- Главная
- Node
- ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
Май 29, 2020 | 15:50
Հասարակություն
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
Քննարկմանը մասնակցել են ուսանողներ ոչ միայն ԵՊՀ-ից, այլև Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, ՀՀ ոստիկանական կրթահամալիրից և այլ բուհական հաստատություններից:
Քննարկման սկզբում պարոն Թաթոյանը հանգամանալից կերպով ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները: Նշվել է, որ պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Քննարկման երկրորդ հատվածում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարվող այցերին: Պարոն Թաթոյանը նշել է, որ սովորաբար չեն տեղեկացնում այցից առաջ՝ բոլոր խնդիրները առավել օպերատիվ բացահայտելու համար, մինչդեռ մի շարք եվրոպական արձանագրություններ խորհուրդ են տալիս, որ այցերից առաջ համապատասխան անձնակազմին տեղեկացնեն, ինչին որպես հակափաստարկ՝ պրն. Թաթոյանը նշեց, որ եթե անգամ մեկ ժամ առաջ տեղեկացնեն այցին մասին, այցի նպատակային նշանակությունը կիմաստազրկվի և անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը կբարդանա:
Քննարկման վերջին մասում Արման Թաթոյանը պատասխանել է ներկա ուսանողների հարցերին: Հարցերը մեծամասամբ վերաբերել են քրեական դատվածություն ունեցող անձանց բարդույթներին՝ կապված հասարակության հետ ինտեգրմանը: Արման Թաթոյանը նշել է, որ նմանատիպ խնդիրներից զերծ մնալու համար անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին տրամադրել ազատ արձակմանը, որ խնդիրներ չլինեն նրանց վարքում և հասարակության հետ շփման ժամանակ:
Մասնակիցները բարձր են գնահատում Արման Թաթոյանի հետ հանդիպումը և շնորհակալություն հայտնում Արման Թաթոյանին և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հաջողված համագործակցության համար: