- Главная
- Node
- ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Января 20, 2022 | 16:20
Հասարակություն
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի, Մինչհամալսարանական կրթության վարչության և ԵՊՀ աստղադիտարանի տնօրեն Աշոտ Մելքոնյանի նախաձեռնությամբ շարունակվում են մասնագիտական կողմնորոշման նպատակով ԵՊՀ աստղադիտարանում անվճար դասընթացներ կազմակերպվել ապագա դիմորդների համար:
Ա. Մելքոնյանը մեզ հետ զրույցում առանձնահատուկ կարևորեց նմանատիպ նախաձեռնությունների դերն ինչպես ապագա ուսանողների մասնագիտական կողմնորոշման, այնպես էլ Հայաստանում «Ֆիզիկա» առարկայի հանրայնացման և տարածման գործում:
«Վերջին տարիներին զգալիորեն նվազել է հետաքրքրությունը բնական գիտությունների նկատմամբ, ինչն անթույլատրելի է մեր երկրի կայացման, ինքնուրույնության ու զարգացման համատեքստում»,- շեշտեց աստղադիտարանի տնօրենը՝ հավելելով, որ այս նախաձեռնության նպատակներից մեկն էլ Հայաստանում բնական գիտությունների զարգացմանը նպաստելն է:
Նրա խոսքով, ավագ դպրոցի աշակերտները շատ ոգևորված են դասընթացի բովանդակությամբ և ակտիվ մասնակցություն են ցուցաբերում:
«Դեռևս անցած տարի մեկնարկած դասընթացն արդեն իսկ դրական արդյունքներ է արձանագրում, քանի որ դասընթացի մասնակից մի քանի աշակերտ դարձել է մեր ուսանողը»,- փաստեց Ա. Մելքոնյանը:
Նա, անդրադառնալով ԵՊՀ աստղադիտարանի կարևորագույն առաքելությանը, ասաց, որ այն պետք է դառնա բնական գիտությունները նորովի արժևորելու, գովազդելու և հանրայնացնելու կենտրոն: