- Главная
- Node
- ԿԱՅԱՑԵԼ Է «PSI CHI» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՊՀ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏԱՐԵԿԱՆ ՆԻՍՏԸ
Июля 19, 2022 | 16:14
Կրթություն
Գիտություն
ԿԱՅԱՑԵԼ Է «PSI CHI» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՊՀ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏԱՐԵԿԱՆ ՆԻՍՏԸ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում կայացավ «Psi Chi» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի («Psi Chi YSU Armenia») տարեկան նիստը:
Նիստի նպատակն էր քննարկել նոր նախագծեր և ներկայացնել վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվություն։
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, «Psi Chi» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, հ.գ.դ., պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, ներկայացնելով միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ստեղծման նպատակը և գործունեության առանձնահատկությունները, կարևորեց «Psi Chi» միջազգային կազմակերպության միջոցով ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների հետազոտական աշխատանքների՝ միջազգային չափանիշների համապատասխանեցման հնարավորությունը։
«Այս ամենի մասին վկայում է կազմակերպության աշխարհագրությունը և աշխարհի 1152 համալսարաններում ներկայացված լինելը»,- ընդգծեց Հ. Ավանեսյանը։
«Psi Chi» հայաստանյան բաժնի խորհրդատու, հ.գ.թ., դոցենտ Դիանա Սարգսյանը, խոսելով միջազգային կազմակերպության հետ համագործակցության ձեռքբերումների, ուսանողների գիտական և հետազոտական ակտիվության, նախաձեռնությունների և հետագա անելիքների մասին, փաստեց, որ կազմակերպությունում ներգրավված լինելը հոգեբանների համար ստեղծում է մասնագիտական նոր հեռանկարներ, որոնք կնպաստեն ԵՊՀ-ում հոգեկան առողջության ոլորտի մասնագետների համախմբմանը։
«Հոգեկան առողջության ոլորտում որակավորման մասնագիտական ճանապարհը պետք է սկսել հենց ուսանողական տարիներից, ուստի «Psi Chi» միջազգային կազմակերպությունը մեծ հնարավորությունների հարթակ է»,- ասաց Դ. Սարգսյանը։
Հանդիպման ընթացքում միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի անդամ Անի Գալայճեանը ինտերակտիվ քննարկում անցկացրեց հոգեկան առողջության, անձի ներդաշնակության և այս ամենն ապահովելու գործնական քայլերի մասին։ Նա «Psi Chi» հայաստանյան բաժնի մասնակիցներին մանրամասն ներկայացրեց «7 քայլ ամբողջական բուժական մոդելը»՝ շեշտադրելով մարդու հոգեկան առողջության պաշտպանության բազմաթիվ հարցադրումներ։ Անի Գալայճեանը մանրամասնեց, որ մարդկանց հոգեկան ցավի, վշտի, ագրեսիայի և բացասական այլ ապրումների հաղթահարումը հնարավոր է իրականացնել՝ զարգացնելով հուզական ինքնատիրապետումը։
Հիշեցնենք, որ 2020 թ. ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում հանդիսավորությամբ բացվել է «Psi Chi» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը։ «Psi Chi» ընկերակցությունը հիմնադրվել է 1929 թվականին: Ընկերակցության առաքելությունն է համագործակցել հոգեբան գիտնականների և հոգեբան ուսանողների հետ՝ ստեղծելով միջազգային կապեր մասնագետների միջև և խթանելով փորձի փոխանակումը: