ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ «ԻՐԱՎԱՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ» ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կայացավ ՈՒԽ նախաձեռնած «Creation and law» («Իրավաստեղծում են ուսանողները») ծրագրի առաջին փուլի վերջին դասընթացը:
«Creation and law» ծրագիրը բաղկացած էր 5 դասընթացից, որոնցից յուրաքանչյուրն ուսանողներին տվեց նոր գիտելիքներ և ընձեռեց մասնագիտական կարողությունները զարգացնելու հնարավորություն:
Վերջին դասընթացի շրջանակում իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Տարոն Սիմոնյանն ուսանողներին փուլ առ փուլ ներկայացրեց իրավունքի հայտնաբերման և իրավունքն օրենքի վերածելու գործընթացը:
Ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանը, անդրադառնալով դասախոսության կարևորությանը, ասաց. «Այս փուլում ուսանողները ձեռք բերեցին իրավական հետազոտություններ անելու, վիճակագրական տվյալների հավաքագրման և իրավական ակտերի նախագծերի մշակման հմտություններ, ինչպես նաև ծանոթացան իրավաստեղծարարության փուլերին»։
Հանդիպման ավարտին կազմակերպվեց քննարկում, և ամփոփվեց ծրագրի առաջին փուլը: