- Главная
- Node
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ
Май 19, 2022 | 10:00
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի՝ միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողները «COIL» (Collaborative online international learning) վիրտուալ փոխանակման ծրագրի շրջանակում Բրազիլիայի ՖԱՏԵՔ բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողներին դասավանդեցին անգլերեն (որպես 2-րդ օտար լեզու)՝ կատարելով լսողական, խոսակցական և քերականական վարժանքներ: Ֆակուլտետի դեկանը ծրագրի մասնակիցներին հանձնեց հավաստագրեր:
«COIL» վիրտուալ փոխանակման ծրագիրն իրականացվել է մարտի 21-ից մայիսի 9-ը ընկած ժամանակահատվածում:
Հանդիպումներն անցկացվել են «Zoom» հարթակով, և արդյունքներն ամփոփված են «Padlet» հարթակում:
Անդրադառնալով ծրագրին և դրանում ԵՊՀ ուսանողների ներգրավվածությանը՝ ծրագրի համակարգող, բ.գ.թ., դոցենտ Անուշ Այունցը նշեց. «Առաջարկը եղել է հենց Բրազիլիայից՝ «COIL» ծրագրի իրենց ղեկավարից: Այս ծրագիրն այժմ աշխարհի առաջատար համալսարաններում շատ տարածված է, իսկ դա բուհերի միջազգայնացման լավագույն գրավականներից է: Քանի որ մեր ուսանողները լեզվաբանական ֆակուլտետից էին, իսկ բրազիլացի ուսանողները՝ տեխնոլոգիական ոլորտից, նրանք, կարելի է ասել, բարելավեցին անգլերենի գիտելիքները, իսկ մեր ուսանողների համար սա հնարավորություն էր զարգացնելու մանկավարժական գիտելիքները: Այսպիսով՝ սա երկուստեք բարենպաստ ծրագիր էր:
Ուսանողները շաբաթական վարեցին մեկ դաս, բայց նախքան դասն իրականացնելը կազմում էին դասի պլան, ընտրված թեման քննարկում մեզ հետ և ապա իրականացնում դասը: Շատ կարևոր է այն, որ բրազիլացի դասախոսները շատ բարձր էին գնահատում մեր ուսանողների գիտելիքները: Նրանց զարմացրել էին մեր ուսանողների և՛ անգլերենի, և՛ դասավանդման մեթոդների վերաբերյալ գիտելիքները»:
ԵՊՀ ուսանող, ծրագրի մասնակից Ջուլիետա Գևորգյանը, անդրադառնալով ծրագրին իր մասնակցությանն ու ընձեռված հնարավորություններին, ընդգծեց. «Ճիշտ է, մեծ պատասխանատվություն էր ծրագրի առաջին մասնակիցներից լինելը, սակայն մեծ էր նաև ոգևորվածությունը: Առաջին դասից հետո բոլոր անհանգստություններս մի կողմ դրեցի, քանի որ ծրագիրը չափազանց հետաքրքիր էր։ Ուսանողները նախընտրում էին ոչ թե գրքային, այլ պատկերավոր դասընթացներ. մենք սահիկաշար էինք պատրաստում և այդ տարբերակով անցկացնում դասերը:
Կարևոր է նաև այն, որ նրանք բոլոր դասերին ներկայանում էին լավ պատարստված: Հիշում եմ ՝մի տղա կար, որն ավելի լավ անգլերեն գիտեր, քան խմբի մյուս անդամաները, բայց նա մշտապես ձգտում էր ամեն ինչ անել ու հասցնել, մենք էլ երկար ժամանակ էինք հատկացնում, որ նա բացատրված նյութը լիովին յուրացնի: Ա. Այունցն անընդհատ մեզ քաջալերում էր, իսկ դա մեզ համար այդ ընթացքում չափազանց կարևոր էր»:
Ֆակուլտետի մեկ այլ ուսանող՝ Աննա Մադաթյանը, խոսելով ծրագրին իր մասնակցությունից, ասաց. «Ծրագիրը ոչ միայն արդարացրեց սպասելիքներս, այլև գերազանցեց դրանք: Ինձ նաև հաճելիորեն զարմացրեց այն, որ բրազիլացի ուսանողները շատ հետաքրքրված էին Հայաստանով: Այս առումով ևս ծրագիրը շատ կարևոր էր. շատերին Հայաստանը ծանոթ չէր, և ծրագրի շրջանակում շփման շնորհիվ շատ տեղեկություններ ստացան»:
Նշենք, որ Երևանի պետական համալսարանը պարբերաբար իրականացնում է փոխանակման ծրագրեր, որոնցում ակտիվորեն ներգրավվում են համալսարանի թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները։