- Главная
- Node
- ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ-ԴՊՐՈՑ ԿԱՊԸ
Июня 09, 2022 | 15:59
Կրթություն
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ-ԴՊՐՈՑ ԿԱՊԸ
Հանրակրթական դպրոցների աշակերտները մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելում են ԵՊՀ ֆակուլտետներ, ծանոթանում ենթակառուցվածքային միավորներին, կրթական ծրագրերին ու առարկայացանկին: Այցերի ընթացքում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն աշակերտներին ներկայացնում են նաև տարբեր թեմաներով դասախոսություններ:
Ակնալճի Ա. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելեցին ԵՊՀ տարբեր ստորաբաժանումներ: Սկզբում աշակերտներին ուղեկցեցին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ։ Այցի ընթացքում նրանց ներկայացրին ֆակուլտետում գործող մասնագիտությունները, բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերը: Այնուհետև ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը աշակերտների համար կարդաց տեղեկատվության ստացման, հաղորդման, տարածման և ընդունման եղանակների վերաբերյալ դասախոսություն:
Այնուհետև աշակերտները եղան ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում և հանդիպեցին ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Ալեքսանյանի հետ:
Այցի ընթացքում նրանց ներկայացվեց ընդունելության կարգը, ֆակուլտետի մասնագիտություններն ու դրանց առավելությունները, կրթական ծրագրերը և ֆակուլտետում դասավանդվող առարկաները:
Հանդիպման ընթացքում աշակերտները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք մեծ մասամբ վերաբերում էին քաղաքագետի ու միջազգայնագետի՝ աշխատանքի և մասնագիտական աճի հնարավորություններին։
Աշակերտները շրջեցին նաև գրադարանում, եղան ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում, որտեղ նրանց ներկայացրին կենտրոնի մագիստրոսական ծրագրերը։
Դպրոցականներն այնուհետև այցելեցին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ, որտեղ ծանոթացան ինստիտուտի լաբորատորիաներին, ապա դիտեցին կարճամետրաժ տեսահոլովակ, որը պատմում էր ֆակուլտետի և նրա ենթակառուցվածքային միավորների՝ ամբիոնների ու լաբորատորիաների մասին։ Աշակերտներին ներկայացվեց նաև արտերկրի և Հայաստանի կրթական հաստատությունների ու գիտական կենտրոնների հետ համագործակցությունը:
Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ս. Վարդապետյանը, անդրադառնալով աշակերտների՝ Մայր բուհ այցելության կարևորությանը, նշեց. «Այս այցերը չափազանց կարևոր են. դրանք հնարավորություն են տալիս դպրոցականներին ծանոթանալու համալսարանին, լսելու իրենց ապագա դասախոսներին և անցկացնելու նրանց հետ տարբեր թեմաներով քննարկումներ: Բացի դրանից՝ նմանօրինակ այցերի շնորհիվ աշակերտներն ավելի վստահ են մասնագիտության ընտրություն կատարում»:
Երևանի N168 հիմնական դպրոցի աշակերտները մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ: Գալով համալսարան՝ նրանք հանդիպեցին ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Ղազարյանի և կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Սեդա Մարությանի հետ:
Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան ֆակուլտետի կառուցվածքին, կրթական ծրագրերին և ամբիոնների գործառույթներին:
Երևանի N190 ավագ դպրոցի աշակերտներն այցելեցին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ:
Այցի ընթացքում կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ, «Շուկայագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աննա Հակոբջանյանն աշակերտներին ներկայացրեց մասնագիտության բնույթն ու առավելությունները:
Մեզ հետ զրույցում խոսելով աշակերտների հետ կազմակերպվող հանդիպումների կարևորությունից՝ Ա. Հակոբջանյանն ասաց. «Տարիներ շարունակ մասնագիտության վերաբերյալ հանրակրթական տարբեր դպրոցների աշակերտներին իրազեկելու առիթ ենք ստեղծում: Սա շատ կարևոր խնդիր է, և ես ուրախ եմ, որ ԵՊՀ-ն օժանդակում է դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման հարցում։ Մեր ֆակուլտետն էլ ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացում։ Այս այցերը ինքնանպատակ չեն. դրանք հնարավորություն են տալիս թիրախային լսարանին ներկայացնելու, թե ինչ կարող են սովորել ֆակուլտետ ընդունվելու դեպքում և ինչ դիրք գրավել աշխատաշուկայում»:
Լուսանկարները՝ այստեղ: