Декабря 13, 2024 | 11:00
Общество
Исследовательская работа
Публикации и научные журналы
Причины армянских миграций и депортаций – предмет нового научного исследования
В сфере научных интересов профессоров исторического факультета ЕГУ Акопа Арутюняна и Айказа Оганесяна находится тема армянских миграций и депортаций. Вместе со своей научной группой учёные раскроют причины и исторические обстоятельства армянских миграций, а также прольют свет на то, почему некогда процветающие армянские колонии постепенно «исчезли» и почему многие из армян, проживающих в колониях, пошли по пути ассимиляции с местными народами.
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթի արդյունքում ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորների ներկայացրած «Հայոց գաղթերը և տեղահանությունները» խորագրով պատմաքննական վերլուծության հայտն արժանացել է ֆինանսավորման:
Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանը ներկայացրել է պատմությունը մանրամասնորեն ուսումնասիրելու, չբացահայտված դրվագները վերհանելու նպատակներն ու ակնկալիքները:
Հայկական գաղթավայրերի գոյատևման և ձուլման պատճառների բացահայտման կարևորությունը
2023 թ. սեպտեմբերին տեղի ունեցավ հերթական ողբերգական իրադարձությունը հայ ժողովրդի կյանքում. արցախահայությունը բռնեց գաղթի ճանապարհը, հայ ժողովրդի զգալի հատված կրկին տեղահանվեց: Այս տեղահանությունը և գաղթը հայ ժողովրդին բաժին հասած անարդարություններից էին, և այդ իրողությունը չպետք է արժանանա աշխարհի, առավել ևս՝ հայ պատմագիտական մտքի անտարբերությանը:
Արցախահայությանը բաժին հասած այս ծանր ողբերգությունը հարկադրում է փոխելու մեր պատմագիտական վերաբերմունքն ու գնահատականները ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում մեր պատմագիտության մեջ ամրագրված դրույթներում և եզրակացություններում:
Գիտական խմբի խնդիրը հայկական գաղթերի ու տեղահանությունների, առավել ևս՝ գաղթավայրերի պատմության շարադրանքը չէ, այլ հայկական գաղթավայրերի գոյատևման, դրանց նախորդած տեղահանությունների, ներկայում ձուլման պատճառների բացահայտումն ու վերլուծությունն է դասագրքային և տեսական խնդիրներից դուրս:
Նոր մարտահրավերներն ունեն գիտական ուսումնասիրությունների անհրաժեշտություն
Հայկական գաղթավայրերի առաջացման, 1915 թ. հետո՝ նաև Հայկական սփյուռքի պատմության դրվագները, անշուշտ, քննության առարկա են դարձել հայ պատմաբանների կողմից: Կան ինչպես առանձին հայկական գաղթավայրերի պատմությունը ներկայացնող, այնպես էլ այդ պատմությունն ամփոփող աշխատություններ, որոնք տարբեր ժամանակներում լրացրել են պատմագիտության թերի կողմերը: Սակայն, համալսարանականների պատկերացմամբ, այդ աշխատություններում գերազանցապես հայկական գաղթավայրերի ներքին կյանքի մանրամասների, տնտեսական և մշակութային հարցերի անդրադարձներ են:
Հայկական գաղթավայրերի մասին հսկայական գրականություն հրապարակվեց խորհրդային տարիներին։ Ընթերցողների սեղաններին դրվեցին հայկական գաղթավայրերին ու Սփյուռքի պատմությանը վերաբերող աշխատություններ, թեպետ հարկ է արձանագրել, որ դրանք առավելապես նախկին ԽՍՀՄ տարածքն ընդգրկող շրջաններին էին վերաբերում՝ Ղրիմ, Աստրախան, Դոնի Ռոստով, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և այլն:
Բարձր գնահատելով պատմաբանների կատարած աշխատանքը՝ գիտական խումբը, այդուհանդերձ, արձանագրում է, որ խորհրդային պատմագիտության ժամանակներից հաստատված թեզերը այլևս չեն համապատասխանում հայ ժողովրդի առջև ծառացած այժմյան մարտահրավերներին։
Գիտական խմբի անդամները համոզված են՝ արցախահայության հետ կատարվածը ևս մեկ անգամ պատմաբանների առջև արդարացի պահանջ է դնում՝ քննելու և վերլուծելու հայության կյանքում արդեն շարունակական դարձած այս ողբերգական իրավիճակների պատճառները, հետևանքները, որ ապագայում նման ողբերգական փաստերի առջև չկանգնենք:
Գիտական խումբը կփորձի բացահայտել, թե որտեղ է թերացել կամ անկարող եղել հայ ժողովուրդը այս արհավիրքների դիմակայության ճանապարհին, և կա՞ն արդյոք խոցելի կետեր մեր գոյատևման ու հարատևման ճանապարհին:
Հայկական գաղութների «մարումը»՝ ուսումնասիրության առարկա
Հարկավոր է բացահայտել, թե ինչ պատճառներով կամ պատմական ինչ հանգամանքների բերումով հայկական գաղթավայրերը գնալով «մարեցին», մի մասը նույնիսկ վերացավ, մի մասում հայությունը բռնեց տեղի ժողովուրդների հետ ձուլման ճանապարհը, մյուսում չդիմացան տեղացիների տնտեսական մրցակցությանը և այլն: Գիտական խմբի կարծիքով՝ այդ հարցերի պատասխանները մեր պատմագիտական գրականության մեջ թերի են կամ էլ՝ ոչ բավարար:
Գիտական խումբը կկատարի հայկական գաղթերի և բռնի տեղահանությունների պատմության անցյալի և ներկա իրողությունների քննություն, համադրության և վերլուծության հենքի վրա կառաջարկի խնդրի լուծմանը միտված և հայության համար ընդունելի տարբերակներ:
Ուսումնասիրությունը չի սահմանափակվելու միմիայն հայության պատմական և գոյաբանական հիմնախնդիրներին անդրադարձով: Համեմատական վերլուծության կենթարկվի նաև այժմ Հայաստանում (նաև՝ Մեծ Հայքի տարածքն ընդգրկող) ապրող օտարազգի համայնքների (հունական, հրեական, ասորական, քրդական (եզդիական), ռուսական և այլն) պատմությունը, կվերլուծվեն գոյաբանական-կրոնական հիմնախնդիրները:
Գիտահետազոտական խումբը կքննարկի քաղաքական-տնտեսական, դավանաբանական, մշակութային աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը հայկական գաղթավայրերի, համայնքների թուլացման, անկման, տեղահանությունների (ցեղասպանությանը հասնող) գործընթացների վրա:
Իրարամերժ փաստերի վերլուծումը՝ գիտական խմբի քննության տիրույթում
Հետազոտության ընթացքում կիրառվելու են արդի գիտության մեջ այժմ լայն կիրառություն ստացած բովանդակային վերլուծության մեթոդները, արխիվային նյութերի, տարաբնույթ վկայությունների ու տեղեկությունների քննական վերլուծության տարբեր մեթոդներ: Սկզբնաղբյուրների, արխիվային վավերագրերի ուսումնասիրության ընթացքում գիտական խումբը հետամուտ կլինի ցուցաբերելու քննական մոտեցում, համեմատելու և վերլուծության ենթարկելու տարաբնույթ, երբեմն՝ իրարամերժ փաստերն ու տեսակետները: Հետազոտության մեթոդաբանական հիմքը իստորիզմի սկզբունքն է, պատմական իրադարձությունների ժամանակագրական հաջորդականության սկզբունքի հետևողական պահպանումը: Եվ քանի որ հետազոտության առարկան են լինելու բացառապես պատմական բնույթի հարցեր (սոցիալ-քաղաքական, իրավական, հոգևոր-մշակութային և այլն), ուստի ուսումնասիրությունը կատարվելու է արխիվային վավերագրերի և առկա պատմագիտական գրականության, մամուլի նյութերի քննախույզ հետազոտության հիման վրա:
Հետազոտության արդյունքները կհանրայնացվեն նաև միջազգային գիտական հանրույթի շրջանում
Հետազոտությունը կտևի երեք տարի, որի ընթացքում ուսումնասիրությունից ակնկալվող հիմնական արդյունքը կհրապարակվի միջազգային հեղինակավոր գիտական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում: Գիտական խմբի անդամները կպատրաստեն նաև հայաստանյան առաջատար գիտական հանդեսների համար հոդվածներ, ինչպես նաև կմասնակցեն հանրապետական և միջազգային գիտաժողովների՝ հավաքագրած նյութերը հանրայնացնելու նպատակով։
Գիտական խմբի ղեկավարն է պ.գ.դ., պրոֆեսոր Հակոբ Հարությունյանը, խմբի առաջատար անդամը՝ պ.գ.դ., պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանը: Խմբի մյուս երկու մասնակիցները երիտասարդ պատմաբաններ են՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ, պ.գ.թ. Հրածին Վարդանյանը և պ.գ.թ. Էդուարդ Հովհաննիսյանը:
Խմբի արտասահմանյան գիտական խորհրդատուն է Մինսկի համալսարանի պրոֆեսոր Վյաչեսլավ Մենկովսկին: