- Главная
- Node
- ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Июня 03, 2022 | 17:15
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ
«Իմամ Խոմեյնիի գաղափարները և արդի Մերձավոր Արևելքը» խորագրով գիտաժողովը նվիրված էր Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի մահվան 33-րդ տարելիցին:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Միջոցառման կազմակերպումը ոչ միայն կարևոր է գիտաճանաչողական տեսանկյունից, այլև օգնում է ստեղծել այն պարարտ հողը, որի վրա հիմնվելով՝ պետք է զարգանան Հայաստան-Իրան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ հասարակական հարաբերությունները»:
Կարևորելով գիտաժողովին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի և Երևանում ԻԻՀ մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությունը, Վ. Ոսկանյանը նշեց. «Գիտաժողովի շրջանակում ուսանողները կարող են Իրանի դիվանագիտական ներկայացուցիչներին հարցեր ուղղել և ստանալ պատասխաններ»:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վ. Ոսկանյանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Երևանում ԻԻՀ մշակույթի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սեյյեդ Ջավադ Թաբաթաբայի-Ռադը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոսներ Գառնիկ Գևորգյանը, Գարիկ Միսակյանը, ամբիոնի ավագ լաբորանտ Լիանա Պետրոսյանը, իրանագետ Ահարոն Վարդանյանը:
Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումների թեմաներն էին՝ «Իմամ Խոմեյնիի քաղաքական գաղափարախոսությունը և իրանական ազգայնականությունը», «Իմամ Խոմեյնին և նրա գաղափարները», «Իմամ Խոմեյնիի բարոյական և միստիկ գաղափարներն ու հայեցակարգը», «Մշակութային հեղափոխություն» հասկացությունից Իսլամական հեղափոխություն. Իմամ Խոմեյնի», «Իմամ Խոմեյնիի գաղափարական ազդեցությունը ԻԻՀ արտաքին քաղաքականության վրա Հարավային Կովկասում», «Իմամ Խոմեյնիի գաղափարները քաղաքական շիայականության վերաբերյալ և դրանց ազդեցությունը Մերձավոր Արևելքում», «Իմամ Խոմեյնիի քաղաքական հայեցակարգը և Իսլամական հեղափոխության արտահանման կիրառական օրինակներն Իրաքում»:
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ իրանագիտության ամբիոնի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության համատեղ ջանքերով: