- Главная
- Node
- «ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՆՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ноября 18, 2020 | 17:11
Հասարակություն
«ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՆՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում լույս տեսած մենագրությունը մշակվել է «Անչափահասների հանցավորության կանխարգելման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմատիկ ծրագրի շրջանակում:
Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի, Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանի, նույն ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանի ու Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Տաթևիկ Սուջյանի հեղինակությամբ լույս տեսած մենագրությունը նպատակ ունի բացահայտելու անչափահասների հանցավորության կանխարգելման քրեաիրավական, քրեադատավարական և կրիմինալոգիական հիմնախնդիրները:
Մեզ հետ զրույցում Գագիկ Ղազինյանը նշեց, որ հեղինակային խմբի կողմից վերլուծության են ենթարկվել անչափահասների արդարադատության հիմնարար սկզբունքները, անչափահասների քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները։
«Բացի դրանից՝ գիտական եզրահանգումներ են արվել վերականգնողական արդարադատության մեխանիզմների ներդրման, մասնագիտացվածության հիմնարար պահանջի ապահովման անհրաժեշտության, անչափահասին մեղսագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով առանձին դատավարական երաշխիքների արդյունավետության, անչափահասի անձի ձևավորման գործընթացում տարբեր գործոնների ազդեցության և դրանցով պայմանավորված` անչափահասի շեղվող վարքագծի պատճառների մասին՝ անդրադառնալով նաև ոլորտի օրենսդրությամբ և մարդու իրավունքների ոլորտի միջազգային պայմանագրերով նախատեսված երաշխիքների ապահովմանն ուղղված անչափահասների արդարադատության համակարգի ձևավորմանը»,- ասաց Իրավագիտության ֆակուլտետի դեկանը:
Նրա խոսքով, մենագրությունը կարող է օգտակար լինել ինչպես անչափահասների հանցավորության հիմնախնդրով հետաքրքրված տեսաբան մասնագետների, այնպես էլ անչափահասների հանցավորության դեմ պայքարի ոլորտում ներգրավված պրակտիկ իրավաբանների համար:
Պատրաստեց Քնար Միսակյանը