- Главная
- Node
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Май 12, 2022 | 18:25
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները:
Դասընթացի ընթացքում ներկայացվեց «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը, որը նախատեսված է ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող այն երիտասարդների համար, որոնք ունեն զանազան ոլորտների բարձրագույն կրթություն և ցանկանում են առաջատար մասնագետ դառնալ կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքների, պրոդուկտների մշակման, ֆինանսական վերլուծությունների, վարկային, սպասարկման և մի շարք այլ ուղղություններով:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակից Արփինե Պետրոսյանի խոսքով՝ ինչպես իրենց կողմից կազմակերպված մյուս դասընթացներն ու հանդիպումները, այնպես էլ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցության շրջանակում կազմակերպված այս հանդիպումը ուսանողներին և շրջանավարտներին կծանոթացնի աշխատաշուկային և նրա պահանջներին: «Սա լավ հնարավորություն է այն ուսանողների ու շրջանավարտների համար, որոնք ցանկություն ունեն բանկային ոլորտում իրենց կարիերան ստեղծելու կամ պարզապես բանկի գործունեությանը ծանոթանալու»,- ասաց Արփինե Պետրոսյանը:
Բանկի ՄՌԿ (HR) բաժնի ներկայացուցիչ Աննա Մամյանն իր խոսքում ասաց. «Ծրագրի շրջանակում ուսանողներին առաջարկվում է անցնել երկամսյա ուսուցում, որից հետո հնարավորություն է ընձեռվում համալրելու մեծ թիմը: Բացի «Դարձի՛ր բանկիր» ծրագրից՝ մենք ունենք նաև «Ամբասադոր» ծրագիրը, որի էությունն է ունենալ բանկի ներկայացուցիչ համալսարանում»:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Սաթիկ Արզումանյանը համալսարանում բանկի և բանկում համալսարանի ներկայացուցիչն է. «Բանկում ներկայացնելու եմ ուսանողների առաջարկները, իսկ համալսարանում բոլոր նորություններն ու թափուր հաստիքները, որոնք կհետաքրքրեն ուսանողությանը»,- մեզ հետ զրույցում նշեց Ս. Արզումանյանը:
Այս ձևաչափով հանդիպումները շարունակական են լինելու: