- Գլխավոր
- Նորություններ
- Գիտակրթական և մշակութային նոր համագործակցություն ԵՊՀ-ի, «Արմենիա Վայն» ընկերության և «Հայաստանի գինու պատմության թանգարան» հիմնադրամի միջև
Փետրվար 28, 2025 | 16:58
Գործընկերներ
Հասարակություն
Մշակույթ
Գիտակրթական և մշակութային նոր համագործակցություն ԵՊՀ-ի, «Արմենիա Վայն» ընկերության և «Հայաստանի գինու պատմության թանգարան» հիմնադրամի միջև
Երևանի պետական համալսարանի, «Արմենիա Վայն» ընկերության և «Հայաստանի գինու պատմության թանգարան» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր` նպատակ ունենալով համատեղ ջանքերով նպաստելու գիտակրթական ծրագրերի իրականացմանը և հայոց նյութական ու ոչ նյութական մշակութային ժառանգության հանրայնացմանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով կրթագիտական ոլորտում համալսարանի գրանցած հաջողություններին ու ձեռքբերումներին, ընդգծեց, որ ԵՊՀ-ն խրախուսում է գիտական տարբեր նախագծերի իրականացումը և արտերկրի գիտնականների հետ համագործակցության ընդլայնումը: Նա մատնանշեց, որ մասնավոր ընկերությունների կողմից ԵՊՀ հետազոտողներին տրվող գիտական պատվերների թիվը տարեցտարի աճում է, և նրանք ընկերությունների ներկայացրած խնդիրներին առաջարկում են ժամանակակից և արդյունավետ լուծումներ:
«Արմենիա Վայն» ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանն ընդգծեց, որ չնայած ընկերությունը բավական «երիտասարդ» է, սակայն արդեն հասցրել է մեծ հաջողություններ գրանցել։
«Մեր ընկերության առանձնահատկությունն այն է, որ փորձել ենք միջազգային փորձը տեղայնացնել Հայաստանում: Ընկերությունն իր ամբողջ գործունեության ընթացքում մշտապես ունեցել է արտասահմանյան խորհրդատուներ, ինչը նպաստել է բնագավառում առաջատարը լինելուն: Կարծում եմ, որ ոչ միայն ալկոհոլային խմիչքներ արտադրելու առումով, այլև իր կառավարման որակով ընկերությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին»,- ընդգծեց Վ․ Մկրտչյանը:
Նա նշեց նաև, որ ընկերությունում աշխատանքի են ընդունվում բազմաթիվ ուսանողներ, որոնք տարեցտարի կատարելագործվում են իրենց աշխատանքում: Այս համատեքստում կողմերը քննարկեցին նաև ԵՊՀ ուսանողների՝ ընկերությունում պրակտիկա անցնելու, ինչպես նաև հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությունները։ Բացի դրանից՝ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ոգելից խմիչքների մանրէաբանական լաբորատորիայի մասնագետների պատրաստման անհրաժեշտությանը` առաջարկելով համագործակցել նաև այդ ոլորտում:
Հուշագրով ամրագրված դրույթների համաձայն՝ բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների համար կկազմակերպվեն դասախոսություններ, սեմինար-քննարկումներ, կկատարվեն գիտական հետազոտություններ, վերլուծություններ պատմագիտության, ազգաբանության, հնագիտության և այլ ոլորտներում, ինչպես նաև կանցկացվեն մշակութային միջոցառումներ՝ նպաստելու հայոց նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության՝ գիտական տեսանկյունից գրագետ հանրահռչակմանն ու հանրայնացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարբեր գաղափարներ ու ծրագրեր, որոնք կարող են իրագործվել գործակցության շրջանակում և նպաստել համատեղ նպատակներին հասնելուն։