- Главная
- Node
- ԵՊՀ-ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀ ԿԱՊՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է․ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Июня 16, 2022 | 16:33
Հասարակություն
ԵՊՀ-ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀ ԿԱՊՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է․ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին հանձնել է շնորհակալագիր՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած «Կիրառական քիմիա. էքսպո 2022» միջոցառումը կազմակերպելու գործում ունեցած ներդրման և աջակցության համար։ Հ. Հովհաննիսյանը և Դ. Երեմյանն այսօր նաև ստորագրել են համագործակցության հուշագիր՝ իրավաբանորեն ամրագրելով երկու կառույցների միջև առկա համագործակցությունը։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը մեծապես աջակցել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի՝ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի և ՈՒԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Կիրառական քիմիա. էքսպո 2022»-ի կայացմանը՝ դառնալով միջոցառման գլխավոր հովանավորը։
ԵՊՀ ռեկտոր Հ․ Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով աջակցության և մասնակցության համար, ընկերության գլխավոր տնօրենին հանձնեց շնորհակալագիր՝ փաստելով, որ ցուցահանդեսի ընթացքում ոչ միայն ներկայացվել են քիմիայի ընձեռած հնարավորությունները, այլև ամրապնդվել է գործատուների հետ կապը։
«Հատկանշական է, որ միջոցառման արդյունքում ևս մեկ անգամ արձանագրեցինք, որ համագործակցության արդյունքում հնարավոր է ունենալ միջազգային չափորոշիչներին համապատասխան արտադրություն և նպաստել մեր երկրի առաջընթացին»,- ասաց Հ․ Հովհաննիսյանը։
«Շնորհակալ եմ մեր գործը գնահատելու համար։ Մեր կազմակերպությունը արդեն 15 տարվա պատմություն ունի, և այս տարիների ընթացքում մենք միշտ քաջալերել ու աջակցել ենք երիտասարդներին»,- նշեց Դավիթ Երեմյանը։
Հիմք ընդունելով համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունը, գնահատելով համատեղ գործունեության փոխշահավետությունը և կողմերի միջև հարաբերությունների զարգացման ձգտումը՝ Հ․ Հովհաննիսյանը և Դ․ Երեմյանն այսօր ստորագրեցին նաև համագործակցության հուշագիր։
ԵՊՀ ռեկտոր Հ․ Հովհաննիսյանի խոսքով՝ կրթության կազմակերպման գործում շատ կարևոր է գործարար աշխարհի մասնակցությունն ինչպես աշխատաշուկայի պահանջները հստակ ձևակերպելու, այնպես էլ նոր խնդիրներ առաջադրելու տեսանկյունից։
Դավիթ Երեմյանն էլ հավելեց. «Մեր ընկերությունը Հայաստանում խոշոր գործատուներից է․ ունենք ավելի քան 2000 աշխատակից: Կնքելով այս հուշագիրը` մենք պատրաստակամություն ենք հայտնում համագործակցելու երիտասարդ մասնագետների կրթության աջակցման, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի ապահովման և ոլորտի գործնական հմտությունների փոխանցման գործում»։
Համագործակցության արդյունքում ԵՊՀ-ն և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը կմիավորեն իրենց ջանքերը՝ սննդի անվտանգության, սննդի արտադրության և տեխնոլոգիաների, ինչպես նաև արտադրության այլ ոլորտների զարգացմանը միտված ծրագրերի իրականացման համար:
Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրեցին, որ համագործակցությունը լայն հնարավորություններ է ստեղծում համալսարանի տարբեր ֆակուլտետների ինչպես շրջանավարտների, այնպես էլ ուսանողների համար՝ աշխատաշուկայում տեղ գտնելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու հարցում: