Апреля 17, 2025 | 15:15
Конференции
Исследовательские центры и институты
Исследовательская работа
В ИАИ подвели итоги научной деятельности за прошедший год
В ЕГУ состоялась итоговая конференция Института арменоведческих исследований (ИАИ), в ходе которой были представлены результаты научной деятельности структурных подразделений института за прошедший год.

ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, կարևորելով ՀՀԻ կազմակերպած գիտաժողովի արդյունավետությունը, ընդգծեց. «Արդեն երկրորդ տարին հաջողությամբ անցկացվում է Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հաշվետու գիտաժողովը: Այս հանգամանքը կարևոր է նաև այն առումով, որ ինստիտուտի բաժինների հաղորդակցությունն առավել ինտենսիվ է դառնում: Գործընկերները էլ ավելի քաջատեղյակ են լինում միմյանց կատարած աշխատանքներից, հետազոտություններից ու նախագծերից: Այս մոտեցումը խթանում է միջգիտակարգային համագործակցությունը»:

Պրոռեկտորն անդրադարձավ նաև ԵՊՀ-ի նախորդ տարի ունեցած հաջողություններին՝ մատնանշելով, որ աննախադեպ էր համալսարանի հետազոտողների գիտական աշխատանքների հրապարակումների թիվը «Scopus» և «Web of Science» միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում: Նա կարևորեց նաև հետազոտությունների բարձր որակն ու թեմատիկան, որոնք մեծ հետաքրքրություն կներկայացնեն միջազգային գիտական հանրույթի համար: Ռաֆայել Բարխուդարյանի խոսքով ԵՊՀ հետազոտողների հրապարակած գիտական հոդվածների թիվը Հայաստանի Հանրապետության հետազոտական այլ կառույցների կատարած աշխատանքի համեմատ բավական մեծ թիվ է կազմում:
«Գիտակրթական ոլորտում պետք է կարողանալ ավելի բարձր նշաձողեր սահմանել ու հասնել դրանց»,- եզրափակելով իր ելույթը՝ շեշտեց Ռաֆայել Բարխուդարյանը:

ՀՀԻ տնօրեն Վահրամ Պետրոսյանը, ներկայացնելով հաշվետու գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ պատրաստվել են աշխարհաքաղաքական, տնտեսական, սոցիալական արդի ու պատմական խնդրահարույց հարցերին առնչվող ավելի քան 20 զեկույցներ:
Հայ-թուրքական հարաբերություններ
Սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի կրտսեր գիտաշխատող, դոցենտ Արա Հովհաննիսյանը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդի գործընթացից և անդրադարձավ այդ հարցում Սփյուռքի դիրքորոշմանը: Հայ-թուրքական հարաբերությունների հարցը շատ զգայուն արձագանք է ունեցել հատկապես Սփյուռքում, քանի որ ցանկացած զարգացում փոխկապակցված է համահայկական կարևորություն ունեցող հիմնախնդիրների՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի հետ:
«Սկսած 1991 թվականից՝ հայ-թուրքական կարգավորմանն ուղղված քայլերը որևէ արդյունք չեն տվել, քանի որ չնայած հարաբերությունների հաստատման և կարգավորման պատրաստակամության մասին Թուրքիայի մշտական հայտարարություններին՝ այնուամենայնիվ վերջինս որևէ գործուն քայլ չի կատարել դրանք կյանքի կոչելու համար: Ավելին՝ հարաբերությունների կարգավորման գործընթացի փորձերն անհաջող ավարտ են ունեցել, քանի որ Թուրքիան մշտապես առաջ է քաշել Հայաստանի համար անընդունելի նախապայմաններ»,- ասաց նա և հիշատակեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մեկնարկեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց:
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների ունեցած հանդիպումները, ինչպես նաև այդ գործընթացի վերաբերյալ Սփյուռքի խոր մտահոգությունները նկատի ունենալով՝ գիտաշխատողը նշեց. «Քանի որ հարաբերությունների կարգավորման գործընթացը տեղի է ունենում հայության և Հայաստանի համար շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում (Հայաստանը 2020 թվականի ծանր պատերազմի և կորուստների հետևանքով հայտնվեց խոցելի իրավիճակում), սփյուռքահայության շրջանում կա տեսակետ, որ Հայաստանը չի կարող պաշտպանել իր շահերը և բանակցությունների ընթացքում առանց նախապայմանների գործընթաց սկսելու փոխարեն պարզապես գնալու է հայության համար կորստաբեր զիջումների»:
Արա Հովհաննիսյանն անդրադարձավ նաև 2022-ին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումից հետո Թուրքիայում հրատարակվող հայկական թերթերի հրապարակումներին, ինչպես նաև Սփյուռքի հայկական քաղաքական կառույցների մտահոգություններին:
Ներսփյուռքյան տեղաշարժեր
Սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի գիտաշխատող Տիգրան Ղանալանյանը ներկայացրեց 1950-1980-ական թվականների հյուսիսարևելյան Աֆրիկայից հայերի արտագաղթի պատճառները, ուղղությունները, հայկական հասարակական-քաղաքական կառույցների՝ հայրենադարձվելուն ուղղված հորդորները: Նա մասնավորապես նշեց, որ Եգիպտոսի, Եթովպիայի և Սուդանի հայերն ավելի շատ արտագաղթել են երրորդ երկիր, քան հայրենադարձվել են՝ որպես օրինակ ընդգծելով Եգիպտոսի մեծ թվով հայերի արտագաղթը դեպի Կանադա և Ավստրալիա: Տիգրան Ղանալանյանը շեշտեց, որ արտագաղթի հետևանքով Եթովպիայում և Սուդանում դադարեց հայկական համայնքների գոյությունը, իսկ Եգիպտոսում բնակվող հայերի թիվը կտրուկ նվազեց. 35000-40000 հայերից մնացին 3000-ը:
Զեկույցներով հանդես եկան նաև ՀՀԻ տարբեր բաժինների գիտաշխատողներ՝ Գոհար Ղամբարյանը, Սառա Մկրտչյանը, Սարգիս Գրիգորյանը, Նարեկ Սուքիասյանը, Մուշեղ Ղահրիյանը, Նարեկ Գրիգորյանը, Ռաֆիկ Ավետիսյանը, Լիանա Համբարձումյանը, Նելլի Մինասյանը և այլք:
Հետազոտողները զեկույցներում անդրադարձան Հայաստանի և Չինաստանի տարածաշրջանային տնտեսական քաղաքականության առանձնահատկություններին, ՀՀ պարենային անվտանգության մարտահրավերներին, Օսմանյան կայսրության պետական քաղաքականությանն ու հայերի հողազրկմանը, հայրենադարձությանն ու ինտեգրման քաղաքականությանը, Հայաստանի և Իսրայելի օրինակով՝ հիբրիդային պատերազմին, Հարավային Կովկասում ԵՄ-ի արտաքին և անվտանգային քաղաքականության կերպափոխմանը և այլ թեմաների: