- Главная
- Node
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ՖԻԶԻԿՈՍՆԵՐԸ ՄՈԴԵԼԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԳԱԶԱՅԻՆ ՏՎԻՉՆԵՐ ՈՒ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔԻԹ» ՄԻԿՐՈՀԱՄԱԿԱՐԳ
Февраля 18, 2022 | 15:53
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ՖԻԶԻԿՈՍՆԵՐԸ ՄՈԴԵԼԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՆ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԳԱԶԱՅԻՆ ՏՎԻՉՆԵՐ ՈՒ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔԻԹ» ՄԻԿՐՈՀԱՄԱԿԱՐԳ
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիան և ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնը ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսավորած կիրառական նշանակության դրամաշնորհային ծրագրի շրջանակում համատեղ իրականացնում են «Մետաղօքսիդային նանոկառուցվածքային բարակ թաղանթների հենքով գազային տվիչների և «Էլեկտրոնային քիթ» միկրոհամակարգերի պատրաստում» թեման:
Նախագիծը նվիրված է մետաղօքսիդային (ZnO, ZrO2 և SiO2) նանոկառուցվածքային բարակ թաղանթների (ՆԲԹ), ածխածնային նանոխողովակների հիման վրա նոր սերնդի գազային տվիչների ու դրանց համատեղմամբ «Էլեկտրոնային քիթ» բազմաֆունկցիոնալ միկրոհամակարգի պատրաստմանը, որոնք աշխատում են լայն ջերմաստիճանային տիրույթում:
Բարձրորակ թաղանթների ստացման համար մշակված հատուկ մոդելային թիրախների պատրաստմամբ և ՆԲԹ նստեցման ֆիզիկական (PLD, DC, RF) և քիմիական (CVD, Զոլ-գել) տեխնոլոգիաների զարգացմամբ նախատեսվում է ստանալ նախընտրելի բնութագրերով բարակ թաղանթներ ու պատրաստել վտանգավոր գազերի՝ ածխածնի և ազոտի օքսիդների, ինչպես նաև ածխաջրածինների դիմադրային տիպի բարձրարդյունավետ գազային տվիչներ՝ բարձր ընտրողականություն և զգայունություն (մինչև մի քանի ppm), աշխատանքային կայունության պահպանում ջերմաստիճանի լայն տիրույթում (-40C≤T≤400C) և ագրեսիվ միջավայրերում (բարձր ճառագայթային և խոնավության պայմաններում)։
Թեմայի գիտական ղեկավար Մկրտիչ Երանոսյանի խոսքով, հետազոտական ծրագրի իրականացումը նպաստելու է բուհ-մասնավոր hատված կապերի հաստատմանն ու խորացմանը, փոխադարձ կարիքների բացահայտմանն ու դրանց բավարարման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը:
Դրա նպատակը շուկայում պահանջարկ ունեցող, ինչպես նաև նոր պահանջարկ ձևավորող նախատիպային նմուշների պատրաստումն է: «Էլեկտրոնային քիթ» համակարգերը կարող են համատեղել տարբեր լաբորատոր գործառույթներ միևնույն միկրոհամակարգի՝ չիպի վրա՝ ապահովելով գազային խառնուրդի առանձին բաղադրիչների միաժամանակ հայտնաբերման և ճանաչման հնարավորություններ:
Ըստ Մ. Երանոսյանի՝ նախագիծը, Հայաստանում նոր բարձր տեխնոլոգիական գիտատար արտադրանքի ստացման նպատակից բացի, միտված է նպաստելու մաքուր միջավայրի պահպանությանը և անվտանգությանը: Նոր սերնդի գազային տվիչների հիմնական խնդիրը շրջակա միջավայր արտանետվող և մարդու առողջության համար վտանգավոր գազերի վաղ հայտնաբերումը և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելն է:
Ծրագիրը համաֆինանսավորում է Երևանի կապի և միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, որը մասնագիտացած է տվիչների արտադրության և միջազգային շուկայում վաճառքի հարցերում: