- Главная
- Node
- ՀՈԼԱՆԴԱՑԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏ ԴԻՐԿ ՌՈՒԴԶԱՆՏԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Май 03, 2022 | 09:41
Կրթություն
Ուսանողական
ՀՈԼԱՆԴԱՑԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏ ԴԻՐԿ ՌՈՒԴԶԱՆՏԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում հոլանդացի ցեղասպանագետ Դիրկ Ռուդզանտը հանդես եկավ դասախոսությամբ՝ ֆակուլտետի ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ծանոթացնելով Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում հոլանդացի դիվանագետների և միսիոներների գործունեությանը:
Դիրկ Ռուդզանտը դասախոսության ընթացքում ներկայացրեց հայերի կոտորածների վերաբերյալ իր հեղինակած «Հայկական սարսափներ» մենագրությունը, ապա՝ 1-ին աշխարհամարտի ընթացքում Հոլանդիայի՝ չեզոք երկիր լինելու հանգամանքը։ Ցեղասպանագետը ներկայացրեց նաև այն խնդիրները, որոնք առաջանում էին Հոլանդիայի՝ չեզոք երկիր լինելու հետևանքով։
Բանախոսը ներկայացրեց նաև Հոլանդացի դիվանագետների և միսիոներների հանդիպումները երիտթուրքերի կառավարության ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում պարզ են դարձել Հայոց ցեղասպանության իրականացման որոշ մանրամասներ, և հոլանդացի պաշտոնյաների համար ակնհայտ է եղել, որ երիտթուրքերը այդ գործընթացն իրականացրել են նախապես ծրագրված քայլերով։
Հանդիպման մյուս հատվածում ներկայացվեցին Յոհաննես Լեփսիուսի գործունեությունը և նրա գրած ստեղծագործությունները։
Կարևորելով նմանատիպ հանդիպումների դերը՝ ֆակուլտետի դեկան Է․ Մինասյանն ընդգծեց․ «Այսօրինակ հանդիպումները նպաստում են 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայության հետ տեղի ունեցած իրողությունները ավելի համակողմանի պատկերացնելուն։ Շատ կարևոր է այն, որ մենք դա լսում ենք նաև օտար մասնագետների կողմից, ինչն ամբողջացնում է մեր պատկերացումները խնդրի վերաբերյալ։ Ցեղասպանության 107-րդ տարելիցի օրերին այսպիսի հանդիպում կազմակերպելը նախևառաջ կարևոր է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեր գիտելիքները լրացնելու և օտար հեղինակների աշխատությունները գիտական հանրությանը և ուսանողներին ներկայացնելու տեսանկյունից»։
Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ Վահագն Հակոբյանը ևս որոշ մանրամասներ հայտնեց այդ ժամանակաշրջանի իրադարձությունների վերաբերյալ։
Հանդիպումն ավարտվեց ակտիվ քննարկմամբ: