- Главная
- Node
- «ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՍ՝ ԻՄ ՈՒԺԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՇՆՈՐՀԻՎ Է, ՈՐ ՁԳՏԵԼ ԵՄ ՀԱՍՆԵԼ ԱՎԵԼԻԻՆ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԱ
Май 08, 2022 | 14:09
Կրթություն
Ուսանողական
«ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՍ՝ ԻՄ ՈՒԺԵՐԻՆ ՎՍՏԱՀԵԼՈՒ ՇՆՈՐՀԻՎ Է, ՈՐ ՁԳՏԵԼ ԵՄ ՀԱՍՆԵԼ ԱՎԵԼԻԻՆ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԱ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Գայանե Խաչատուրովան «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով կրթություն է ստացել Ֆրանսիայի Լիլի համալսարանում: Գայանեն պատմել է Ֆրանսիայում անցկացրած ամիսների, ստացած կրթության և իր կայացման գործում ԵՊՀ-ի ունեցած դերի մասին:
Դեռ երրորդ դասարանից սիրահարված եմ ֆրանսերենին:
Մեծ տարիքում էլ հստակ պատկերացնում էի, որ ապագա մասնագիտությունս պետք է կապված լիներ ֆրանսերենի հետ։ Հենց այդ մղումով էլ դիմեցի Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ՝ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» բաժին։ Հասկանալով, որ ճիշտ ընտրություն եմ կատարել՝ բակալավրի աստիճան ստանալուց հետո կրթությունս շարունակեցի նույն ֆակուլտետի «Ֆրանսերեն լեզու և միջմշակութային հաղորդակցություն» բաժնում։
Դպրոցական տարիքում երբեք մտքովս չի անցել, որ օրերից մի օր ուսումս կշարունակեմ արտասահամանում:
Համալսարան ընդունվելուց հետո նման մտքեր ծագում էին գլխումս, սակայն դրանք ուղեկցվում էին մի շարք բայց-երով։ Արդեն մագիստրատուրայում որոշեցի փորձել (գոնե հետո ինձ չմեղադրելու համար): Այժմ, երբ ետ եմ նայում, հասկանում եմ՝ դա իմ կյանքի ամենաճիշտ որոշումներից էր։
Մայր բուհի ուսանող լինելու շնորհիվ ենք ես և շատ ուսանողներ սովորել Եվրոպայի լավագույն համալսարաններում։
Յուրաքանչյուրիս կայացման գործում ահռելի է ԵՊՀ-ի դերը: Հաջողությունները, որ գրանցել եմ այս ընթացքում, եղել են նաև իմ շատ սիրելի ֆրանսիական բանասիրության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ ներդրման շնորհիվ: Դասախոսներիս՝ իմ ուժերին վստահելու շնորհիվ է, որ ձգտել եմ հասնել ավելիին:
Ֆրանսիայում անցկացրած վեց ամիսների շնորհիվ դարձել եմ շատ ավելի ինքնուրույն, ինքնավստահ և հասուն։
Այս ամենից բացի՝ հասցրել եմ ծանոթանալ նաև հիանալի մարդկանց հետ և սկսել եմ առանց կաշկանդվելու շփվել ֆրանսերենով: Այս ընթացքում շատ եմ ճանապարհորդել. եղել եմ եվրոպական 10 երկրում, հասցրել որոշ չափով ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթներին։
Հաճելի էր Ֆրանսիայում հայերին տեսնելը:
Երևի երկու շաբաթ էր, ինչ Ֆրանսիայում էինք, երբ գնացք նստեցինք և գնացինք մերձակա քաղաքներից մեկը։ Քաղաքում շատ հին աշտարակ կար, որը տեսնելու համար էլ հենց գնացել էինք։ Երբ ուզում էինք ներս մտնել, փաստաթղթերի հետ կապված խնդիրներ առաջացան, սակայն որոշեցինք չհանձնվել. աշխատակցի հետ երկխոսությաուն սկսեցինք, ամեն կերպ փորձեցինք համոզել: Սակայն աշխատակիցը պատասխանեց, որ հնարավոր չէ առանց նշված փաստաթղթի բարձրանալ աշտարակը: Այդ ամբողջ զրույցն իհարկե տեղի էր ունենում ֆրանսերենով։ Սկսեցինք դժգոհ խոսել հայերենով: Այդ պահին աշխատակիցն ասաց.
-էրեխե՛ք, հա՞յ եք:
Իսկ շարունակությունն արդեն պարզ է… Շա՜տ սիրուն էր քաղաքն աշտարակից:
Բոլոր այն ուսանողներին, որոնք դեռ երկմտում են, խորհուրդ եմ տալիս մի կողմ դնել բոլոր վախերն ու կասկածները և դիմել ծրագրին։
Իրականում ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, ինչպես թվում է։ Միայնակ ապրելը ինքնաճանաչման լավագույն ձևերից է, իսկ ադապտացման շրջանը շատ արագ ավարտվում է, և բոլոր խնդիրները մնում են անցյալում։