- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն՝ ի նպաստ շարունակական մասնագիտական զարգացման․ ինժեներ-երկրաբանները կկատարելագործեն հմտությունները
Ապրիլ 25, 2025 | 12:37
Կրթություն
Շարունակական կրթություն
ԵՊՀ-ն՝ ի նպաստ շարունակական մասնագիտական զարգացման․ ինժեներ-երկրաբանները կկատարելագործեն հմտությունները
Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Ինժեներային երկրաբանություն» շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) դասընթացը, որը հաստատվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից։ Ծրագրի շրջանակում մասնակիցները հանդիպում ունեցան կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՇՄԶ գործընթացի օրենսդրական կարգավորման մանրամասները, ինչպես նաև իրենց հուզող մասնագիտական հարցերը։

ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը ս․թ․ մարտին դիմել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) ծրագրի կրեդիտավորման համար: Կոմիտեն հաստատել է քաղաքաշինության բնագավառում նախատեսվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող ԵՊՀ-ի ներկայացրած «Ինժեներային երկրաբանություն» միջոցառման ծրագիրը՝ շնորհելով 34 կրեդիտ։
Ծրագրում ընդգրկված են մասնագետներ, այդ թվում՝ առաջին, երկրորդ կամ երրորդ կարգի ինժեներ-երկրաբաններ։ Դասընթացը նախատեսված է ինչպես արդեն հավաստագրված, այնպես էլ հավաստագրման պատրաստվող մասնագետների համար, որոնց առջև դրված է ՇՄԶ կրեդիտների կուտակման պահանջ։

Հաշվի առնելով ՇՄԶ գործընթացի իրավական կարգավորման հետ կապված մասնակիցների հարցերը՝ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի աջակցությամբ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Ներկա էին կոմիտեի լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանը և վարչության աշխատակից Աննա Պետրոսյանը։ Հանդիպմանը մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղելու հարցեր՝ կապված իրենց աշխատանքային պրակտիկայի հետ։ Քննարկվեցին նաև ՇՄԶ ոլորտում առկա խնդիրներն ու հնարավորությունները։
«Ինժեներային երկրաբանություն» դասընթացի ծրագիրը մշակել է Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի պրոֆեսոր Սարգիս Հայրոյանը: Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով մասնակիցների կարիքները:

Պրոֆեսորը հանդիպման ընթացքում հանդես եկավ դասախոսությամբ՝ ընդգծելով երկրաբանական միջավայրի ուսումնասիրության կարևորությունը կայուն և անվտանգ շինարարական լուծումներ ապահովելու համար։ Պրոֆեսորի ելույթն ուղեկցվեց թեմատիկ քննարկմամբ, որին ակտիվորեն ներգրավվեցին մասնակիցները՝ բարձրացնելով ինչպես տեսական, այնպես էլ կիրառական բնույթի հարցեր։
Քաղաքաշինության ոլորտում աշխատող ինժեներ-երկրաբանների համար անցկացվող դասընթացն ուղղված է նրանց մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների խորացմանը։
Ծրագիրն ընդգրկում է այնպիսի թեմատիկ ուղղություններ, ինչպիսիք են գրունտների հատիկաչափական դասակարգումը, գրունտների ջրաֆիզիկական հատկությունները, ջրերը դիսպերս գրունտներում, կառուցվածքային անկայուն գրունտների ինժեներաերկրաբանական առանձնահատկությունները, երկրաբանական պրոցեսների և երևույթների դասակարգումը, սողանքային երևույթներ և այլ ոլորտային հարցեր։
Նմանատիպ նախաձեռնությունները կարևոր քայլ են մասնագիտական կրթության և որակավորված կադրերի շարունակական մասնագիտական զարգացման գործընթացում։
Նշենք, որ դասընթացը մեկնարկել է ս․թ․ ապրիլի 16-ին և կշարունակվի մինչև հունիսի 18-ը։ Ավարտին մասնակիցները կստանան վկայականներ։