- Главная
- Node
- ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ
Февраля 28, 2022 | 14:57
Հասարակություն
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ
ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ ԵՊՀ դասախոսները մասնագիտական կողմնորոշման նպատակով հանդիպել են տարբեր դպրոցների աշակերտների հետ, հանդես եկել դասախոսություններով և պատասխանել նրանց հուզող հարցերին:
ԵՊՀ-ի և ավագ դպրոցների միջև համագործակցության շրջանակում կազմակերպվող և արդեն ավանդական դարձած փոխադարձ այցելությունները նպատակ ունեն նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել նրանց իրազեկության մակարդակը:
Իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի «Իրավունք բոլորի համար» ծրագրի ղեկավար Նաիրա Ավետիսյանը և 4-րդ կուրսի ուսանողներ Աննա Ստեփանյանն ու Արփինե Ալեքսանյանն այցելել են Երևանի թիվ 159 ավագ դպրոց, աշակերտների համար հանդես եկել «Քաղաքացիական իրավունք» թեմայով դասախոսությամբ:
Մեզ հետ զրույցում Ն. Ավետիսյանն ասաց, որ «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում աշակերտների հետ բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպվում, որոնք մեծ ոգևորությամբ են ընդունվում ապագա ուսանողների կողմից:
«Այցելության ընթացքում էլ հանդիպումը բավականին արդյունավետ է անցել: Ներկայացվել են քաղաքացիաիրավական հարաբերությունները, ինչը մեծապես հետաքրքրել ու շատ տպավորել է աշակերտներին: Դրա վկայությունն է նաև գնահատման թերթիկներում գերազանց գնահատականների գերակշռումը»,- նշեց Ն. Ավետիսյանը և հավելեց, որ դասախոսությունն իրականացվել է ինտերակտիվ մեթոդներով, ինչի շնորհիվ աշակերտների ներգրավվածությունն ու ոգևորությունը մեծ է եղել:
Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Արամ Հովհանիսյանն այցելել է Երևանի թիվ 189 ավագ դպրոց և հանդես եկել «Մլեհ իշխանապետ» թեմայով դասախոսությամբ:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ հանդիպումն արդյունավետ էր. «Դասախոսությանը ներկա էին թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները, որոնք մեծապես հետաքրքրված էին թեմայով և հնչեցրին բազմաթիվ հարցեր»:
Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Զոհրաբյանն էլ Երևանի թիվ 114 ավագ դպրոցի աշակերտներին ներկայացել է «Կովկասագիտություն և Անդրկովկասի աշխարհաքաղաքական արդի զարգացումները» թեմայով դասախոսությամբ, ապա գործընկերների՝ Սուսաննա Սերոբյանի և Գոհար Մխիթարյանի հետ այցելել Երևանի թիվ 190 ավագ դպրոցի աշակերտներին:
Է. Զոհրաբյանը փաստեց, որ աշակերտներին պատմել է նաև ամբիոնի գործունեության, ընձեռած հնարավորություններ, մասնագիտության արդիականության և կարևորության մասին:
Թեմատիկ դասախոսություններով, որոնց ակտիվորեն մասնակցել են թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները, անդրադարձել են աշխարհաքաղաքական նոր իրողություններին, վերադասավորումներին և տարածաշրջանի հեռանկարներին:
Բացի դրանից՝ Է. Զոհրաբյանն ասաց, որ աշակերտներին հրավիրել են Մայր բուհի հիմնադրման օրվանից գործող ֆակուլտետ՝ տեղում ծանոթանալու դրա գործունեությանը և ամբիոնի աշխատանքներին: