- Главная
- Node
- ԿՈՐԵԵՐԵՆԻ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Май 30, 2022 | 16:10
Կրթություն
Ուսանողական
ԿՈՐԵԵՐԵՆԻ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Հայ-կորեական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և համատեղ կրթամշակութային ծրագրերի իրականացման նպատակով կազմակերպվեց կորեերենի բանավոր խոսքի և կորեական ազգային մշակույթի մրցույթ՝ նվիրված հայ-կորեական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Մայր բուհից կորեերենի բանավոր խոսքի մրցույթին մասնակցեցին 6 ուսանող, որոնցից չորսը գրավեցին 2-րդ և 3-րդ հորիզոնականները՝ արժանանալով պատվոգրերի և դրամական պարգևների, իսկ մյուս մասնակիցները՝ հուշանվերների և մասնակցության վկայականների։
Նախքան միջոցառման մեկնարկը «Կորեա հիմնադրամ»-ի մոսկովյան գրասենյակի տնօրեն Իմ Չորուն և Մոսկվայում «Կորեական մշակույթի կենտրոն»-ի ղեկավար Վի Մյոնգջեն հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի, ԵՊՀ-ում «Կորեա հիմնադրամ»-ի կողմից հրավիրյալ դասախոս Ջոն Մունիի հետ։
Լեզվամշակութային միջոցառումը բաղկացած էր 2 մասից՝ կորեերեն բանավոր խոսքի մրցույթից և կորեական ազգային մշակույթի մրցույթից։ Մրցույթի ընթացքում կորեերեն ուսումնասիրող ուսանողները հանդես եկան զեկուցումներով, որոնք հիմնականում կորեական մշակույթի և քաղաքականության թեմաներով էին:
Ժյուրիի կազմում էին Երևանի պետական համալսարանի հրավիրյալ դասախոս Ջոն Մունին, Կորեայի մշակութային կենտրոնի տնօրեն Վի Մյոնգ Ջեն, «Կորեա հիմնադրամ»-ի մոսկովյան գրասենյակի տնօրեն Իմ Չորուն, Բրյուսովի պետական համալսարանի ավագ դասախոս Փաք Հի Սուն, Հայաստանում կորեերեն դասավանդողների միության նախագահ Շուշան Խատայանը։ Վերջիններս մրցույթի ավարտին մասնակիցներին հանձնեցին պատվոգրեր ու մրցանակներ:
Մայր բուհից կորեերենի բանավոր խոսքի մրցույթին մասնակցեցին 6 ուսանող՝ առաջին կուրսի ուսանողներ Միլենա Սարգսյանը և Էլմիրա Նավասարդյանը, երկրորդ կուրսի ուսանող Արևիկ Եսայանը, երրորդ կուրսի ուսանողներ Անի Խաչատրյանը և Լիլիթ Դաթոյանը և ԵՊՀ կորեերենի լսարանում առանձին կազմակերպվող կորեերենի դասընթացի մասնակից Էլիզաբեթ Առաքելյանը։
Կորեերենի բանավոր խոսքի մրցույթին տրվեց մեկ ոսկե (առաջին տեղ), երկու արծաթե (երկրորդ տեղ) և երեք բրոնզե (երրորդ տեղ) մրցանակ: ԵՊՀ ուսանողներից 4-ն զբաղեցրին 2-րդ և 3-րդ հորիզոնականները, ընդ որում՝ Էլմիրա Նավասարդյանը, Անի Խաչատրյանը և Էլիզաբեթ Առաքելյանը կորեերենի բանավոր խոսքի մրցույթին զբաղեցրին 3-րդ հորիզոնականը, իսկ 1-ին կուրսի ուսանող Միլենա Սարգսյանը՝ 2-րդ հորիզոնականը։
Նշենք, որ միջոցառումը կայացավ «Կորեա հիմնադրամ»-ի մոսկովյան գրասենյակի և Ռուսաստանում կորեական մշակույթի կենտրոնի հովանավորությամբ։