- Главная
- Node
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԹԲԻԼԻՍԻ
Май 31, 2022 | 14:27
Կրթություն
Մշակույթ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԹԲԻԼԻՍԻ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները երկօրյա այց իրականացրին Թբիլիսի; Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում համալսարանականները մասնակցեցին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի «Բազմաձայն երկիր Վրաստանը» գրքի շնորհանդեսին, Վարդատոնին, հանդես եկան երաժշտական և պարային կատարումներով:
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ղեկավար Կարինե Դավթյանը և կենտրոնի սաները Թբիլիսիում մասնակցեցին Վարդատոնին՝ նվիրված Սայաթ-Նովայի հիշատակին: Հյուրերն ու մասնակիցները քայլերթ իրականացրին մինչև Սուրբ Գևորգ եկեղեցի և ծաղիկներ խոնարհեցին Սայաթ-Նովայի գերեզմանին, ինչից հետո մեկնարկեց համերգային ծրագիր, որին մասնակցում էին նաև ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբն ու աղջիկների պարային համույթը:
Մեզ հետ զրույցում Կ․ Դավթյանը նշեց․ «Հանդիպեցինք Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնիաշվիլիի և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրի հետ, քննարկեցինք համագործակցության ծրագրեր, ինչպես նաև որոշեցինք` երբ պատրաստ կլինի Թբիլիսիի հայկական թատրոնի նոր շենքը, մենք այնտեղ կբեմադրենք մեր ներկայացումներից մեկը»։
«Հանդիպեցինք նաև Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի պարային համույթի գեղարվեստական ղեկավար Դավիթ Կիկվաձեի և Թբիլիսիի վիրահայերի նախագահ Մարի Առաքելովայի հետ, ով նսև Վարդատոնի կազմակերպիչն էր։ Կարծում եմ՝ այս այցը էական նշանակություն ունեցավ ապագայում մշակութային համատեղ ծրագրերի իրականացման գործում», հավելեց Կ. Դավթյանը։
Նշենք, որ միջոցառումը նվիրված էր հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: