Декабря 19, 2024 | 11:51
Наука
Образование
Исследовательская работа
Моделирование ритуального ландшафта бронзового и железного веков с использованием новых инструментов
ԵՊՀ պատմության ֆակուլտետի hնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանի ու նույն ամբիոնի դոցենտ Արտակ Գնունու գիտական խմբի հետազոտության տիրույթում է ծիսական աշխարհագրությունը: Նրանք բացահայտելու են բնական և մարդածին գործոնները՝ ծիսական շրջանի ձևավորման գործընթացում:
Պրոֆեսոր Հայկ Ավետիսյանի ղեկավարությամբ մշակված «Հայաստանի բրոնզ-երկաթեդարյան ծիսական լանդշաֆտի մոդելավորումը» վերտառությամբ հայտն արժանացել է ֆինանսավորման ԿԳՄՍՆ հայտարարած «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթում:
Հետազոտությունն իրականացնող գիտական խմբի կազմում ընդգրկված են նաև ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի ասպիրանտ Արտյոմ Անանյանը, Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության բաժնի բակալավրիատի չորրորդ կուրսի ուսանող Մխիթար Թադևոսյանը: Գիտական խմբի գործընկերն է Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի թանգարանագիտության և հնագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ռենե Կունցեն:
Պատմության ֆակուլտետի hնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ Արտակ Գնունին ներկայացրել է հետազոտության թեմայի կարևորությունն ու ակնկալվող արդյունքը:
Սրբազան լանդշաֆտի դերը մարդկանց կյանքում
Վերջին տասնամյակներում մասնագիտական գրականության էջերում մեծ տեղ է հատկացվում «ծիսական տարածք», «ծիսական լանդշաֆտ», «պաշտամունքային վայր» հասկացություններին: Այս առումով առաջ են եկել միջգիտակարգային մոտեցումներ, և սա պատահական չէ, քանի որ ծիսական աշխարհագրությունը տարբեր մասնագիտությունների՝ փիլիսոփայության, կրոնագիտության, աշխարհագրության, մշակութաբանության, հնագիտության ուսումնասիրության տիրույթում է և առնչվում է մարդկային վարքագծային կանոններին ու ինքնության ձևավորման խնդիրներին:
Սրբազան լանդշաֆտ են կոչվում բնական կամ բնական-մարդածին աշխարհագրական համալիրները, որոնք մարդկանց հոգևոր պահանջմունքները բավարարելու գործառույթ են կատարում: Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի լանդշաֆտային միավորների մոդելավորումը ժամանակակից քարտեզագրական թվային մեթոդներով, ինչի հիմնական նպատակը բնական լանդշաֆտում, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանում ձևավորվող պոլիսանման բազմաֆունկցիոնալ համալիրներում այդ միավորների տեղի ու դերի բացահայտումն է:
Արդի գործիքակազմի կիրառումը՝ լանդշաֆտի հնամշակութային իրողությունները վերակազմելու միջոց
Հետազոտող խումբն այս բնագավառում կատարել է մի շարք ուսումնասիրություններ, որոնք ներառում են պատմական Սյունիքի, Արցախի և Արագածոտնի տարածաշրջանները: Ուսումնասիրությունների ընթացքում հավաստվել և քարտեզագրվել են մի շարք հուշարձաններ, խմբի անդամների մասնակցությամբ իրականացվել են պեղումներ Արամուս, Բջնի, Կապան, Կերեն, Միրիկ, Օշական հնավայրերում: Ներկայացվող ծրագրի շրջանակում նախատեսվում է հնագիտական հետազոտության մեթոդներով իրականացնել հուշարձանների հավաստում և բնորոշում, շինարվեստի պարզաբանում, վերգետնյա նյութի հավաքագրում, չափագրում և գրչանկարում: Առկա քարտեզագրական հիմքերի ուսումնասիրություն GIS (geographic information system) մեթոդների կիրառմամբ: Կվերակազմվեն լանդշաֆտի հնաաշխարհագրական և հնամշակութային իրողություններն ու դրանց էվոլյուցիոն զարգացումը խնդրո առարկա ժամանակաշրջանում: Հետազոտությունների իրականացման ընթացքում կիրառվելու են մի շարք գործիքակազմեր, ինչպիսիք են՝ թվային քարտեզագրումը («Qgis», «Global Mapper», «ArcGis» ծրագրերով), հեռահար զոնդավորումը (remote sensing) և հուշարձանների եռաչափ թվայնացումը («Agisoft Metashape» ծրագրով)):
Ուղիներ՝ բացահայտելու ծիսական շրջանի ձևավորումը
Ծրագրի հիմնական նպատակներն են բացահայտել բնական և մարդածին գործոնները, որոնք նպաստում են ծիսական շրջանի ձևավորմանը, դիտարկել ծիսական շրջանի տեղն ու դերը պոլիսանման բազմաֆունկցիոնալ համալիրներում (պաշտպանական, տնտեսական շրջաններ), վեր հանել ծիսական շրջանի հիմնական հատկանշական գծերը, հետազոտել սակրալ տարածքի կազմավորումը բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանում՝ ստեղծելով տվյալների բազա: Գիտական խումբը վերոնշյալ նպատակն իրագործելու համար իրականացնելու է սրբազան օբյեկտների հաշվառում և տիպաբանություն, սրբազան օբյեկտների տեղայնացում ամփոփ տարածքում, սակրալ շրջանի բնական լանդշաֆտային բաղադրատարրերի ցուցակագրում և քարտեզավորում, սրբագործված տարածքի դիտարկում բնակավայրային համատեքստում, հնագույն ճանապարհների, օգտակար հանածոների հանքերի քարտեզագրում սրբագործված տարածքների համատեքստում, սրբագործված տեղանքի եռաչափ պատկերների ստեղծում:
Ավանդական հետազոտման և պատմաշխարհագրական նորարար մեթոդների համադրումը՝ որպես նորույթ
Ներկայացվող աշխատանքի նորույթ կարելի է համարել այն, որ հայցորդները սրբազան լանդշաֆտը դիտարկում են բնակեցման տիրույթի այլ բաղադրատարրերի հետ փոխկապակցված (պաշտպանական, կենսաապահովման համալիրներ, հիմնական ճանապարհներ): Մեթոդական առումով նորույթ է ավանդական հետազոտման (հնագիտական հետախուզում, վերգետնյա նյութի հավաքագրում և համակարգում, հնագիտական հավաստում) և պատմաշխարհագրական նոր մեթոդների (տեղանքի 3D մոդելավորում, թվային քարտեզագրում) համադրումը: Մասնավորապես կիրառվելու են թվային այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (geographic information systems), դրոնավորումը և ֆոտոգրամտրիան:
Հետազոտության արդյունքների հանրայնացում
Գիտական խումբը նախատեսում է հրապարակել առնվազն 4 հոդված միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում, որոնցից առնվազն երկուսը պետք է ունենա նվազագույնը Q2 քառորդին համարժեք SJR ինդեքս (SCImago Journal Rank Indicator): Հիմնական արդյունքների վերաբերյալ զեկուցումներ կներկայացվեն հանրապետական և միջազգային գիտաժողովներում: