Ноября 21, 2024 | 16:22
Международное сотрудничество
Мероприятия
Конкурсы
Четверо студентов ЕГУ были награждены благодарственными грамотами за активное участие в хакатоне по управлению водными ресурсами
В Музее истории ЕГУ имени профессора Л. Гарибджаняна состоялось мероприятие, в рамках которого четыре студента ЕГУ, участвовавшие в хакатоне данных о водных ресурсах Армении, получили благодарственные грамоты, целью которых было поощрить активное участие студентов в хакатоне в качестве представителей ЕГУ.
Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքաթոնը կազմակերպվել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ ու «Դելոյթ Քոնսալթինգ Էլ-Էլ-Փի» ընկերության կողմից իրականացվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» և Եվրոպական Միության «Ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրերի շրջանակում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ:
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, կարևորելով այսօրինակ միջոցառումների կազմակերպումը, ընդգծեց, որ համալսարանի որդեգրած առաջնահերթություններից է ուսանողների համար հավելյալ գիտելիք ձեռք բերելու հնարավորությունների ստեղծումը, իսկ ուսանողների խնդիրը՝ այդ հնարավորություններից օգտվելը։
«Համալսարանի ընձեռած հնարավորություններից պետք է օգտվել փորձարարական գիտելիք ձեռք բերելու, մասնագիտական աշխատանքի մասին առավել հստակ պատկերացում կազմելու համար: Այս ծրագիրը Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ ջրային ռեսուրսների կառավարումը մեր երկրում ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն է»,- ասաց նա:
«Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը, խոսելով հեքաթոնի արդյունքներից, ընդգծեց, որ տարբեր բուհերից մրցույթին մասնակցող ուսանողները, բաժանվելով խմբերի, ուսումնասիրեցին Հայաստանում ջրային ռեսուրսների խնդիրները։ Նրանք աշխատեցին իրենց տրամադրված ջրային ռեսուրսների տվյալների հետ և առաջարկեցին դրանց հասցեագրմանն ուղղված իրատեսական լուծումներ։
«Առանցքային նշանակություն ուներ նաև միջբուհական կապը, քանի որ խմբերում ընդգրկված էին տարբեր բուհերի ուսանողներ, որոնք հնարավորություն ունեցան շփվելու տարբեր մասնագիտացում ունեցող իրենց հասակակիցների հետ, ինչը նաև փորձի փոխանակում էր»,- մատնանշեց Արմեն Վարոսյանը:
Անդրադառնալով Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությանը՝ նա նշեց, որ ծրագրի գործընկեր Կոլորադոյի Բոլդեր համալսարանի հետ համատեղ մեկնարկել է անդրսահմանային ջրային ռեսուրսների վերաբերյալ հետազոտական աշխատանքների կատարման գործընթացը, որի համար անհրաժեշտ ֆինանսավորում հայթայթելու նպատակով իրենք պատրաստ են տրամադրելու խորհրդատվություն։ Նա ընդգծեց ծրագրի և բուհերի, այդ թվում՝ ԵՊՀ-ի հետ համագործակցությունը, որի շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն մասնագիտական պրակտիկան անցնելու ծրագրում՝ խորացնելով ջրային ռեսուրսների ոլորտում գիտելիքները և ձեռք բերելով գործնական հմտություններ։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ Վարդուհի Մարգարյանը, որը մեծապես աջակցել է ուսանողներին հեքաթոնի շրջանակում, կարևորեց ուսանողների ակտիվ մասնակցությունը միջոցառմանը, որը նրանց հնարավորություն ընձեռեց ստանալու առավել խորքային գիտելիքներ և է՛լ ավելի արժևորելու իրենց ընտրած մասնագիտությունը։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը փաստեց, որ ուսանողները, մասնակցելով այսօրինակ միջոցառումների, կատարելագործում են իրենց հմտությունները և դառնում առավել մրցունակ մասնագիտական ոլորտում:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Ազնիվ Ավետիսյանը Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքաթոնի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած ուսանողական խմբի կազմում էր: Ազնիվը նշեց, որ խմբի գաղափարն էր ջրային ռեսուրսների տվյալների վերաբերյալ ինտերակտիվ հարթակ ստեղծելը, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուրին մուտք գործելու համակարգ և օգտվելու ջրային ռեսուրսների տվյալներից, ինչպես նաև՝ կատարելու խմբագրումներ:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Քրիստինե Խաչատրյանն էլ 2-րդ մրցանակին արժանացած խմբի կազմում է եղել: Նա պատմեց, որ իրենք ուսումնասիրել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ջրային ռեսուրսների շրջանաձև օգտագործման ծավալը 24 տարվա կտրվածքով, ինչպես նաև Ողջի գետի աղտոտվածության չափը՝ ըստ գետ թափվող մետաղների, և առաջարկել են լուծումներ ինչպես ջուրը մաքրող ֆիլտրերի տեղադրման, այնպես էլ աղտոտվածության չափը գերազանցելու պարագայում ձայնային ազդանշաններ կիրառելու ձևով:
Շնորհակալագրեր հանձնվեցին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Ազնիվ Ավետիսյանին, նույն ֆակուլտետի բակալավրիատրի 2-րդ կուրսի ուսանողներ Լյուդվիգ Հովհաննիսյանին, Ալիկ Բալդրյանին և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Քրիստինե Խաչատրյանին:
Նշենք, որ Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքաթոնն անցկացվել է ս․թ․ հոկտեմբերի 23-24-ը: