- Главная
- Node
- «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԷԼԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Июня 27, 2022 | 15:39
Կրթություն
Մշակույթ
Ուսանողական
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԷԼԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտ, հանրային կապերի մասնագետ և նկարչուհի Էլինե Պողոսյանի հետ զրուցել ենք համալսարանի ընձեռած հնարավորությունների, մասնագիտությունների ընտրության, ապագայի պլանների և այլ թեմաների շուրջ:
Պատմում է ինքը՝ Էլինեն:
Մասնագիտությանս ընտրությունը պատահական չէր․․․
Դեռ մանկուց շատ եմ սիրել հարցեր տալ, շփվել, բացահայտումներ անել և ստեղծագործել: Ուսանողական տարիներին զբաղվել եմ լրագրությամբ: Ինձ համար կարևոր են համալսարանում ստացած կրթությունն ու ձեռք բերած մնայուն արժեքները։ Ես մշտապես ու ամենուր խոսում եմ համալսարանի՝ իմ կյանքում ունեցած կարևորագույն դերի մասին: Մագիստրատուրայում սովորելուն զուգահեռ՝ հաճախել եմ նաև պրոֆեսիոնալ նկարչության դասընթացների:
Լրագրության, հանրային կապերի (PR) և նկարչության հիմքում տեսնում եմ ստեղծագործականությունը։
Իմ խորին համոզմամբ, եթե դու չունես ստեղծագործելու ունակություն, դժվար թե կարողանաս զբաղվել PR-ով կամ անցկացնել այնպիսի հարցազրույց, պատրաստել այնպիսի ռեպորտաժ, որն ընթերցողին կամ լսարանին կհետաքրքրի: Իմ երեք մասնագիտություններն առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեն, բայց իրականում դրանք ստեղծագործելու և լայն մտահորիզոնի հետ են կապված: Ոլորտում առաջատար դիրք գրավելու համար շատ կարևոր է PR-ի ճիշտ գործիքներ կիրառելը։ PR-ն ինձ պետք է գալիս ամենուր՝ նկարչության մեջ, մարդկանց հետ հաղորդակցվելիս, իմ կատարած աշխատանքը լսարանին ներկայացնելիս և այլն։
Իմ ֆակուլտետը ջերմություն հաղորդող ֆակուլտետ է։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստաստուդիայի վիտրաժի նկարազարդումը վստահվել էր ինձ։ Նկարելիս ընտրել եմ ջերմության խորհրդանիշ գույները՝ դեղինը և նարնջագույնը՝ ցույց տալու, որ իմ ֆակուլտետը ջերմություն հաղորդող ֆակուլտետ է և որակյալ կրթություն ստանալու համար՝ լավագույններից մեկը:
Ստեղծագործելիս ինձ մոտիվացնում է գեղեցկություն տարածելու միտքը։
Ես սիրում եմ հոսանքին հակառակ գնալ, ուզում եմ ցույց տալ, որ ամեն ինչում կա դրականը, ու այն պետք է նկատել, տեսնել ու ժամանակ տրամադրել հատկապես արվեստին: Պետք է անել ամեն ինչ, որ արվեստը մեր կյանքում մեծ տեղ ունենա։ Իմ նկարած և մոդելավորած հագուստներն ինձ համար քայլող կտավներ են, իսկ դրանք կրող մարդիկ՝ արվեստ տարածողներ։
Հաջողության հասա, որովհետև ցանկությունս մեծ էր։
Անչափ կարևոր է, որ երբեք չթաքցնես ցանկություններդ։ Իմ ցուցահանդեսին կուրսընկերներս խոստովանեցին, որ երբ նոր էի սկսել նկարել, չէին պատկերացնի, որ այսքան աշխատանք կունենամ, ցուցահանդես կկազմակերպեմ և իրենց էլ կհրավիրեմ: Գիշերները քնելու փոխարեն նախընտրել եմ նկարել: Կարծում եմ՝ եթե ունակ ես և ցանկանում ես արվեստի գործ ստեղծել, ապա այդ ցանկությանը պետք է ստորադասես ամեն ինչ․ դու պարտավոր ես գնալ քո ցանկությունների ետևից:
Կարինե Հովհաննիսյան