորվել է 1920-ականների սկզբից՝ մայր բուհի հիմնադրման առաջին տարիներից։ 1934 թվականին, երբ համալսարանում հիմնադրվեց առանձին ֆակուլտետ, Հայաստանը բավական բարդ ժամանակաշրջան էր ապրում։ Մարտահրավերներով լի այդ տարիներին ֆակուլտետը դարձավ տնտեսագիտական մտքի ձևավորման, տարածման և զարգացման հիմնական օջախը։ Մինչ օրս ֆակուլտետը պատվով և բարձր մակարդակով է իրականացնում տնտեսության համար որակյալ մասնագետների պատրաստման իր առաքելությունը»,- ընդգծեց Կ․ Խաչատրյանը և հավելեց, որ իրենք պատրաստ են նոր մարտահրավերների, նոր նվաճումների և նոր հաջողությունների:
1934 թվականից ի վեր՝ ֆակուլտետը տվել է տասնյակ հազարավոր շրջանավարտներ, որոնք, դառնալով փորձառու մասնագետներ, աշխատում են տնտեսության տարբեր ոլորտներում, պետական կառավարման համակարգում, գիտահետազոտական կենտրոններում և համալսարաններում: Ֆակուլտետի շրջանավարտներից է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։ Ըստ նրա՝ կրթությունը հասարակության հիմքն է, նորարարության, առաջնորդության և զարգացման համար ճանապարհ հարթող երաշխիքը։
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկայացնել Բիբլոս Բանկ Արմենիան որպես ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտ։ 90 տարվա ընթացքում ֆակուլտետը եղել է Հայաստանի տնտեսագիտական կրթության կարևորագույն կենտրոն, պատրաստել է պետական գործիչներ, բիզնես առաջնորդներ, տնտեսագետներ, որոնք առանցքային դեր են ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Նշեմ նաև, որ Բիբլոս Բանկ Արմենիայի և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի համագործակցությունը շնորհակալություն հայտնելու և ստացած գիտելիքն ու անձնական հաջողությունները ինչ-որ կերպ «վերադարձնելու» փորձ է, ինչը, հույս ունենք, կնպաստի ապագա սերունդների համար ավելի լայն հնարավորությունների ստեղծմանը»,- նշեց Հայկ Ստեփանյանը՝ կարևորելով անկախ Հայաստանի տնտեսության կայացման գործում ֆակուլտետի ունեցած դերակատարումը։ Նա հույս հայտնեց, որ առաջիկա տասնամյակները նույնպես արգասաբեր են լինելու ֆակուլտետի համար։
Նշենք, որ Բիբլոս Բանկ Արմենիան ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների գլխավոր հովանավորն է։ Բանկի և մյուս բոլոր գործընկերների համատեղ ջանքերով հնարավոր դարձավ անցկացնել ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառումները։
Միջոցառումների կազմակերպմանը մեծապես աջակցել են նաև մի շարք գործընկերներ՝ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը, «ԷկոՎիլ» ՍՊԸ-ն, «Բելլարտ» ՍՊԸ-ն, «Արմ Կոնստրակտ» ՍՊԸ-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն:
90 տարվա ուղի, 90 տարվա հարուստ պատմություն․ ներկաները դիտեցին ֆակուլտետի կարևոր ձեռքբերումների և շրջանավարտների մասին նկարահանված տեսաֆիլմը, որը նվիրվեց Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90 և վերաբացման 40-ամյակներին։
Գործունեության ողջ ընթացքում ֆակուլտետը հաջողությամբ կատարել է իր հանձնառությունը․ ֆակուլտետում դասավանդում են ոլորտի առաջատար մասնագետներ՝ պրոֆեսորներ, գիտությունների դոկտորներ և թեկնածուներ, ՀՀ պետական պարգևների և մասնագիտական ոլորտում պատվավոր կոչումների արժանացած վաստակավոր դասախոսներ, ՀՀ պետական կառավարման, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտի և առաջատար կազմակերպությունների մասնագետներ, մեծանուն գիտնականներ։
Երևանի պետական համալսարանի ռեկտորը Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակի առթիվ շնորհակալագրերով և պատվոգրերով, ԵՊՀ արծաթե և ոսկե մեդալներով պարգևատրեց պրոֆեսորների, դոցենտների, դոկտորների՝ Երևանի պետական համալսարանում ծավալած գիտամանկավարժական բեղուն գործունեության, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումներին աջակցելու համար շնորհակալագրեր և 90-ամյակի խորհրդանշական հուշանվեր հանձնեց գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Ֆակուլտետի հետ երկարամյա արդյունավետ աշխատանքի և գիտակրթական նախաձեռնություններին մեծապես աջակցելու համար ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հուշամեդալով պարգևատրվեցին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։
Հոբելյանական երեկոյի ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես եկան երգչուհի Արփին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլը։
Միջոցառման ավարտին մասնակիցները խոստացան շարունակել ավանդույթը և հանդիպել 10 տարի անց՝ ֆակուլտետի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին՝ նոր ձեռքբերումներով, նոր ծրագրերով։