Ноября 08, 2024 | 15:00
Карьера
Образование
Новости образования и науки, возможности профессионального развития. В ЕГУ прошла выставка «BioExpo»
Научные эксперименты, образцы, истории и сведения: в четвёртый раз в Ереванском государственном университете прошла выставка «BioExpo», целью которой было представить образовательные и исследовательские программы биологического факультета, а также возможности профессионального роста, предоставляя важную информацию о рынке труда, помогая ученикам в профессиональной ориентации и приобретении новых знаний.
Արդեն ավանդույթ դարձած «BioExpo» ցուցահանդեսին առանձին տաղավարներով ներկայացված էին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ամբիոնները, կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիաները, գործընկեր քսաներեք կազմակերպությունները։ Նրանք տարբեր տաղավարներում ներկայացրին ցուցանմուշներ, կատարեցին գիտափորձեր և մանրամասնորեն պատմեցին իրենց գործունեության ու աշխատանքի հնարավորությունների մասին։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և պրոռեկտորները շրջեցին տաղավարներով, ծանոթացան մասնակիցների աշխատանքներին` քննարկելով բնագավառի նորարարությունները։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, կ.գ.դ. Կարեն Ղազարյանը, խոսելով «BioExpo» ցուցահանդեսի կարևորության մասին, նշեց, որ այսօր ուսանողներն ու աշակերտները հնարավորություն ունեն իմանալու ամենաանհրաժեշտ տեղեկությունները՝ տեսական գիտելիքներից մինչև ԵՊՀ լաբորատորիաներից օգտվելու հնարավորությունների մասին, ինչպես նաև զարգացնելու իրենց հմտություններն ու գիտելիքները կենսաբանությունից։ Դեկանը հավելեց, որ այս տարի միջոցառման կազմակերպման մեջ կատարվել էր որոշակի փոփոխություն։
«Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի մի փոքր փոփոխեցինք ցուցահանդեսի կազմակերպման ձևաչափը․ մենք պաշտոնական գրությամբ դիմեցինք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որ էքսպոյի մասին իրազեկվեն բոլոր դպրոցները։ Այսօր ականատես ենք լինում՝ որքան շատ են ԵՊՀ այցելող դպրոցականների խմբերը։ Սովորաբար ամեն տարի աշակերտների թիվը տատանվում էր 400-500-ի սահմաններում, իսկ այսօր համալսարան եկած աշակերտների թիվը հասնում է 1000-ի»,- ընդգծեց Կ․ Ղազարյանը՝ կարևորելով նաև այն հանգամանքը, որ ցուցահանդեսի շրջանակում աշակերտները հնարավորություն ունեն ծանոթանալու ինչպես ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գործունեությանը և ստորաբաժանումներին, այնպես էլ պատկերացում կազմելու այն մասին, թե հետագայում որտեղ կարող են աշխատել։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Փոլադյանը, կարևորելով միջոցառման անցկացումը, ասաց․ «Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որն իրականացվում է մեծ ջանքերի շնորհիվ: Մենք պարբերաբար կազմակերպում ենք սեմինարներ, ցուցահանդեսներ, ֆակուլտետում ընդունում բազմաթիվ աշակերտների, որոնք հնարավորություն են ունենում կատարելու գիտափորձեր և տեսնելու այն տեխնոլոգիաները, որոնք շատ դպրոցներում չեն ներկայացվում: Աշակերտները սովորաբար ծանոթ չեն լինում ֆակուլտետի կրթական ծրագրերին, իսկ այսօրինակ էքսպոների ժամանակ նրանք տեղեկանում են այդ ծրագրերի, ինչպես նաև գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաների մասին։ Այսօր ևս աշակերտները հնարավորություն ունեն այցելելու գիտահետազոտական լաբորատորիաներ՝ տեղում տեսնելու, գիտափորձեր կատարելու, ոլորտի փորձառու մարդկանց հետ շփվելու։ Հատկանշական է, որ այսօրինակ նախաձեռնությունների շնորհիվ մեծանում է հետաքրքրվածությունը ոլորտի նկատմամբ։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ մենք այս տարի թափուր տեղեր չենք ունեցել բակալավրիատի կրթական ծրագրերում»։
Ցուցահանդեսին իր մասնակցությունն ունեցավ նաև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը։ Դպրոցի տնօրեն Արամ Խաչատրյանը մատնանշեց, որ այս տարի դպրոցի ներկայացվածությունն առավել ընդգրկուն էր։
«Քանի որ ՍԹԵՄ ուղղվածության մեջ իր ուրույն տեղն ունի կենսաբանությունը՝ որպես բնագիտական ուղղություն, մենք առաջարկում ենք ավագ դպրոցի կրթական ծրագրով ճանապարհ հարթել դեպի Կենսաբանության ֆակուլտետ, այնուհետև մուտք գործել աշխատաշուկա։ Մեր դպրոցի աշակերտներն այսօր ցույց կտան լաբորատոր փորձեր՝ ներկայացնելով մեր ձեռքբերումները կենսաբանության ոլորտում»․- նշեց ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրենը։
Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի ոսկե մեդալակիր, ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մարիամ Գալստյանը պատմեց էքսպոյին իրենց ներկայացրած գիտափորձերի մասին։
«Մենք սոխի բջիջների միջոցով ուսումնասիրում ենք պլազմոլիզի գործընթացը՝ բուսական բջիջներում վակուոլի կծկումը կամ ընդարձակումը։ Առանձնացրել ենք մի հատված և ավելացրել աղաջուր՝ ցույց տալով, թե ինչպես են բջիջները կծկվում վակուոլի կծկման հաշվին։ Սա հետաքրքիր գործընթաց է, որի ականատեսը եղան տարբեր դպրոցներից ժամանած բազմաթիվ աշակերտներ»,- ասաց Մարիամը։
Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, կենսաբանության ֆակուլտետի ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Ռուզաննա Հարությունյանը, խոսելով «BioExpo»-ի կազմակերպական աշխատանքների մասին, նշեց․ «Ուսանողների ներգրավվածությունը բավականին բարձր է։ Նրանք ակտիվորեն և մեծ ոգևորվածությամբ են մասնակցում միջոցառման կազմակերպական աշխատանքներին։ Էքսպոն հիանալի հնարավորություն է՝ բացահայտելու ֆակուլտետը, նրա կրթական ծրագրերը»,- ընդգծեց նա։
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ապահովեց բուհ-գործատու կապը՝ հրավիրելով ոլորտի տարբեր կազմակերպությունների և ընկերությունների՝ ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների, կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաների, բնապահպանության, սննդարդյունաբերության, կենսատեխնոլոգիայի ոլորտների տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների։ Նրանք, ներկայանալով առանձին տաղավարներով, պատմեցին իրենց գործունեության, մասնագիտական աճի հնարավորությունների մասին:
Գործատուները, մասնակցելով ցուցահանդեսին, գրանցեցին ուսանողների տվյալները՝ հետագայում նրանց աշխատանքի առաջարկ ներկայացնելու նպատակով։ Այսօրինակ համագործակցությունների շրջանակում ամրապնդվում է բուհ-գործատու կապը: Նշենք, որ այս տարի գործընկեր կազմակերպությունների ցանկում կային նոր գործընկերներ տարբեր ոլորտներից՝ կրթություն, գիտություն, արտադրություն, բժշկություն և այլն։
Երևանի Ալեքսանդր Քեմուրջյանի անվան №170 ավագ դպրոցի աշակերտ Կարինա Գասպարյանն առաջին անգամ է ԵՊՀ-ում։
«Այսօր բազմաթիվ տեղեկություններ ստացա․ օրինակ՝ իմացա, որ համալսարանին կից գործում է ՍԹԵՄ ավագ դպրոց, ինչպես նաև տարբեր հետաքրքիր տեղեկություններ Կենսաբանության ֆակուլտետի մասին։ Ես սիրում եմ «Կենսաբանություն» առարկան, հետաքրքրվում եմ ոլորտի նորություններով, և այս էքսպոն լավ հնարավորություն է մեզ՝ աշակերտներիս համար՝ կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում»,- ընդգծեց նա։