- Главная
- Node
- ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ
Июня 22, 2022 | 14:33
Կրթություն
Ուսանողական
ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Գիտելիքի դպրոց»-ի շրջանավարտների ավարտական արարողությունը, որի ընթացքում ներկայացվեցին դպրոցի գործունեությունը, կատարված աշխատանքներն ու գրանցած հաջողությունները: Դպրոցի շրջանավարտներին հանձնվեցին հավաստագրեր և շնորհակալագրեր:
Կարևորելով ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում գործող դպրոցի դերը՝ կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն իր խոսքում նշեց. «Շատ ուսանողների համար այսօր խորհրդանշական օր է: Հուսով եմ՝ այս ամիսների ընթացքում ձեռք բերված գիտելիքները կօգտագործեք՝ ի նպաստ մեր երկրի: Ես ուզում եմ վստահ լինել, որ ձեր կյանքի ընթացքում ապրելու եք ազգային արժեհամակարգով, որը ձևավորել է «Գիտելիքի դպրոցը»»:
«Գիտելիքի դպրոց»-ի ղեկավար Լիլիթ Իշխանյանը, անդրադառնալով դպրոցի ստեղծման նախապատմությանը, ասաց. «Դպրոցի գաղափարը 44-օրյա պատերազմում անմահացած, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ բրոնզե մեդալակիր Գևորգ Արշակյանինն էր, սակայն պատերազմը կիսատ թողեց նրա ծրագրերը․․․ Պատերազմից մեկ տարի անց մենք ընկերներով համախմբվեցինք այս նախաձեռնության շուրջ և ծրագիրը կյանքի կոչեցինք: Հատկանշական է, որ դպրոցի 2-րդ փուլի շրջանավարտների շարքում, բացի ԵՊՀ ուսանողներից, կան նաև այլ բուհերի ուսանողներ»:
«Գիտելիքի դպրոց»-ում դասընթացները վարել են ԵՊՀ բարձր կուրսերի ուսանողներն ու շրջանավարտները։ Մեզ հետ զրույցում դպրոցի դասընթացավար Տաթևիկ Դունամալյանը նշեց, որ իր համար պատիվ է եղել դպրոցում դասավանդելը:
««Գիտելիքի դպրոց»-ի շրջանակում ուսումնասիրել ենք Իրանը: Հընթացս փորձել եմ ուսանողներին փոխանցել Գևորգ Արշակյանի գաղափարները, ծանոթացնել նրա մարդկային որակներին և հայրենասիրությանը»,- ասաց նա:
Խոսելով դպրոցում ստացած գիտելիքներից և ընձեռված հնարավորություններից՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող, «Գիտելիքի դպրոց»-ի շրջանավարտ Լիանա Քարամյանն ասաց. «Դպրոցն ինձ տվեց գործնական բազմաթիվ հմտություններ, և դրա շնորհիվ էլ ավելի լավ ճանաչեցի մասնագիտությունս: Այս ամիսների ընթացքում ձեռք բերեցի շատ ընկերներ, որոնք ձևավորել էին այնպիսի մթնոլորտ, որտեղ մեր կարծիքներն ու գաղափարներն էինք փոխանակում: Մենք նաև այցելեցինք տարբեր հեռուստաընկերություններ, տեսանք՝ ինչպես են աշխատում, և դա ևս փորձ էր մեզ համար»:
Հիշեցնենք, որ «Գիտելիքի դպրոց»-ի շրջանակում կգործի նաև ամառային դպրոց, որի ընթացքում նախատեսվում է կազմակերպել երկշաբաթյա դասընթացներ, քննարկումներ, հանդիպումներ, թիմային աշխատանքներ, ինչպես նաև մասնագիտական ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ԵՊՀ-ում առկա մասնագիտությունները, աշխատանքային հնարավորություններն ու հեռանկարները։