- Главная
- Node
- ՔԻՄԻԱՅԻ ԳԻՏԱԿՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՆ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
Марта 06, 2022 | 12:07
Կրթություն
ՔԻՄԻԱՅԻ ԳԻՏԱԿՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՆ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՀ «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում մեկնարկել է ՀՀ «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցում է Հայաստանի և Արցախի տարբեր դպրոցների 82 աշակերտ:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի, Ֆարմացիայի ինստիտուտի և ՀՀ «Քիմիա» առարկայի հանրապետական օլիմպիադայի կազմկոմիտեի կողմից կազմակերպված օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվում է երեք օրով՝ մարտի 5-7-ն ընկած ժամանակահատվածում։
Արդեն իսկ դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած աշակերտներն օլիմպիադայի այս փուլի ընթացքում մասնակցում են երկու ենթափուլի՝ տեսական և փորձնական: Տեսական փուլի ժամանակ աշակերտներին տրվում են հարցեր և խնդիրներ, իսկ փորձնական փուլի ժամանակ մասնակիցները Քիմիայի ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական լաբորատորիաներում պետք է իրականացնեն պահանջվող քիմիական փորձերը և կատարեն համապատասխան եզրահանգում:
Оլիմպիադայի շրջանակում կազմակերպվում են նաև հանդիպումներ ուսուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվում են ինչպես կազմակերպչական, այնպես էլ բնագավառին ու առաջադրված խնդիրների լուծման մեթոդաբանությանն առնչվող հարցեր և այլն:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանն ասաց, որ այս օլիմպիադայի հանրապետական փուլի անցկացումը ԵՊՀ-ում խորհրդանշական է, քանի որ հենց Քիմիայի ֆակուլտետն է ոլորտի մասնագետներ պատրաստելու հենասյունը Հայաստանում:
Ըստ Արմեն Գալստյանի՝ առարկայական օլիմպիադաները յուրատեսակ ստուգատես են մասնակիցների համար տրամաբանության, արագ կողմնորոշվելու, խնդիրներին այլ մոտեցում ցուցաբերելու և նոր լուծումներ գտնելու տեսանկյունից:
Դեկանի տեղակալի խոսքով, առարկայական օլիմպիադաներին մասնակցությունը շատ կարևոր է աշակերտների և ուսանողների համար. «Հատկապես աշակերտների դեպքում առարկայական օլիմպիադաները կարող են նպաստել մասնագիտական կողմնորոշմանը և ընտրությանը: Հուսով եմ՝ այս միջոցառումն ավելի մեծ սեր կառաջացնի քիմիայի նկատմամբ, և մենք առաջիկայում կունենանք խելացի և բանիմաց ուսանողներ»:
«Այբ» դպրոցի քիմիայի ուսուցչուհի Գոհար Ներսիսյանը, որի 4 աշակերտները մասնակցում են օլիմպիադայի այս փուլին, մեզ հետ զրույցում ասաց, որ առարկայական օլիմպիադաներն աշակերտների շրջանում զարգացնում են ստեղծագործական մոտեցում և գիտակցված վերաբերմունք առարկայի նկատմամբ, ինչպես նաև լայնացնում մտահորիզոնը:
Գ. Ներսիսյանը նշեց նաև, որ վերջին տարիներին «Քիմիա» առարկայի օլիմպիադաներն անցկացվում են բարձր մակարդակով, խնդիրներն էլ առավել համապատասխանեցված են միջազգային չափորոշիչներին, ինչը շատ խրախուսելի է:
Ի դեպ, տիկին Ներսիսյանը վստահեցրեց, որ տարբեր ուղղություններով համագործակցում են ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի հետ, որը, ըստ նրա, քիմիկոսներ պատրաստող լավագույն կառույցն է Հայաստանում, և հույս հայտնեց, որ առավել շատ աշակերտներ կընտրեն այս մասնագիտությունը, քանի որ ոլորտի զարգացումն անհրաժեշտ է մեր երկրին:
«Հերացի» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Գրիգորյանը, որը հաջողությամբ հաղթահարել է օլիմպիադայի նախորդ փուլերը, ասաց, որ այս փուլում առաջադրված խնդիրները հետաքրքիր էին և պահանջում էին ստեղծագործ մոտեցում: Ըստ նրա՝ օլիմպիադաները հնարավորություն են տալիս ստուգելու գիտելիքները և մրցելու տարբեր դպրոցների աշակերտների հետ:
Տեղեկացնենք, որ օլիմպիադայի երկու օրերի ամփոփումից հետո պարզ կդառնան հաղթողների անունները, և մրցանակները հանդիսավորությամբ կհանձնվեն օլիմպիադայի փակմանը, որը տեղի կունենա մարտի 7-ին: