- Главная
- Node
- ԾԱՆՐ ՄԻՋՈՒԿՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԵՎ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՊՐՈՑԵՍՆԵՐ. ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ
Май 31, 2022 | 09:55
Կրթություն
Գիտություն
ԾԱՆՐ ՄԻՋՈՒԿՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԵՎ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՊՐՈՑԵՍՆԵՐ. ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Ծանր միջուկների ինքնակամ և հարկադրական բաժանման հազվագյուտ պրոցեսներ» գիտական թեման: Թեմայի հիմնական նպատակն է ուսումնասիրել միջուկների ինքնակամ և պրոտոնների (ֆոտոնների) ազդեցության տակ հարկադրված եռակի բաժանումը և բաժանման իզոմերները: Թեմայի շուրջ զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Անահիտ Բալաբեկյանի հետ:
Ծանր էլեմենտների միջուկները կարող են տրոհվել ինչպես երկու, այնպես էլ երեք և չորս բեկորի: Միջուկները կարող են բաժանվել ինքնակամ և հարկադրաբար, իսկ ծանր միջուկները կարող են բաժանվել իրենց հիմնական էներգիական վիճակից կամ գրգռված վիճակից, որը կոչվում է «բաժանման իզոմեր»:
Անդրադառնալով գիտական թեմայի ուսումնասիրության կարևորությանը՝ Ա. Բալաբեկյանն ընդգծեց. «Մեր գիտական թեմայի շրջանակում ուսումնասիրվելու է միջուկների երեք բեկորների բաժանումը, որը բավականին հազվագյուտ պրոցես է․ այն մոտավորապես 6 կարգով ավելի քիչ հավանական է, քան երկու բեկորի բաժանումը: Ուսումնասիրելու ենք նաև բաժանման իզոմերները:
Աշխատանքային խմբի ղեկավարի խոսքով՝ միջուկում տեղի ունեցող պրոցեսները մինչև վերջ ուսումնասիրված չեն, և միջուկի մասին առկա պատկերացումները համալրող յուրաքանչյուր հետազոտություն շատ կարևոր է։
«Քանի որ միջուկը մեկուսացված չէ, հետևաբար նրանում տեղի ունեցող պրոցեսներն ազդում են նաև մակրոաշխարհի վրա: Մեր ուսումնասիրությունը կարևորվում է հատկապես միջուկում տեղի ունեցող պրոցեսները մինչև վերջ հասկանալու տեսակետից»,- նշեց Ա․ Բալաբեկյանը:
Վերջին տարիներին նշված հազվագյուտ պրոցեսները գիտահետազոտական տարբեր խմբեր ուսումնասիրում են աշխարհի մի շարք երկրներում, սակայն մինչ այժմ հստակեցված չէ այդ պրոցեսի մեխանիզմը, ինչպես նաև գնահատված չէ պրոցեսի հավանականությունը:
Ա․ Բալաբեկյանը, անդրադառնալով հետազոտության ընթացիկ աշխատանքներին, ասաց, որ արդեն իսկ ուսումնասիրել են այդ բնագավառում կատարված բոլոր աշխատանքները, իսկ իրենց աշխատանքի արդյունքում ստեղծվելու է ժամանակակից գիտական երկու սարքավորում։ Նախագծվել և կառուցվել է սարքավորման նախատիպը, որի միջոցով կատարվելու է գիտափորձ՝ ֆոտոնների փնջով եռակի բաժանումն ուսումնասիրելու համար:
Խոսելով թեմայի հետազոտության արդյունքից՝ Ա․ Բալաբեկյանը նշեց․ «Մեր ստացած արդյունքները կհամալրեն միջազգային «EXFOR» փորձարարական գրադարանը։ Փորձարարական սարքավորումները հիմնված են լինելու ցածր ճնշման բազմալարային համեմատական խցերի («LPMWPC») տեխնիկայի և ԱԱԳԼ-ում մշակված կէՎ-անոց էլեկտրոնների ԳՀց ռադիոհաճախականությունների շրջանաձև սկանավորման համակարգի վրա: Արդյունքում ԵՊՀ-ի ուսանողների համար կստեղծվի միջավայր (փորձարարական լաբորատորիա և այն սպասարկող անձնակազմ), որտեղ նրանք կկարողանան համալրել իրենց գիտելիքները փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառում և կատարել գիտահետազոտական աշխատանքներ»:
Գիտական թեմայի ուսումնասիրության աշխատանքներում ներգրավված են ինչպես ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ միջուկային ֆիզիկայի ամբիոնի դասախոսները, այնպես էլ Ա․ Ի․ Ալիխանյանի անվան գիտական ազգային լաբորատորիայի ու Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի գիտաշխատողները:
Մարինե Մկրտչյան