- Главная
- Node
- «ԻՆՉ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԸՆՏՐԵԻ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ ԷՐ, ՈՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՍ ԾԱՌԱՅԵԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՄԻՀՐԱՆ ՍԻՍԱԿՅԱՆ
Май 15, 2022 | 09:42
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
«ԻՆՉ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԸՆՏՐԵԻ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ ԷՐ, ՈՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՍ ԾԱՌԱՅԵԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՄԻՀՐԱՆ ՍԻՍԱԿՅԱՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Միհրան Սիսակյանը բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հասարակագիտության ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր է: Միհրանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցության, գիտական գործունեության, ապագա ծրագրերի ու երազանքների մասին:
-Միհրա՛ն, կրթություն ստանալու համար ինչո՞ւ ընտրեցիք Երևանի պետական համալսարանը և ինչո՞ւ հենց տնտեսագետի մասնագիտությունը:
- Երևանի պետական համալսարանն ինձ հատկապես գրավեց իր արդեն մեկդարյա պատմությամբ, ավանդույթներով և ունեցած արժեհամակարգով։ Առավել մեծ սիրով լցվեցի համալսարանի հանդեպ, երբ դարձա ԵՊՀ ուսանող և ծանոթացա հմուտ ու փորձառու պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Իսկ մասնագիտությանս ընտրության հիմքում ընկած է եղել վաղ հասակից իմ մեջ սերմանված հայրենասիրությունը։ Նշեմ, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեի, ինձ համար կարևորն այն էր, որ ձեռք բերած գիտելիքներս և կարողություններս առավելագույն չափով ծառայեին հայրենիքիս բարեկեցությանը։ Առաջնորդվելով այս սկզբունքով՝ ընտրեցի իմ հետաքրքրություններին և կարողություններին հնարավորինս համապատասխանող մասնագիտությունը։
-Ինչու՞ որոշեցիք մասնակցել «Լավագույն ուսանող» մրցույթին, սպասու՞մ էիք նման արդյունքի:
- Լավագույն ուսանող մրցանակաբաշխությունը մեծ դեր ունի ուսման գործընթացը խթանելու և ուսանողների շրջանում մրցակցությունը բարձրացնելու առումով։ Տեղեկանալով այդ մրցույթի ու դրա պահանջների մասին, համեմատելով իմ ունեցած տվյալների հետ՝ որոշեցի հայտ ներկայացնել և մասնակցել մրցույթին՝ կարծելով, որ կարող եմ հավակնել այդ կոչմանը։ Արդյունքը բավականին ոգևորիչ ու պարտավորեցնող էր: Այն «ստիպեց», որ նոր մարտահրավերներ նետեմ ինքս ինձ, սահմանեմ ինձ համար ավելի բարձր նշաձողեր և ձգտեմ էլ ավելի խորացնելու մասնագիտական կարողություններս։ Կցանկանայի առանձնահատուկ նշել նաև, որ այդ ձեռքբերումը ես միայն ինձ չեմ վերագրում, քանի որ դրան հասնելու հարցում իրենց վճռորոշ դերն են ունեցել իմ ֆակուլտետի դասախոսները և ՈՒԳԸ-ն։
-Ո՞րն է եղել Ձեր գիտական առաջին հետազոտությունը, և այս պահին զբաղվո՞ւմ եք գիտական գործունեությամբ:
- Գիտական առաջին աշխատությունս տպագրել եմ ՀՀ պետական պարտքի կառավարման վերաբերյալ: Այն ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի՝ պրոֆեսոր Հայկ Մնացականյանի հետ համահեղինակությամբ էր, և հետագայում նախատեսում ենք այդ թեմայի վերաբերյալ ավելի խորքային հետազոտություն իրականացնել։
Ներկա պահին մասնակցում եմ պրոֆեսոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությամբ Սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնի կողմից իրականացվող գիտական սեմինարներին՝ «ՀՀ անվտանգության հիմնախնդիրները խորագրով»։
-Արդյոք հեռանկարայի՞ն է տնտեսագետի մասնագիտությունը մեր օրերում:
-Ըստ իս՝ տնտեսագիտությունը անսպառ բացահայտումների աշխարհ է, որն անընդհատ կզարգանա այնքան ժամանակ, քանի դեռ մարդկությունը գոյություն ունի։ Այդ բացահայտումներում իր դերն է ունեցել յուրաքանչյուր անհատ, ամենքը՝ յուրովի, և ես նույնպես ձգտում եմ իմ առանձնահատուկ դերն ունենալ այդ աշխարհում, հատկապես իմ հայրենիքի զարգացման հարցում։ Եվ ինչ գործունեություն էլ ծավալեմ ապագայում, հիմքում պետք է լինի այս սկզբունքը։
-Ո՞րն է Ձեր երազանքը:
-Երազում եմ ունենալ հզոր, անվտանգ, ինքնիշխան Հայաստան և միասնական հայ ազգ:
Կարինե Հովհաննիսյան