Декабря 09, 2024 | 12:44
Образование
Исследовательская работа
Актуальные проблемы и пути развития цифровой экономики в Армении. Видение аспиранта ЕГУ Алисы Геворгян
Технологическая революция принесла новые изменения как в общественные, так и в экономические отношения, и в настоящее время технологии стали основной движущей силой экономического роста. Аспирантка ЕГУ Алиса Геворкян в рамках своего научно-исследовательского проекта будет изучать пути эффективной организации и развития процесса цифровизации экономических отношений РА.
«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտության ծրագիր-2024» մրցույթի հաղթողներից է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտ Ալիսա Գևորգյանը, որն արդեն իսկ սկսել է աշխատանքները «Տնտեսական հարաբերություների թվայնացման խնդիրները ՀՀ-ում» խորագրով իր գիտական նախագծի շուրջ։ Նա կարծում է, որ տնտեսական հաջողությունն այլևս չի հենվում հումքի հարստության վրա (ինչպես եղել է նախկինում), և կարևորվում է ոչ նյութական կապիտալը՝ որպես մրցակցային առավելության աղբյուր: Նրա հետազոտությունը բացահայտելու է ՀՀ տնտեսական հարաբերությունների թվայնացման գործընթացի արդյունավետ կազմակերպման և զարգացման ուղիները՝ նախանշելով թվային տնտեսության ձևավորման գործուն մեխանիզմները ՀՀ-ում:
Հետազոտության արդիականությունը և կարևորությունը տնտեսական զարգացման նոր տեխնոլոգիական մոտեցումների համատեքստում
«Թվային տեխնոլոգիաներն այսօրվա տնտեսության կարևորագույն բաղադրիչներն են, քանի որ դրանք փոփոխում են ծառայությունների և ապրանքների տրամադրման եղանակը: Բեռնափոխադրումն ու առևտուրը թվայնացվել են, ինչը պահանջում է առավել ճկուն և արդյունավետ համակարգեր: Բացի դրանից՝ COVID-19 համավարակի պայմաններում շատ կազմակերպություններ ստիպված էին արագ անցում կատարելու թվային պլատֆորմներին, որպեսզի պահպանեն իրենց գործունեությունը և զբաղվածությունը: Այս գործողությունը բացահայտեց թվայնացման անհրաժեշտությունը համընդհանուր տնտեսության բնագավառներում: Թվային լուծումները փոքր և միջին ընկերություններին հնարավորություն են տալիս մրցունակ մնալու մեծ ընկերությունների շարքում, որոնք ունեն ավելի շատ ռեսուրսներ»,- նշեց Ալիսան:
Ըստ նրա՝ բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դեր ունի պետության մրցունակության, անվտանգության և կենսամակարդակի բարձրացման գործում։ Այն պետությունները, որոնք ստեղծում և զարգացնում են բարձր տեխնոլոգիաները, փոփոխություններ են գրանցում մրցակցային դաշտում և առաջատար դիրքեր զբաղեցնում միջազգային ասպարեզում։ Թվայնացումը բարձրացնում է բիզնես գործընթացների արդյունավետությունը՝ հնարավոր դարձնելով ավտոմատացումը։
«Արդյունքում պակասում են մարդկային սխալները և կրճատվում են գործառնական ծախսերը: Այս բոլոր գործոնները ցույց են տալիս, որ տնտեսական հարաբերությունների թվայնացումը հակված է լինելու Հայաստանի և աշխարհի այլ երկրների սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային շարժիչ ուժերից մեկը»,- կարևորեց ԵՊՀ ասպիրանտը:
Գիտական հետազոտության արդյունքում նախատեսվում է հրապարակել առնվազն 1 հոդված միջազգային գիտական շտեմարաններում (ՄԳՇ), ինչպես նաև առնվազն 3 գիտական հոդված ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ընդունելի տեղական գիտական ամսագրերում։ Ակնկալվում է նաև մասնակցություն մեկ միջազգային և առնվազն երկու տեղական գիտաժողովների՝ հետազոտության հիմնական գիտական արդյունքների վերաբերյալ զեկուցում ներկայացնելու նպատակով։
Հայաստանի տնտեսական հարաբերությունների թվայնացման ընթացքը՝ առկա մարտահրավեր
Ըստ Ալիսայի՝ ՀՀ թվայնացման գործընթացում առկա են մի շարք խնդիրներ, քանի որ պետական կառավարման համակարգում թվային զարգացումը մինչ այժմ ընթացել է անհամաչափ։
«Պետական կառավարման ոլորտում թվային զարգացման նախաձեռնություններին զուգընթաց՝ հայաստանյան տնտեսության մասնավոր հատվածը ևս ակտիվորեն արձագանքում է գործընթացների թվային փոխակերպման համաշխարհային միտումներին։ Թվային տնտեսությունը սպասարկող ճյուղերը (ինչպիսիք են էլեկտրոնային վճարումների համակարգերը, փոստային ենթակառուցվածքները, թվային բանկային ծառայությունները և էլեկտրոնային առևտրին առնչվող ծառայությունները) զարգանում են, սակայն մրցունակությամբ դեռևս զիջում են համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներով»,- նշեց նա և հավելեց, որ թեև էլեկտրոնային առևտուրը զարգանում է, սակայն տարածվածությունը թե՛ բիզնեսի, թե՛ հասարակության շրջանում դեռևս շատ ցածր է։
Ալիսան ընդգծեց, որ ֆինանսական տեխնոլոգիաների շուկան նկատելի զարգացում է ապրում Հայաստանում, ինչն ուղեկցվում է շուկայի մասնավոր մասնակիցների կողմից զգալի ներդրումներով և սեփական բարձր տեխնոլոգիական արտադրանքների մշակմամբ։ Շուկայի ամենաարագ զարգացող ոլորտներն են թվային բանկային ծառայությունները, թվային դրամապանակները, վարկավորման թվային հարթակները և այլն։
«Ուսումնասիրությունները փաստում են, որ առկա է «թվային հմտություններով» մասնագետների պակաս մասնավոր և պետական ոլորտներում։ Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է ներկայիս կրթական ծրագրերի և աշխատաշուկայում ձևավորված պահանջարկի միջև անհամապատասխանությամբ։ Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրները բազմաթիվ են, մինչդեռ ակնհայտ է, որ տնտեսության բոլոր ոլորտների համար հրամայական է ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական մակարդակով, որակապես թվային մատրիցով զարգացումների ապահովումը»,- ասաց նա:
Թվայնացումը՝ որպես մրցակցային առավելություն
Թվային տեխնոլոգիաների կիրառումը կարող է օգնել կազմակերպություններին ավելի լավ պատրաստվելու տնտեսական փոփոխություններին և ճգնաժամերին, ինչն էլ նպաստում է տնտեսության ընդհանուր կայունության ապահովմանը։
Այս բոլոր գործոնները միասին կարող են նշանակալիորեն նպաստել Հայաստանի տնտեսության արդիականացմանը և զարգացումներին։
«Կախված առանձին ճյուղերում նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններից և տնտեսության ոլորտներում գործընթացների կազմակերպման ինստիտուցիոնալ առանձնահատկություններից՝ թվայնացման գործընթացները կարող են էականորեն տարբերվել։ Մասնավորապես կրթության, առողջապահության, մանրածախ առևտրի և ֆինանսների ոլորտներում թվային գործիքների կիրառումը հնարավորություն է տալիս կազմակերպություններին առավել արդյունավետ գործելու, առավել որակյալ ծառայություններ մատուցելու և բարձրացնելու եկամտաբերությունը»,- շեշտեց ԵՊՀ ասպիրանտը։
Ինչպես ընդգծեց երիտասարդ հետազոտողը՝ պետությունը պետք է ապահովի թվայնացման գործընթացի հաջող իրականացումը՝ ֆինանսավորելով թվային ենթակառուցվածքների զարգացումը, ստեղծելով համապատասխան իրավական դաշտ և ներդնելով նոր տեխնոլոգիաներ պետական կառույցներում։ Այն պետությունները, որոնք զարգացնում են թվային տեխնոլոգիաները, ստանում են մրցակցային առավելություն և առաջատար դիրքեր միջազգային ասպարեզում։ Թվայնացումը հնարավորություն է տալիս բարձրացնելու կառավարման արդյունավետությունը։
«Անհրաժեշտ է ուսումնասիրել թվայնացումը հաջող զարգացրած պետությունների (օրինակ՝ Էստոնիայի և Դանիայի) կիրառած քաղաքականությունը և, համապատասխանեցնելով այն հայաստանյան տնտեսական հարաբերությունների արդի իրավիճակին, ուղենշել թվային բարեփոխումների հնարավոր մեթոդներ, ինչն էլ հենց կատարվելու է իմ հետազոտական աշխատանքի շրջանակում»,- ընդգծեց Ալիսան։
Ըստ նրա՝ ՀՀ թվայնացման ոլորտի մի շարք խնդիրների լուծում կարող են լինել միասնական հենքի (Systems development unified framework) ստեղծումը և ներդրումը։
ԵՊՀ ասպիրանտ Ալիսա Գևորգյանը նպատակադրվել է գիտական գործունեություն ծավալել հենց այս ոլորտում՝ շփվելով թվայնացման ոլորտն ուսումնասիրող մասնագետների և հետազոտողների հետ, կատարելով էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային բիզնեսի և էլեկտրոնային ծառայությունների բոլոր ասպեկտների, նորարարությունների, միտումների և մտահոգությունների, գործնական մարտահրավերների և լուծումների վերաբերյալ հրապարակումներ և ներկայացնելով զեկուցումներ։
Ներկայում նա աշխատում է որպես ֆինանսիստ, ինչն անմիջականորեն կապված է հետազոտության ոլորտի հետ և կնպաստի իր գիտական աշխատանքների կատարմանը։