- Главная
- Node
- ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Июля 15, 2022 | 15:14
Կրթություն
Հասարակություն
Մշակույթ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Այսօր հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» (ԿՄՕ) մասնակիցները շրջայց են կատարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանում, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
Օլիմպիադայի մասնակիցներին զարմացրել էր «Էրեբունի» թանգարանի՝ ուրարտական պալատական կառույցների կրկնօրինակությամբ կառուցված շենքը: Շրջելով ողջ տարածքով և ուսումնասիրելով թանգարանի մեծ հավաքածուն՝ օլիմպիադայի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ դիտել են հայկական հնավայրերից (Արինբերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ) և Հայաստանի տարբեր շրջաններից հայտնաբերված հնագիտական առարկաները, որոնք վերաբերում են նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և հայկական վաղ ժամանակաշրջաններին:
«Էրեբունի» թանգարան կատարած էքսկուրսիայից հետո օլիմպիադայի մասնակիցներն այցելել են Երևանի Մատենադարան, որտեղ նրանց համար անցկացվել է վարպետաց դաս՝ «Կենսաբանական մեթոդների կիրառումը հայկական ձեռագրերի պահպանման գործում» խորագրով:
Օտարերկրյա հյուրերը տպավորված են եղել՝ տեսնելով հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը՝ «Մշո ճառընտիրը», և հայերեն ամենափոքր ձեռագիրը՝ «Տոնացույցը»։
Նշենք, որ «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» աշխատանքները համակարգում է Երևանի պետական համալսարանը, որն ակադեմիական հեղինակություն վայելող գիտահետազոտական խոշոր կենտրոն է։ ԵՊՀ-ն պարբերաբար իրականացնում է գիտակրթական միջոցառումների կազմակերպչական աշխատանքներ՝ հանրությանը ներկայանալով կրթական մրցունակ ծրագրերով, նշանակալի բացահայտումներով և շարունակական ձեռքբերումներով։ Օլիմպիադայի ծրագրի ղեկավարը ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանն է։
Բացառիկ է ԵՊՀ-ի դերը գիտական աշխարհի հետ հաղորդակցություն ապահովելու, նորարարական մոտեցումներ որդեգրելու, մշակութային արժեքները պահպանելու և հարստացնելու, ինչպես նաև երկրի ընդհանուր առաջընթացն ապահովելու գործում։ Այդ համատեքստում ԵՊՀ-ն լայնորեն համագործակցում է աշխարհի առաջատար բուհերի և գիտահետազոտական կենտրոնների հետ։