- Главная
- Node
- «ԵՊՀ-Ն ԻՆՁ ՏՎԵԼ Է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ՄՏԱԾԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՍԱՐԳԻՍ ՋԻԲԻԼՅԱՆ
Января 27, 2022 | 15:59
Ուսանողական
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ՏՎԵԼ Է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ՄՏԱԾԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՍԱՐԳԻՍ ՋԻԲԻԼՅԱՆ
Սարգիս Ջիբիլյանը կրկնակի դիպլոմով փոխանակման ծրագրով այժմ ուսումնառում է Ֆրանսիայի Բուրգոնի Ֆրանշ-Կոմտե դաշնային համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսում:
- Սարգի՛ս, ինչո՞ւ հենց ԵՊՀ-ն, ի՞նչ է որոշիչ եղել ընտրության հարցում։
- Դպրոցն ավարտելուց հետո նույնիսկ մեկ վայրկյան չեմ կասկածել, որ կրթությունս շարունակելու եմ ԵՊՀ-ում: Որոշումս ընդունել եմ՝ հաշվի առնելով ֆիզիկայի ոլորտում համալսարանի ուսանողների նվաճումները և ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունները, մասնավորապես կրթության շարունակականությունը: Փոխանակման ծրագիրն ուսանողներին հնարավորություն է տալիս ոչ միայն սովորել արտերկրի բուհերում, այլև գիտական ուսումնասիրություններ կատարելու ընթացքում՝ նաև աշխատել այնտեղ:
- Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։
- Դեռ նախադպրոցական տարիքից ցանկացել եմ ունենալ մասնագիտություն, որը կուսումնասիրի բնությունը: Միջին դպրոցական տարիքում, ապա նաև ավագ դպրոցում (ավարտել եմ Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցը) հասկացա, որ ցանկանում եմ ֆիզիկան ուսումնասիրել խորությամբ, ինչը և հիմա փորձում եմ անել, բայց «հավերժական գիտությունն» ուսումնասիրելու համար պետք է անվերջ ժամանակ:
- Ո՞րն է ԵՊՀ-ի ու համալսարանական դասախոսների ներդրումը Ձեր հաջողություններում։
- ԵՊՀ դասախոսներից շատերն են մեծապես նպաստել իմ հաջողություններին, ինչի համար շնորհակալ եմ: Ֆիզիկայի ֆակուլտետում սովորելը, մասնագիտական գիտելիքներից բացի, զարգացրել է ինքնուրույն մտածելու, ոչ ստանդարտ խնդիրներ լուծելու ունակությունը: Դա, ըստ իս, իմ ամենակարևոր ձեռքբերումն է:
-Կրթական ի՞նչ նորարարություններ կցանկանայիք տեսնել ԵՊՀ-ում։
- Տեսական գիտելիքների առումով Մայր բուհը գրեթե ոչնչով չի զիջում եվրոպական բարձրակարգ բուհերին, սակայն ԵՊՀ-ն ունի լաբորատորիաների, իսկ ուսանողները՝ գործնական գիտելիքի պակաս: Համալսարանում անհրաժեշտ փոփոխություններից ամենակարևորը, թերևս, նորագույն տեխնոլոգիաների ինտեգրումն է ուսումնական գործընթացում:
Հասմիկ Ասլանյան