- Главная
- Node
- «ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-Ի ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Ноября 25, 2020 | 22:17
Հասարակություն
«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-Ի ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական և Ուրուգվայի Հանրապետության համալսարանների միջև այսօր տեղի է ունեցել «Արցախյան հակամարտության ընկալման հիմնախնդիրների շուրջ» խորագրով քննարկում:
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և Ուրուգվայի Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոդրիգո Արիմը:
Ուրուգվայի Հանրապետության համալսարանի ռեկտորը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց, որ Ուրուգվայի համալսարանի համար պատիվ է այսպիսի ծանրագույն պահին նմանօրինակ միջոցառում կազմակերպելը․ ‹‹Մենք այս պահին գործ ունենք մարդու իրավունքների ոտնահարման հետ, որին հայ ժողովուրդն առնչվել է նաև անցյալում»:
Վերջինս ասաց, որ այսօր Ուրուգվայը պետք է կատարի իր պարտականությունները. նախ հասկանալ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, այնուհետև դրանք ներկայացնել լայն հասարակության ուշադրությանը:
Ռոդրիգո Արիմն անդրադարձավ Ուրուգվայի հայ համայնքին՝ նշելով, որ հայ համայնքի ներկայացուցիչները պահում են իրենց ինքնությունն ու երկրի լիիրավ քաղաքացիներ են. «Բռնությունը չպետք է հասարակության մաս կազմի, և մենք պետք է մարդու իրավունքները և ազգերի ինքնորոշման իրավունքը պաշտպանենք ամբողջ աշխարհում»:
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. պարոն Գեղամ Գևորգյանը նույնպես ողջունեց քննարկման մասնակիցներին՝ ներկայացնելով սեպտեմբերի 27-ին շփման գծում նախաձեռնած թուրք-ադրբեջանական ագրեսիան. ‹‹Ռեջեփ Էրդողանը ոչ միայն շարունակում է իր նախնիների սանձազերծած բռնությունները, այլև քայլ առ քայլ իրականացնում է պանթուրքիզմի գաղափարը››:
Պրոֆեսոր Գեղամ Գևորգյանը խոսեց նաև նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի մասին․ «Համաձայնագրի ստորագրումը հասարակության շրջանում խորը ճգնաժամ ու խիստ լարված մթնոլորտ է առաջացրել, որի հետևանքները կարող են վտանգավոր լինել Հայաստանի համար»:
Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ղեկավար, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ պ․գ․թ․ Սուրեն Մանուկյանը իր զեկուցման ընթացքում մանրամասնեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առկա ցեղասպանության սպառնալիքը՝ բերելով բազում օրինակներ, որտեղ և՛ ադրբեջանական, և՛ թուրքական հասարակությունների ներկայացուցիչներն ու պետության առաջին դեմքերը հակահայ կոչեր են հնչեցնում ու հայերի նկատմամբ ատելություն քարոզում:
Բացի դրանից՝ Սուրեն Մանուկյանն անդրադարձավ քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանական սպայի՝ Ռամիլ Սաֆարովի հերոսացման պատմությունը:
Նրա խոսքով, Արցախի հայ բնակչության նկատմամբ այս պահին ցեղասպանության վտանգը դեռևս առկա է:
Ուրուգվայի Հանրապետության համալսարանի ժամանակակից պատմության դասախոս Մարինա Կարդոսոն ելույթ ունեցավ ‹‹Պատերազմ և ցեղասպանություն. հայացք այլ դիտանկյունից›› խորագրով զեկուցմամբ:
Մարինա Կարդոսոն ներկայացրեց 1915 թվականի տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, հայկական ջարդերն ու Հայոց ցեղասպանությունը․ ‹‹Հայերի ցեղասպանության մասին շատ ավելի տեղեկություն մենք կունենանք այն դեպքում, եթե Թուրքիան բացի իր արխիվները››: Նա նաև խոսեց Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ կնոջ հետ ունեցած իր հարցազրույցի մասին:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի ելույթը վերաբերում էր Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) հակամարտության պատմական լուծումներին: Էդիկ Մինասյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և բանակցությունների պատմությունը․ ‹‹Ըստ էության, Ադրբեջանն այս ընթացքում մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի լուծման ընդհանուր տարբերակները, խույս է տվել հատկապես կարգավիճակին վերաբերող խնդրից, ինչը եղել է Երևանի դիրքորոշման անկյունաքարը››:
Անդրադառնալով համաձայնագրի բովանդակությանը՝ դեկանը նշեց, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան չեն մասնակցել համաձայնագրի ստորագրմանը, և այն եղել է եռակողմ. ‹‹Այս համաձայնագրում անտեսված է Արցախի կարգավիճակի խնդիրը, որը կարող է իսկական աղետ լինել, բացի դրանից՝ այն հնարավորություն է տալիս Թուրքիային իրականացնելու իր պանթուրքիզմի ծրագիրը››։
Ուրուգվայի Հանրապետության համալսարանի պրոֆեսոր Խերարդո Կաետանոն ելույթ ունեցավ ‹‹Արցախի Հանրապետությունը և Հայկական հարցի շուրջ Ուրուգվայի պատմական հանձնառությունը›› թեմայով. ‹‹Հաշվի առնելով երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները՝ Ուրուգվայն այս պահին պետք է լինի եղբայրական Հայաստանի կողքին, քանի որ խնդիրը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, այլև ցեղասպանության կրկնության վտանգը, որ սպառնում է հայ ժողովրդին››։
Ըստ նրա՝ շատ դժվարին իրավիճակում է այս պահին հայտնվել Հայաստանի նման փոքր երկիրը, որը ստիպված է դիմակայել գերտերությունների շահերին:
‹‹Ուրուգվայը մարդկային արժանիքների վրա հիմնված երկիր է, եթե մեր երկիրը հրաժարվի իր սկզբունքներից, ապա կկորցնի ազգային ինքնությունը,- շեշտեց Խերարդո Կաետանոն ,- հաշվի առնելով այս ամենը՝ Ուրուգվայը շարունակում է մնալ գոյաբանական վտանգի առջև հայտնված Հայաստանի կողքին››:
Քննարկման փակման արարողությանը ելույթով հանդես եկավ Ուրուգվայի Հանրապետության համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, Հումանիտար և կրթության գիտությունների ֆակուլտետի դեկան Աննա Ֆրեգան:
Անի Պողոսյան