- Главная
- Node
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳԱՐԻԿՈՄԻՑԵՏԱՅԻՆ ՈՒՏԵԼԻ ՍՆԿԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՍՆԿԵՐԻ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ՆԵՐՈՒԺՆ ՈՒ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Февраля 25, 2022 | 11:27
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳԱՐԻԿՈՄԻՑԵՏԱՅԻՆ ՈՒՏԵԼԻ ՍՆԿԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՍՆԿԵՐԻ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ՆԵՐՈՒԺՆ ՈՒ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտնականների հետազոտությունն ուղղված է սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտում մի շարք հիմնարար ու կիրառական խնդիրների լուծմանը: Սնկային կենսատեխարտադրանքներն անվտանգ ու արդյունավետ են քաղցկեղի, իմունային և այլ հիվանդությունների թերապիայում:
Թեմայի գիտական ղեկավար, ԵՊՀ կենսաբժշկագիտության ամբիոնի պրոֆեսոր, կ.գ.դ. Սուսաննա Բադալյանի խոսքով, ագարիկոմիցետային սնկերը հնագույն ժամանակներից մարդկությանը հայտնի են ոչ միայն իրենց բարձր սննդային և համային արժեքներով, այլև դեղաբանական հատկություններով: Գիտական տվյալները վկայում են, որ այս սնկերը զանազան կենսաակտիվ միացությունների և ֆերմենտների աղբյուր են, որոնք օժտված են դեղաբանական (հակաուռուցքային, իմունախթանիչ, հակաօքսիդանտային, հակամիկրոբային, նեյրոպաշտպան, կարդիոպաշտպան և այլն) հատկություններով:
Ավանդական բժշկության բազմադարյա փորձը և ժամանակակից կլինիկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ սնկային կենսատեխարտադրանքներն անվտանգ և արդյունավետ են քաղցկեղի, իմունային և բորբոքային հիվանդությունների թերապիայում: Դրանք կանխարգելում են նաև վարակների, այդ թվում՝ «COVID-19»-ի ախտանշանները, նպաստում հիվանդի կյանքի որակի բարելավմանը:
Ուսումնասիրության արդյունքները կիրառվելու են սննդի, գյուղատնտեսության, դեղագործության և կոսմետոլոգիայի բնագավառներում:
«ԵՊՀ-ում ստեղծված ուտելի սնկերի և դեղասնկերի 180 տեսակի 580 շտամների գենետիկորեն նույնականացված մաքուր կուլտուրաների մասնագիտացված հավաքածուի, ինչպես նաև էթնոսնկաբանական տվյալների բազայի համալրումը կշարունակի խթանել Հայաստանում սնկերի կենսաբանության, գենետիկայի, մոլեկուլային կարգաբանության և ֆիլոգենիայի, էկոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ոլորտներում միջազգային հետազոտությունները, իսկ պտղամարմինների արհեստական աճեցումը կնպաստի սնկային գենետիկական ռեսուրսների պահպանմանը»,- ասաց ծրագրի ղեկավարը:
Մոլեկուլային կարգաբանության մեթոդներով առաջին անգամ Հայաստանի տարածքում նկարագրվել է մակրոմիցետների 14 նոր տեսակ: Դրանցից չորսը պատկանում են ագարիկոմիցետայիններին: Ակնկալվում է նաև արժեքավոր ուտելի դեղասնկերի նոր տեսակների բացահայտում:
Ուսումնասիրությունն իրականացնող գիտական խմբում ընդգրկված են կենսաբ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող Նարինե Ղարիբյանը, բժշկ. գիտ. թեկնածու, գիտաշխատող Անուշ Բարխուդարյանը և մագիստրատուրայի ուսանողուհի Տաթև Մկրտչյանը:
Թեման ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն: