- Главная
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԺՆԵՎԻ ԵՐՐՈՐԴ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԱՐՄԱՑՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ-ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Декабря 08, 2021 | 16:55
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԺՆԵՎԻ ԵՐՐՈՐԴ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԱՐՄԱՑՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ-ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր կազմակերպվել էր ժնևի երրորդ կոնվենցիայի թարմացված մեկնաբանության շնորհանդես-աշխատաժողով, որն իրականացվում էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության համագործակցության շրջանակում:
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ տարբեր կազմակերպությունների, պետական կառույցների ու գիտական կենտրոնների, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունների ու դրանց հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Արտակ Ասատրյանը, որը նշեց, որ միջոցառման նպատակն է ՀՀ և արտասահմանցի գործընկերների հետ քննարկել Ժնևի երրորդ կոնվենցիան, անդրադառնալ դրա պրակտիկ կիրառման հիմնախնդիրներին:
«Մեր այսօրվա աշխատաժողովի քննարկման թեման Միջազգային մարդասիրական իրավունքի առանցքների մեկի՝ Ժնևի երրորդ կոնվենցիայի թարմացված մեկնաբանությունների տեքստն է: Կարմիր խաչի կողմից մեկնաբանություններ տրամադրելու պրակտիկան երկար տարիներ է, ինչ գոյություն ունի: Մեզ համար սա իսկապես շատ կարևոր միջոցառում է, քանի որ կոնվենցիայի թարմացված մեկնաբանությունները վերաբերում են հիմնականում ռազմագերիների իրավունքներին: Մեր տարածաշրջանում կատարվող իրողությունները ստիպում են էլ ավելի կարևորել միջազգային մարդասիրական իրավունքների պատշաճ կիրառումը»,- ասաց Արտակ Ասատրյանը:
ՀՀ-ում Կարմիր խաչի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն էլ ընդգծեց, որ 1949 թ. ընդունված Ժնևի կոնվենցիան պատերազմներից և զինված հակամարտություններից տուժած մարդկանց իրավունքների պաշտպանություն հիմնաքարն է. «Կոնվենցիայի նպատակը հիմնականում ռազմագերիների ու նրանց իրավունքների պաշտպանությունն է: Այս օրերին, հիրավի, շատ կարևոր ու արդիական է դարձել ռազմագերիների պաշտպանության հարցը: Այդ իսկ պատճառով Միջազգային մարդասիրական իրավունքի կիրառման հարցում ունենալով ծանրակշիռ դեր՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերանայում է մեկնաբանությունները: Եվ այս գործընթացում պետք է ներառվեն միջազգային և ազգային բոլոր կառույցները»:
Այնուհետև ԿԽՄԿ ծրագրերի ղեկավար Ժան-Մարի Հենկերտսը, որը 1949 թ. Ժնևի կոնվենցիաների և 1977 թ. լրացուցիչ արձանագրությունների մեկնաբանությունները թարմացնելու նախագծի ղեկավարն է, առցանց ներկայացրեց մեկնաբանությունների նախագծի և Ժնևի երրորդ կոնվենցիայի թարմացված մեկնաբանությունները:
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ մասնակցելու այս աշխատաժողովին: Պետք է նշել, որ կոնվենցիայի նախնական մեկնաբանությունները կազմվել են կոնվենցիայի ընդունումից շատ կարճ ժամանակ հետո, ուստի դրանք հիմնվել են պետական այն պրակտիկայի վրա, որը տեղի էր ունեցել մինչև կոնվենցիայի ընդունումը. խոսքը Համաշխարհային 2-րդ պատերազմի մասին է: Հասկանալի է, որ այդ մեկնաբանություններն իրենց մեջ չեն կարող ներառել համաշխարհային պատմություն վերջին զարգացումները: Այդ իսկ պատճառով մեկնաբանությունների թարմացումը խիստ կարևոր և անհրաժեշտ գործընթաց է»,- իր խոսքում նշեց բանախոսը:
Ժնևի չորրորդ կոնվենցիայի թարմացված մեկնաբանության գրախոս Արա Խզմալյանը «Թարմացված մեկնաբանությունները որպես գործիք իրավաբանների համար» թեմայով զեկուցման ընթացքում անդրադարձավ կոնվենցիաների մեկնաբանությունների իրավական կիրառմանը:
«Մեկնաբանություններն անհրաժեշտ է դիտարկել երկու տեսանկյունից: Անկասկած՝ դրանք գործիք են, որը ցանկացած իրավաբան-մասնագետ պետք է օգտագործի ամեն անգամ, երբ իր առջև դրված է կոնվենցիան մեկնաբանելու ու կիրարկելու խնդիրը: Դրանով հանդերձ մեկնաբանությունները նաև աղբյուր են մասնագետի համար, քանի որ դրանք ներառում են նաև դոկտրինալ աղբյուրներ, որոնք երկրորդական ու աջակցող բնույթ ունեն: Դրանք ինքնուրույն չեն կարող միջազգային պարտավորություններ ստեղծել, բայց թույլ են տալիս հասկանալ այն շրջանակն ու իրական իմաստը, որը դրված է հիմնական տեքստի մեջ»,- ասաց բանախոսը:
ԿԽՄԿ ազգային տեղեկատվական բյուրոների հարցերով պատասխանատու Կարեն Լոեները, որն աշխատաժողովին մասնակցում էր առցանց ձևաչափով, ազգային տեղեկատվական բյուրոների օրինակով ներկայացրեց Ժնևի երրորդ կոնվենցիայի կիրարկման վերաբերյալ որոշ մանրամասներ:
ԿԽՄԿ տարածաշրջանային իրավական հարցերի համակարգող Անդրեյ Կոզնիկի զեկուցումն էլ վերաբերում էր կամավոր հաշվետվություններին և ազգային մակարդակում ՄՄԻ (Միջազգային մարդասիրական իրավունք) կիրարկումը խթանող ներպետական այլ միջոցներին: