Апреля 16, 2025 | 10:47
Образование
Международное сотрудничество
Наука — это путь к достижению целей. Научный путь Татевик Саруханян в мире физики
Терпеливая в работе и целеустремленная в жизни. Молодой физик Татевик Саруханян нашла свое уникальное место в мире физики, не только проводя научные исследования, но и руководя командной работой, участвуя в инновационных проектах и открывая возможности применения физических явлений в современных технологиях.

ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի «Օպտիկական միկրոհամակարգերի մոդելավորում և միկրոմշակում» գիտական խմբի ղեկավար Տաթևիկ Սարուխանյանի ուղին սկսվել է ուսանողական տարիներից ու աստիճանաբար շարունակվել ֆոտոնիկայի, օպտիկական հաշվման և միկրոտեխնոլոգիաների ոլորտներում։ Այսօր նա ղեկավարում է գիտական խումբ, համատեղում դասավանդումը և լաբորատոր աշխատանքները։ Տաթևիկի համար գիտությունը պարզապես աշխատանք չէ. այն մի աշխարհ է, որտեղ խնդիրները լուծվում են համառությամբ, իսկ ստացված գիտական արդյունքները՝ ուղղորդում դեպի նոր ճանապարհներ։
Տաթևիկը մեզ հետ զրույցում պատմել է, թե ինչով է զբաղվում այսօր, ինչպես է սկսել գիտական ուղին, ինչն է ոգեշնչում նրան առաջ շարժվել և ինչպես է իր գիտական գաղափարները վերածում իրական նախագծերի։

«Հստակ որոշել էի, որ ֆիզիկայի ուղղությամբ եմ շարունակելու ուսումս․ ինձ հետաքրքրում էր ֆիզիկայի աշխարհը, հատկապես գիտական փորձերը։ Իսկ գիտության աշխարհում առաջին քայլերս կատարել եմ ասպիրանտուրա դիմելու տարիներին։ Սկզբում շատ դժվարությունների եմ հանդիպել, սակայն համառորեն շարունակել եմ պայքարել՝ հասնելով իմ սահմանած նպատակներին»,- պատմում է Տաթևիկը։
Նրա գիտական կարիերայի ձևավորման վրա էական ազդեցություն են ունեցել գիտական ղեկավարները՝ ԵՊՀ պրոֆեսորներ Ռոման Ալավերդյանը և Աշոտ Գևորգյանը։ Նրանց աջակցությունն ու մշտական խրախուսանքն օգնել են Տաթևիկին հաղթահարել դժվարությունները, չհիասթափվել ու միշտ ձգտել լավագույնին։ Տաթևիկը շեշտեց, որ իր մասնագիտական կյանքում հատուկ տեղ ունի նաև ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի վարիչ Մուշեղ Ռաֆայելյանը, որը Հայաստանում սկիզբ դրեց օպտիկական հաշվման ոլորտին՝ ստեղծելով միջավայր, որտեղ ինքը՝ Տաթևիկը, հնարավորություն ունեցավ խորանալու ժամանակակից և արագ զարգացող գիտական ուղղության մեջ։ Այդ համագործակցությունը նոր էջ բացեց նրա գիտական ճանապարհին՝ դառնալով նորարարական հետազոտությունների մեկնարկային կետ։
«Իմ աշխատանքային օրը սկսվում է համալսարանում․ սկզբում, բնականաբար, որպես խմբի ղեկավար վարչարարական աշխատանքներ եմ կատարում, այնուհետև օրվա մնացած մասն անցկացնում լաբորատորիայում։ Իմ գիտական խմբում ընդգրկված ուսանողները կատարում են տեսական և փորձարարական աշխատանքներ՝ երեք ուղղությամբ։ Նրանց հետ քննարկում ենք առկա խնդիրները և փորձում գտնել դրանց լուծումները»,- նկարագրում է Տաթևիկը, որն իր լավագույն ձեռքբերումներն է համարում գիտական աշխատանքները։

Ֆիզիկայի մասնագետը համարում է, որ գիտությունը ինչպես փորձերի ու մաթեմատիկական մոդելների վրա կատարվող աշխատանք է, այնպես էլ ստեղծագործական մոտեցումների ու նորարարությունների համադրություն։ Ըստ նրա՝ առանց այդ համադրության չենք կարող ստանալ արդյունքներ, որոնք կլինեն ճշգրիտ և միաժամանակ նորամուծություն կմտցնեն տվյալ ոլորտ։
Արդեն 5 տարի է, ինչ Տաթևիկն աշխատում է ԵՊՀ-ում՝ զբաղվելով գիտական գործունեությամբ։ Նա իր հետազոտությունները սկսել է հեղուկ բյուրեղ-պոլիմեր համակարգից լազերային ճառագայթում ստանալու ուղղությամբ, որի վերաբերյալ էլ 2023 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։
«2020 թվականից ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայում (իհարկե, այն ժամանակ դեռևս որպես լաբորատորիա ստեղծված չէր, և թիմը նոր էր ձևավորվում) սկսել եմ ուսումնասիրել նաև օպտիկական ռեզերվուար հաշվման մեջ հեղուկ բյուրեղների կիրառումը։ Այս ուղղությամբ դեռևս շարունակվում են իմ հետազոտությունները։ Երեք տարի առաջ ֆինանսավորման երաշխավորվեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագրի շրջանակում ներկայացված մեր հայտը՝ «Առաջադեմ միկրոֆաբրիկացիա երկֆոտոնային պոլիմերացումով (2PP)՝ ինվիտրո ախտորոշիչ լաբորատորիա չիպի վրա պլատֆորմների զարգացման համար»։ Սա 5 տարվա ծրագիր է, որի ղեկավարներն են Բրյուսելի ազատ համալսարանի պրոֆեսորներ Հեյդի Օտտևաերը և Տիգրան Բաղդասարյանը, իսկ ես այդ ծրագրի համաղեկավարն եմ»,- պատմում է նա։
Այս համատեղ ծրագրի շրջանակում ստեղծվում է համակարգ, որը հնարավորություն է տալիս լուսազգայուն պոլիմերում կատարելու եռաչափ տպագրություն՝ շնորհիվ երկֆոտոն պոլիմերիզացիայի։ Այս համակարգը կատարելու է շերտ առ շերտ տպագրություն՝ հնարավորություն ընձեռելով տպելու մի քանի հարյուր նանոմետրական չափերի կառուցվածքներ և ֆոտոնային էլեմենտներ։

«Եռաչափ տպագրությամբ նախատեսում ենք ստանալ «լաբորատորիա չիպի վրա» համակարգեր, որոնք կարող են կիրառվել բժշկության, կենսաբանության և այլ ոլորտներում։ Այս ծրագրի շրջանակում ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում ստեղծվել է նաև «Օպտիկական միկրոհամակարգերի մոդելավորում և միկրոմշակում» անվամբ գիտական խումբ, որի ղեկավարն եմ ես։ Նշեմ նաև, որ այս տարվանից սկսել եմ դասավանդել ԵՊՀ-ում»,-մատնանշում է Տաթևիկը։
Երբ գիտական խմբի երիտասարդ ղեկավարին հարցրինք՝ ինչպես է հաղթահարում այն պահերը, երբ հետազոտությունները կամ փորձերը չեն ստացվում, նա պատասխանեց․ «Փորձում եմ մի քանի օր չզբաղվել տվյալ խնդրով։ Այնուհետև կրկին վերադառնում եմ և ավելի թարմ մտքերով փորձում լուծել այն։ Նաև քննարկումներ եմ ունենում փորձառու գործընկերներիս հետ»։
Տաթևիկ Սարուխանյանը արդեն տասը գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են գրախոսվող միջազգային տարբեր պարբերականներում։
Հեղուկ բյուրեղներից կազմված տարբեր համակարգերից լազերային ճառագայթում ստանալու հնարավորություն, անալոգ նեյրոնային ցանցեր, հեղուկ բյուրեղների օգնությամբ ռեզերվուար հաշվմամբ քաոսային կերպով փոփոխվող տվյալների կանխատեսումներ․ տարբեր են Տաթևիկի ուսումնասիրության ոլորտները։
«Սկսել եմ ուսումնասիրել նաև նոր ուղղություն՝ եռաչափ տպագրություն՝ երկֆոտոն պոլիմերիզացիայի շնորհիվ, որը հնարավորություն է տալիս ստանալու փոքր լուծողունակությամբ կառուցվածքներ։ Ինտեգրելով լույսի մոդուլյատոր՝ կստանանք շերտ առ շերտ տպագրություն, որը կարագացնի տպագրման ընթացքը»,- հավելում է նա։

Տաթևիկի ապագայի ծրագրերն ուղղված են ինչպես միջազգային, այնպես էլ տեղական համագործակցությունների ընդլայնմանը՝ ընդգրկելով թե՛ կիրառական, թե՛ հիմնարար հետազոտությունների ոլորտները։ Նա նպատակ ունի իր գիտական խմբով ստեղծելու այնպիսի պլատֆորմներ, որոնք ոչ միայն կիրառելի կլինեն ակադեմիական միջավայրում, այլև կհամապատասխանեն Հայաստանի զարգացման գործնական անհրաժեշտությանը։
Տաթևիկ Սարուխանյանի կերպարը բացահայտելու համար առաջարկել ենք նրան պատասխանել մի քանի բլից հարցերի, որոնք ցույց են տալիս նրա հետաքրքրությունները, մոտեցումը գիտությանը, ինչպես նաև աշխարհընկալումը։
- Տաթևի՛կ, եթե կրկին ընտրություն կատարեիք, նորից ֆիզիկա՞ն կընտրեիք։
- Այո՛, նորից կընտրեի ֆիզիկան։
- Ի՞նչն է Ձեզ ամեն օր մոտիվացնում գիտական գործունեության մեջ։
- Գիտական փորձերը։
- Ինչպիսի՞ն եք Դուք թիմային աշխատանքում։
- Թիմի անդամների կարծիքը կարևորող։
- Եթե հնարավորություն ունենայիք զրուցելու անցյալի որևէ գիտնականի հետ, ո՞ւմ կընտրեիք և ինչի՞ մասին կխոսեիք։
- Կընտրեի Ալբերտ Էյնշտեյնին․ կուզեի նրա հետ խոսել իր տեսության մասին։
- Ձեր կարծիքով՝ ի՞նչ արժեքներ պիտի ունենա ժամանակակից գիտնականը։
- Անընդհատ նորը փնտրող, պրպտող։
- Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում (բայց ոչ գիտական ոլորտներից)։
- Ոգեշնչում է արվեստը, մասնավորապես Կամերային երաժշտության ազգային կենտրոնի դասական համերգները, որոնց ես հաճախ եմ ներկա լինում։
- Կա՞ մի գիրք կամ ֆիլմ, որը մեծ ազդեցություն է թողել Ձեզ վրա։
- «Աշնան արև» ֆիլմը։
- Սիրած գիտական տերմինը կամ երևույթը։
- Լույսի ընտրողաբար անդրադարձում։
- Մեկ բառով՝ ինչպիսի՞ն է Տաթևիկը աշխատանքում։
- Համբերատար։
- Մեկ բառով՝ ինչպիսի՞ն է Տաթևիկը կյանքում։
- Նպատակասլաց։