- Главная
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԿԻՐԱՌԱԿԱՆ ՔԻՄԻԱ. ԷՔՍՊՈ 2022»-Ը
Май 26, 2022 | 16:02
Կրթություն
Հասարակություն
Ուսանողական
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԿԻՐԱՌԱԿԱՆ ՔԻՄԻԱ. ԷՔՍՊՈ 2022»-Ը
ԵՊՀ բակում Քիմիկի միջազգային օրվան ընդառաջ կայացավ «Կիրառական քիմիա. էքսպո 2022» ցուցահանդեսը, որի շրջանակում Մայր բուհի բակում էին ՀՀ շուրջ 35 արտադրող ընկերության ներկայացուցիչ, ավելի քան 10 000 մասնակից, որոնց թվում՝ 3500 դպրոցական: Ցուցադրության ընթացքում ներկայացվեց քիմիայի կիրառությունը կյանքում, մասնավորապես կենցաղային քիմիայի, խնամքի կոսմետիկ միջոցների, սննդի արդյունաբերության, դեղագործության, հանքահումքային արդյունաբերության և շինանյութի արտադրության, ագրարային, էկոլոգիայի, ինչպես նաև արտադրության որակի վերահսկաման ոլորտներում։
Միջոցառմանը ներկա էր նաև Մայր բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ ԵՊՀ ռեկտորը շրջեց բոլոր տաղավարներով, գնահատեց տաղանդաշատ ուսանողությանը, ընդգծեց նաև, որ ցուցահանդեսի նպատակներից է ամրապնդել գործատու-համալսարան կապը։ Ռեկտորը նաև կարևորեց դպրոց-բուհ համագործակցությունը՝ նշելով. «Էքսպոյի շրջանակում աշակերտները կծանոթանան այն պոտենցյալին ու հնարավորություններին, որ տալիս է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը»։
Հ. Հովհաննիսյանը խոսեց ֆակուլտետի շրջանավարտների հաջողությունների մասին, որոնք լավագույնս երևում են տարբեր տաղավարներում։ «Մենք քիմիական արդյունաբերությանը և քիմիական արտադրությանը որակյալ մասնագետներ ենք տալիս»,- վստահաբար հայտնեց ռեկտորը։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի՝ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի գիտաշխատող Վլադ Վարդապետյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ գրեթե չկա արտադրության որևէ ոլորտ, որը կկարողանա առանց քիմիայի որոշակի բաղադրիչի գոյություն ունենալ կամ կազմակերպել բարձր որակի արտադրություն։
«Մեր գլխավոր նպատակը դպրոցականների հետ աշխատանք տանելն է, ինչի շնորհիվ փորձում ենք ցույց տալ, որ քիմիկի մասնագիտությունը շատ պահանջված է։ Մեր ֆակուլտետի գերխնդիրն է ունենալ կիրառական գիտություն, որը կսպասարկի երկրի արտադրությանը, ինչի արդյունքում կունենանք տեխնոլոգիապես զարգացած և միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրություն։ Այդ ամենի շնորհիվ տեղական արտադրանքը մրցունակ կլինի միջազգային շուկայում»,- նշեց Վ. Վարդապետյանը։
Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր «Երեմյան փրոդաքթս» կաթնամթերքի արտադրության լաբորատորիայի պատախանատու Գայանե Մաթոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեզ հետ բերել ենք հատուկ ռեակտիվներ, որոնց միջոցով մեր հաճախորդներին հերթական անգամ ցույց ենք տալիս մեր արտադրած կաթնամթերքի անարատությունը: Կազմակերպում ենք նաև հյուրասիրություն, և գիտափորձով ցույց տալիս, որ մեր կաթնամթերքը գունային կամ այլ հավելում չի պարունակում, և մեր մթերքները պատրաստվում են բացառապես անարատ կաթից»:
«Երեմյան փրոդաքթս» արտադրամասի փոխտնօրեն Գոռ Գևորգյանն էլ կարևորեց, որ աշխատաշուկայում ներկայացված արտադրանքը լինի բացառապես բնական հումքից, և որ իրենց արտադրանքը համապատասխանում է հենց այդ սկզբունքին:
Զրուցեցինք նաև տարբեր դպրոցներից հյուրընկալված ուսուցիչների հետ։ Նրանք անչափ կարևորեցին ցուցահանդեսը, քանի որ տեսական գիտելիքները գործնականում կիրառելը ամրապնդում է այդ գիտելիքները, ինչպես նաև ընդգծում քիմիայի դերը կյանքի տարբեր բնագավառներում, ինչի շնորհիվ դպրոցականներն առավել մեծ հետաքրքրությամբ կսովորեն առարկան։ Երևանի թիվ 188 դպրոցի՝ քիմիայի ուսուցչուհի Նարինե Բասոյանը աշակերտներին ներկայացնում էր տաղավարները։ Խոսելով այցի նպատակից՝ ուսուցչուհին նշեց, որ եկել են՝ աշակերտներին ծանոթացնելու և մոտեցնելու համալսարանական կրթությանը, ինչպես նաև օգնելու մասնագիտական կողմնորոշման հարցում։
Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջում էին մի տաղավարից մյուսը, կանգ առնում յուրաքանչյուրի մոտ, հարցեր տալիս, լսում ցուցահանդեսի ներկայացուցիչներին։ Երևանի թիվ 188 դպրոցի աշակերտ Ժասմինա Բեժանյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Շատ հետաքրքրված եմ քիմիայով, դրա համար որոշեցի մասնակցել ցուցահանդեսին։ Ձևաչափն ինձ շատ դուր եկավ։ Ամեն ինչ շատ մանրակրկիտ է ներկայացվում»։
Եվրոպական քոլեջի ուսանող Կարեն Դավթյանը, խոսելով իր և կուրսընկերների ստացած տպավորություններից, ասաց, որ նախքան ցուցահանդես գալը բոլորովին այլ պատկերացումներ ունեին և չէին սպասում այսքան հետաքրքիր ընթացքի: «Շատ կցանկանայի, որ այսպիսի ցուցահանդեսներ հաճախ կազմակերպվեին, քանի որ դրանք նպաստում են ոչ միայն գիտելիքների հարստացմանը, գիտության տվյալ ոլորտին խորապես ծանոթանալուն, այլև զբոսաշրջության զարգացմանը: Այսպիսի միջոցառումների շնորհիվ գիտական աշխարհում դրականորեն է ներկայացվում Հայաստանում զարգացող գիտության ընթացքն ու դերը»,- ընդգծեց Կարենը:
Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպել էր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի՝ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնը ՈՒԽ-ի հետ համատեղ՝ նպատակ ունենալով զարգացնել ֆակուլտետի և աշխատաշուկայի միջև գիտատեխնոլոգիական բազմավեկտոր համագործակցությունը, ընդլայնել համագործակցության շրջանակը, ինչպես նաև ապագա ուսանողներին ցույց տալ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի տված գիտելիքները, հնարավորությունները, աշխատաշուկայում մասնագետների պահանջարկը։ Երկօրյա ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին ոչ միայն քիմիայի ֆակուլտետում արված հետազոտությունների արդյունքները, այլև ՀՀ-ում գործող տարբեր կազմակերպությունների արտադրանքը։