- Главная
- Node
- ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
Ноября 05, 2019 | 17:29
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակն է, կարևորելով ԵՊՀ-ի և Իջևանի մասնաճյուղի միջև հեռանկարային համագործակցության ամրապնդումը, նպաստել ՀՀ աշխատաշուկայում ուսանողների մրցակցության բարձրացմանը:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը նշեց, որ ծրագրի օրակարգը կազմվել է՝ ելնելով այն սկզբունքից, որ ծրագրի մասնակիցների օրը համալսարանում հնարավորինս հագեցած լինի:
«Ծրագրի շնորհիվ մասնակիցները՝ որպես ապագա մասնագետներ, հնարավորություն ունեցան ծանոթանալու աշխատաշուկայի այսօրվա պահանջներին և անհրաժեշտ հմտություններին,- ասաց Կարինե Նազարյանը,- այս ձևաչափով համագործակցությունը Իջևանի մասնաճյուղի հետ առաջինն է, բայց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ամեն ինչ անելու է, որ նմանօրինակ համագործակցությունը շարունակական բնույթ կրի»:
Ուսանողներին ողջունեց նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը:
Արթուր Իսրայելյանը, շնորհավորելով ուսանողներին Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ, նշեց՝ շատ ուրախ է, որ այսօրվա ծրագիրը տեղի է ունենում ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակի միջոցառումների շրջանակում:
«Դեռևս մի քանի ամիս առաջ, երբ մենք Իջևանի մասնաճյուղ այցելեցինք, անդրադարձանք նաև մասնաճյուղի ուսանողների ներգրավվածությանը միջազգային գործընթացներին»,- փաստեց Արթուր Իսրայելյանը՝ հավելելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Իջևանի մասնաճյուղի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միջև ՝պարբերաբար մասնաճյուղ այցելելու և ծրագրեր ներկայացնելու, որոնց կարող են մասնակցել նաև Իջևանի մասնաճյուղի ուսանողները:
Արթուր Իսրայելյանի խոսքով, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժ/պ Անուշավան Մակարյանը ցանկություն է հայտնել մասնաճյուղում կազմակերպել արևելյան 3 լեզուների՝ չինարենի, ճապոներենի և կորեերենի դասավանդումը. «Մենք արդեն այդ համագործակցության ստեղծման ցանկության մասին հայտնել ենք ՀՀ-ում Չինաստանի և Կորեայի դեսպանություններին»:
ԵՊՀ պրոռեկտորն ուսանողներին խորհուրդ տվեց հատկապես ուշադիր լինել CV գրելու հմտությունների մասին դասախոսությանը՝ աշխատաշուկայում ճիշտ ներկայանալու համար:
Այնուհետև ուսանողները շրջայց կատարեցին ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում:
Թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը հյուրերին ներկայացրեց համալսարանի հիմնադրման պատմությունը, անվանի պրոֆեսորների ընծայագրերով հազվագյուտ գրքերն ու գիտական աշխատությունները, բուհի պատմությանը վերաբերող արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, ֆիլմեր:
Ուսանողները ծանոթացան նաև 100-ամյա ԵՊՀ-ում պահվող բացառիկ նմուշներին:
Շրջայցից հետո նրանց ողջունեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը՝ ներկայացնելով «CV գրելու և գործատուին ներկայացնելու հմտություններ» խորագրով դասընթացը:
Լիլիթ Հակոբյանը կարևորեց թեկնածուների իրազեկվածությունը կազմակերպության և դրա գործունեության վերաբերյալ:
Վերջինս ուսանողներին ներկայացրեց հարցազրույցների ընթացքում հաճախ տրվող հիմնական բարդ հարցերը, քանի որ դրանք կարող են որոշիչ լինել վերջնարդյունքում, ինչպես նաև համապատասխան հագուստի մասին տեղեկատվություն:
Այնուհետև կենտրոնի աշխատակից Արմինե Հաջաթյանը խոսեց ճիշտ և մրցունակ CV կազմելու գաղտնիքների մասին:
«Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագրի ընթացքում ուսանողները հանդիպեցին նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի ՄՌԿ բաժնի ղեկավար Աշխեն Պողոսյանի հետ:
Վերջինս ուսանողներին ծանոթացրեց հարցազրույցին պատրաստվելու և ներկայանալու նրբություններին, իսկ եթե արդեն ընդունվել են աշխատանքի, ինչպես ընտելանալ ընկերության աշխատաոճին:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Լիանա Ներսիսյանը մեզ հետ զրույցում շնորհակալություն հայտնեց ծրագրի կազմակերպիչներին և նշեց, որ շատ արդյունավետ ու օգտակար օր անցկացրեց ԵՊՀ-ում:
«Ծրագրի մասնակցությունից հետո միանշանակ ինձ համար արդեն ավելի հեշտ կլինի ինտեգրվել աշխատաշուկայում, քանի որ սեմինարավարները նաև որպես գործատուներ մանրամասն բացատրեցին, թե ինչպես պետք է CV գրել, ինչպես ներկայանալ հարցազրույցին և հետագայում կայանալ որպես լավ մասնագետ»,- հավելեց Լիանա Ներսիսյանը: